Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունն այսօր հաստատեց «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների կողմից ներկայացված` 2013-2017 թվականների մաստեր պլանը:
Նախագիծը ներկայացնող` ՔԱԳՎ պետ Արտյում Մովսիսյանը նշեց, որ նախատեսվում է կատարել շուրջ 101,1 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ, որի արդյունքում նախատեսվում է սպասարկման որակի բարձրացում, նոր տեխնոլոգիաների ներգրավում, «Զվարթնոց» օդանավակայանի կառավարչի կողմից իր պայմանագրային պարտավորությունների առավելագույնս մեծ ծավալով ու ճշգրիտ կատարում, ուղևորների սպասարկման ընթացակարգերի շարունակական պարզեցում, որոնք կարող են հանգեցնել ուղևորափոխադրումների աճի, ինչը դրական ազդեցություն կունենա տնտեսության զարգացման վրա:
«Քանի որ կառավարության կողմից ընդունված «բաց երկինք» քաղաքականության շնորհիվ ակնկալվում է հաջորդ հինգ տարիների ընթացքում ուղևորահոսքի ավելի մեծ աճ արձանագրել, դրանից ելնելով` պլանավորում է ընդլայնել նստեցման հատվածը: Դրա շնորհիվ նստեցման ելքերի քանակը կավելանա ևս 4-ով' կավելանան երկու ուղևորակամրջակ և ուղևորասանդուղքով նստեցման երկու կայանատեղի: Այսպիսով, ընդհանուր առմամբ, օդանավակայանը կունենա 10 նստեցման ելք' 7 ուղևորակամրջակ և ուղևորասանդուղքով նստեցման 3 կայանատեղի: Օդանավակայանի ուղևորասպասարկման թողունակությունը կհասնի տարեկան չորս միլիոնի, հնարավոր կլինի միաժամանակ սպասարկել 10 չվերթ»,- ներկայացրեց Արտյոմ Մովսիսյանը:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հարակից տարածքի զարգացման համար մաստեր պլանի գլխավոր բաղադրիչներից է ազատ տնտեսական գոտու ստեղծումը, ինչը ևս ներառված է հաստատված փաստաթղթում:
Հաջորդ կետը վերաբերում է «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրի մոտ արդեն իսկ կառուցված սառնարանային համալիրին: Այն ունի ընդհանուր` 2200 քառակուսի մետր տարածք, 3 սառնարան' 0-8 ցելսիուս աստիճան, խոնավեցմամբ' 440 տոննա ընդհանուր տարողունակությամբ, և 2 սառցարան' 20 աստիճան սառեցմամբ, 100 տոննա ընդհանուր տարողունակությամբ:
Մաստեր պլանում ներառված է նաև Նախագահական համալիրը, որն ունի ընդունելությունների, պատվիրակությունների և լրագրողների համար նախատեսված տարբեր սրահներ, կառավարության անդամների համար գրասենյակներ, հագեցած է իր սեփական հաշվառման, միգրացիոն, անվտանգության, վիզաների և մաքսային կետերով: Շենքը օգտագործվում է հանրապետության նախագահի, կաթողիկոսի, Ազգային ժողովի նախագահի և վարչապետի կողմից որպես ուղևորային համալիր: Այն նաև օգտագործվում է կարևոր հյուրեր, հատկապես` պետական գործիչներ ընդունելու համար:
Նախատեսվում է նոր ուղևորային համալիրի մոտակայքում կառուցել նոր շենք: Այն կօգտագործվի պետական մարմինների, օրինակ, մաքսային, սահմանապահ ծառայությունների, ոստիկանության, անձնագրերի և վիզաների վարչության, պետական բնապահպանության ու սանիտարահիգիենիկ ծառայությունների և այլնի կողմից: Կլինեն նաև այլ ընկերությունների կողմից վարձակալման ենթակա տարածքներ:
Օդանավակայանի տարածքում գտնվող շենքերում և հանրակացարաններում դեռևս ԽՍՀՄ տարիներից բնակվող բնակիչների համար Երևանի Հարավարևմտյան թաղամասում կառուցվում են 7000 քմ մակերես և 176 բնակարան ունեցող բնակելի շենքեր, որոնք շահագործման կհանձնվեն 2014 թվականին:
լուսանկարը` panorama.am-ի: