կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-27 20:29
Մշակույթ

«Զվարթնոցը» փրկելու նոր նախագիծ

«Զվարթնոցը» փրկելու նոր նախագիծ

Առջևում ընտրություններ են: Նախընտրական շրջանը շուտով կուղեկցվի նախընտրական ասֆալտապատմամբ, ինչպես նաև նախընտրական, ինչպես սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էր ասում, «բարեգործությամբ» /նույն` կաշառքը/: Սակայն ընտրությունները նաև երկրորդ կողմ էլ ունեն` շատերը սպասում են, որ դրանք  ավարտվեն ու նոր միայն կարևոր որոշումներ ընդունեն:

«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի բախտն այս դեպքում չի բերում. կառույցը քանդել-պահպանելու արանքում է մնացել: Տեխնիկան, որով դեռ նախորդ տարի սկսել էին ապամոնտաժման աշխատանքները /դրանք կիսատ մնացին հասարակության ճնշման հետևանքով/, դեռ օդանավակայանում է, սակայն այն, բարեբախտաբար, մի քանի ամիս է` գործի չի դրվում:

Դեռ անցած տարի շենքի ճարտարապետներից Ժորժ Շեխլյանը, ով այժմ Ֆրանսիայում է ապրում, մի քանի օրով ժամանել էր Հայաստան և ներկայացրել օդանավակայանի «փրկության» նախագիծը, ըստ որի` անհրաժեշտ էր ընդամենը շենքն ամրացնել ու վերանորոգել: Ավելին` ճարտարապետն ասում էր, որ «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոները երբևէ չի լսել իրեն՝ որպես «Զվարթնոց»-ի համահեղինակ ճարտարապետի, և չի քննարկել իր կողմից ներկայացված նախագիծը մասնաշենքի վերակառուցման և գործարկման վերաբերյալ:

Ճարտարապետը նոր նախագիծ է ներկայացրել` օդանավակայանի ընդլայման նախագիծ, ըստ որի` պահպանվում է կլոր շենքը: Սա ճարտարապետի` «Զվարթնոց»-ի հին մասնաշենքի ընդլայնման չորրորդ նախագիծն է:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը ««Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին 24.12.2015 թվականին տվել է հին համալիրի օղակաձև վթարային էստակադայի ապամոնտաժման` թիվ 01/18-Ե-1157-82 թույլտվությունը: 

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հիմնադրվել է 1961թ., նոր շենքը (կլոր) նախագծվել է 1974թ., շահագործման է հանձնվել 1982-ին, ճարտարապետներն են` Ա. Թարխանյանը, Ժ. Շեխլյանը, Ս. Խաչիկյանը, Լ. Չերքեզյանը: Օդանավակայանի նոր մասնաշենքը շահագործման է հանձնվել 2011-ի աշնանը:

ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի հավաստմամբ` այս պահին «Զվարթնոց»-ի քանդման աշխատանքները կանգ են առել, ինչը, սակայն, չի կարող երաշխիք լինել, որ անցել է քանդմանը վտանգը: «Որոշակիություն չկա «Զվարթնոցի» վերաբերյալ, ինչը երևի այս` նախընտրական ժամանակների հետ է կապված: Սակայն առաջիկայում պետք է նորից անդրադառնանք խնդրին և ասենք, որ, ֆունկցիան փոխելով, կարող ենք կառույցը փրկել: Եթե բոլոր հին շինությունների հետքերը ջնջեք, տարիներ հետո ի՞նչ ենք անելու»,- ասաց Մինասյանը:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ Հայաստանի ճարտարապետների միությունը, ՀՀ հանրային խորհուրդը, «Հայնախագիծ» ՓԲԸ-ն, Ճարտարապետների միջազգային և համահայկական միավորումները, «Զվարթնոց» օդանավակայանի ճարտարապետական նախագծի հեղինակներն ու նրանց ժառանգները դեմ են շենքի ապամոնտաժմանը, սակայն սրան, կարծես, որևէ կարևորություն չի տրվում:

Մեկ փաստ էլ հիշեցնենք` դեռ 2012թ. դեկտեմբերին Վիեննայի 19-րդ Ճարտարապետական կոնգրեսի շրջանակում ընդունվել էր բանաձև, որով ՀՀ կառավարությանը կոչ էին արել պահպանել և առանց ձևափոխությունների վերականգնել, պատմական հուշարձանների շարքում ընդգրկել խորհրդային մոդեռնիզմի նմուշները, այդ թվում` «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքը:  Ի պատասխան` ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ալեքսան Կարապետյանը 2013թ. հունվարի 15-ին նամակ էր հղել Վիեննայի ճարտարապետական կենտրոնի ղեկավար Դիտմար Շտեյներին և հավաստիացրել, որ «Զվարթնոցը» գտնվում է պետության և ղեկավարության ուշադրության ու հոգածության ներքո: 

Ի դեպ, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էլ նշել էր, որ շուտով օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգան, ըստ որի` օրենքը կարգելի հին շենքերը քանդելը:

«Զվարթնոցի» քանդել-չքանդելու հարցը, փաստորեն, կորոշվի ընտրություններից հետո: