Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության նախագահ Արմինե Հովհաննիսյանին պարգևատրեց նախարարության Ոսկե հուշամեդալով:
ԿԳ նախարարը նշեց, որ նախարարությունը Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո իր բարդ և հետևողական աշխատանքի ընթացքում ունեցել է գործընկեր կառույցներ, որոնք նախարարության հետ կիսել են և՛ հաջողությունները, և՛ դժվարությունները: Այս իմաստով, ըստ Մկրտչյանի, կան թե՛ միջազգային, թե՛ տեղական` շատ վստահելի ՀԿ-ներ, որոնց վրա հենվում և աշխատում են:
«Այստեղ առանձնահատուկ տեղ ունի «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը, որը հանգիստ և վստահ մտավ կրթության ոլորտ, վերցրեց բավականին հետաքրքիր մի դաշտ, որը մեր կրթական ծրագրերում, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, բացակայում էր, և հետևողական աշխատանքի շնորհիվ կարողացավ իրականացնել տեսանելի աշխատանք: Եթե այսօր մենք ունենք հարյուրավոր մասնագետներ, ովքեր վերապատրաստված են, կարող են ազատ տիրապետել քաղաքացիական կրթությանը, տնտեսագիտությանը և ֆինանսական կրթության բոլոր ծալքերին, պետք է շնորհակալություն հայտնենք այս կազմակերպությանը»,-ասաց նախարարը` հավելելով, որ աշխատանքը, որ նրանք կատարել են տարիներ շարունակ, արժանի է գնահատանքի:
Արմինե Հովհաննիսյանն էլ հիշեց, որ Հայաստանի անկախության հռչակումից հետո կազմակերպությունը ԱՄՆ-ից եկավ Հայաստան` որպես միջազգային կազմակերպության մասնաճյուղ: Կազմակերպության ղեկավարները հասկացել էին` կազմակերպությունը երկու բան պետք է անի` հասկանա, թե օրվա հրամայականը որն է, և ունենա հեռատեսություն, որպեսզի կարողանա ճիշտ ծրագրել իր աշխատանքները:
«Քանի որ ընկերությունը որդեգրել էր ազատ շուկայական հարաբերությունների տնտեսությունը և, տեսնելով Հայաստանում օրեցօր աճող փոքրիկ սեղանիկները, հիշո՞ւմ եք` ամեն փողոցի վրա մի սեղանիկ կար` մաստակ, շոկոլադ էին վաճառում, այդ ժամանակվանից կազմակերպությունը հասկացավ` պետք է կրթել մի սերունդ, որը տնտեսական առումով կլինի մրցունակ աշխարհի այլ երիտասարդների հետ: Ես շատ լավ հիշում եմ` այդ տարիներին, երբ մոտենում էինք դպրոցի տնօրեններին և պատմում ծրագրի մասին, ասում էին` դուք ուզո՞ւմ եք մեր երեխաներին սպեկուլյացիա սովորեցնել: Սակայն պետք է նշեմ, որ երեխաները դասերից փախչում էին, բայց դասերից հետո գալիս էին, որպեսզի կազմակերպության դասընթացներին մասնակցեն, որովհետև նրանց հետաքրքիր էր փող վաստակելու գաղափարը»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա նշեց նաև, որ ուրախ է` 25 տարի անց պետական մակարդակով ասվում է, թե ծրագիրն ինչքան կարևոր է Հայաստանի համար: