կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-28 15:42
Քաղաքական

Բացարձակապես ճնշում չի լինելու, կլինի, նոր կխոսենք դրա մասին. ՎՊ նորընտիր նախագահ

Բացարձակապես ճնշում չի լինելու, կլինի, նոր կխոսենք դրա մասին. ՎՊ նորընտիր նախագահ

Նախևառաջ` թիրախները որոշելիս պետք է ուսումնասիրել այսօրվա դրությամբ տեղի ունեցող գործընթացները. Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Վերահսկիչ պալատի նորընտիր նախագահ Լևոն Յոյլանը: «Վերահսկիչ պալատի աշխատանքներին ծանոթ չեմ, մանրամասն կծանոթանամ աշխատանքներին, և թիրախների մասին հրապակայանորեն կհայտարարենք: Մենք ունենք Ազգային ժողովի կողմից հաստատված ծրագիր, ունենք հնարավորություն, որը թույլ է տալիս ինքնուրույն ծրագրեր ու թիրախներ մշակել, այդ ամենի մասին կտեղեկացնենք»,- նշեց նա:

ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանի մասին հարցերին Յոլյանը չցանկացավ պատասխանել: «Կոռեկտ չի լինի, որ ես խոսեմ նախկինի մասին: Կան Սահմանադրության փոփոխությունները, բոլոր հնարավորությունները կան կայացնել Վերահսկիչ պալատը՝ որպես անկախ, վերահսկիչ մարմին Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց նա:

Հարցին` եթե լինեն կարևորագույն բացահայտումներ, կհրապարակվե՞ն, թե՞ կվախենա, Յոլյանն արձագանքեց. «Մենք բացահայտումներ պետք է անենք մեր փաստաթղթերով, ստուգումների հիմնավորումն ու խորությունը պետք է ապահովենք, իսկ հանրությունը, նյութից ելնելով, կարող է հետևություն անել, թե ինչ է կատարվում»:

Նա հորդորեց իր կատարած աշխատանքի մասին հիմա չխոսել, այլ սպասել որոշ ժամանակ: «Կխոսենք մեկ տարի հետո, թե իմ ղեկավարման ժամանակ ինչպիսի գործեր ու արդյունքներ կլինեն, ինչպիսի գումարներ կներմուծվեն պետական բյուջե»,- ասաց ՎՊ նոր նախագահը:

Դիտարկմանը, թե տպավորություն կա, որ ՎՊ-ի աշխատանքները, «բացահայտումները» վերևներից են թելադրվում, Յոլյանն արձագանքեց. «Այդ տեղեկությունը ձեզ որտեղի՞ց է տրվել: Այսօրվա դրությամբ բավական քանակով գործեր կան հարուցված, որ դատախազությունում, Քննչական կոմիտեում ընթացքի մեջ են»:

Յոլյանը հորդորեց նայել դեպի ապագա, ապա հավելեց, որ խոստումներ տալն ամենահեշտ բանն է, ինքը կփորձի իր աշխատանքով ապացուցել, որ լրագրողները և վատատեսները սխալվում են:

Հարցին, թե մտավախություն չկա՞, որ իր վրա ճնշումներ կլինեն վերին օղակներից, պատասխանեց. «Ոչ, ոչ մի, բացարձակ, մտավախություն չկա: Բացարձակապես ճնշում չի լինելու, կլինի, նոր կխոսենք դրա մասին»:

Հարցին, թե ներքին պայմանավորվածությո՞ւն էլ չկա` որ գործերին պետք է անդրադառնա, ինչ «բացահայտումներ» պիտի արվեն, Յոլյանը պատասխանեց. «ՎՊ-ի կայացումը խիստ կարևոր է, եկեք խոսենք գործերի մասին, մենք կանխատեսումներով չենք զբաղվում»: