Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի շրջանակի հստակեցումից հետո առանձին քաղաքական գործիչներ ու փորձագետներ զարմանքով «հայտնագործել» են, որ առաջադրված կուսակցությունները ոչ թե իշխանափոխության, այլ խորհրդարան անցնելու նպատակ են դրել:
Հասարակության մեծ մասին իսկապես զարմացնում է իշխանության այլըտնրանքային, ընդդիմադիր ուժերի հռետորաբանության մեջ գործող իշխանությանը հեռացնելու նախկին արմատականության բացակայությունը: Սակայն սրանք ստերեոտիպային ընկալումներ են, որոնք բխում են անցած 25 տարիներին Հայաստանում գործած քաղաքական և ընտրական համակարգերով, ինչպես նաև ընդդիմության անփոփոխ, ինչպես անցած ընտրությունների պատմական օրինաչափությունն է ցույց տալիս՝ անարդյունք գործելաոճով ու հռետորաբանությամբ:
Հայաստանում անցում է կատարվում խորհրդարանական կառավարման համակարգի: Քաղաքական որոշումների կայացման կենտրոնը 2018թ. ապրիլից ոչ թե Բաղրամյան 26-ն է լինելու, այլ ԱԺ-ն: Ընտրվել է ԱԺ համամասնական ընտրության այնպիսի մոդել, որով որևէ առանձին քաղաքական ուժի կողմից իշխանություն վերցնելը երաշխավորվում է միայն այն դեպքում, երբ ընտրությունների արդյունքում այն ստանում է առնվազն 50+1 տոկոս վստահության քվե, որը բոնուսային համակարգով ավտոմատ կերպով վերածվում է 54 տոկոսի: Մնացած բոլոր կոնֆիգուրացիաների դեպքում ամեն ինչ որոշվելու է հետընտրական պրոցեսներում: Եթե նույնիսկ որևէ առանձին ուժ ձեռք է բերում հարաբերական մեծամասնություն, այսինք չնայած 50+1 տոկոս քվեն չի ապահովում, բայց մյուսներից ավելի շատ ձայներ է ստանում, դեռ երաշխավորված չէ, որ նա իշխանություն է ստանում: Աժ անցած մյուս ուժերը կարող են բանակցությունների արդյունքում կազմել կոալիցիա, ստանալ ԱԺ մանդատների կեսից ավելին, կառավարության կաբինետ ձևավորելու իրավունքը, և առաջին հորիզոնականն զբաղեցնող ուժը մեխանիկորեն հայտնվում է ընդդիմադիրի կարգավիճակում: Ամենակարևորն այն է, որ ի դեմս նախագահի ինստիտուտի՝ չի լինելու ուժային այն կենտրոնը, որը կհակակշռի ԱԺ-ում հաստատվող նոր մեծամասնությանը և դե ֆակտո կպահի իշխանությունը:
Սա նշանակում է, որ այս քարոզարշավին ընդդիմադիր ուժերի համար առաջնային չէ իշխանափոխության համար պարտադիր թիրախավորել որևէ անձի՝ տվյալ դեպքում նախագահին: Բավարար է լինելու նվազագույնը թույլ չտալ, որպեսզի իշխանական ուժը ստանա 50+1 տոկոս քվե: Այդ խնդիրը լուծելուց հետո այլընտրանքային քաղաքական ուժերի կամքից ու կոնսենսուսային որոշումների գնալու կարողությունից է միայն կախված լինելու իրականացնե՞լ ամբողջական իշխանափոխություն, թե՞ ոչ: Թե ինչպես է այս գործընթացն աշխատում որպես իշխանափոխության մեխանիզմ, կարելի է տեսնել անցած տարվա հոկտեմբերի ՏԻՄ ընտրություններից հետո Վանաձորի համայնքային իշխանությունում տիրող իրադրության օրինակով: Իսկ այդ իրադրությունն առաջացել է այն պատճառով, որ ավագանի անցած ուժերից երեքը՝ մեծամասնություն ունեցող կոալիցիա են կազմել և տապալում են հրավիրվող ավագանու նիստերը: Ընդ որում՝ կոալիցիա են կազմել այնպիսի ուժեր, որոնց այլ հանգամանքներում ուղղակի հնարավոր չէր պատկերացնել նույն հարթակում:
Համակարգային իշխանափոխություն է լինելու նույնիսկ այն դեպքում, եթե ԱԺ անցնող այլընտրանքային ուժերից մեկը կամ մի քանիսը կոալիցիա կազմեն, օրինակ, հարաբերական մեծամասնություն ունեցող ուժի հետ: Որովհետև դա լինելու է իրական կոալիցիա և ջարդելու է մեկ կենտրոնում քաղաքական որոշումներ կայացնելու արատավոր ավանդույթը, քաղաքական մենաշնորհը: Հարաբերական մեծամասնություն ունեցող ուժը կամ պետք է հաշվի նստի կոալիցիայում ընդգրկվող փոքր խմբակցության կարծիքի հետ, կամ պարզապես կկորցնի իշխանությունը:
Այլ կերպ ասած՝ ստեղծվել է անգամ ԱԺ մուտք գործելով թե անձերի կամ կոնյուկտուրայի, թե ձևի կամ բովանդակության առումով՝ իշխանություն փոխելու իրական հնարավորություն: Սերժ Սարգսյանին հեռացնելն այլևս «իդեա ֆիքս» չի դարձվում այն պարզ պատճառով, որ դրա հրատապ անհրաժեշտությունը չկա: Եթե կա այդ ընդհանուր համոզմունքը, ապա խորհրդարան անցնելուց հետո այն կարող է, օրինակ, դարձվել միավորման նպատակ: Որպեսզի ոչ միայն հասունացվի, այլև ստեղծվի նման հնարավորություն, նախ պետք է ամեն ինչ անել Աժ-ում՝ հնարավորինս պատկառելի ներկայություն ապահովելու համար: Իսկ որ մասնակից քաղաքական ուժերից ոչ ոք այս պահի դրությամբ բացարձակ մեծամասնություն կազմելու ունակ չէ, պայմանավորված է մի քանի գործոնի համադրմամբ: Առաջինը նոր ընտրական համակարգն է, որն էապես նվազեցնում է ընտրատեղամասում կեղծարարության հնարավորությունը: Այսինքն իշխանությունը զրկվում է շատ կարևոր և ավանդաբար աշխատած մեկնարկային «առավելություններից» մեկից: Երկրորդ՝ քաղաքական ուժերի նկատմամբ տիրում է համընդհանուր հանրային անվստահություն, որն ընտրակեղծարարական մեխանիզմների նվազման պարագայում դառնում է քաղաքական կարևոր գործոն: Երրորդ՝ այն ռեսուրսները, որոնք ընտրատեղամասից դուրս սովորաբար աշխատում էին իշխանության անվերապահ հաղթանակն ապահովելու համար, զգալիորեն ցրվել են և հնարավոր չէ այլևս խոսել այն մասին, որ դրանք միանշանակ աշխատելու են իշխանության համար: Սա մեծացնում է մրցակցությունը, նույնիսկ, եթե կան հիմնավոր մտավախություններ, որ այն ընթանալու է ապաքաղաքական և անբարո մեթոդներով:
Այս հանգամանքները կարող են թելադրել նաև յուրօրինակ, նախկիններից տարբերվող ընտրարշավ, որը, իշխանափոխության նախկին մաշված ստերեոտիպերով առաջնորդվող այդ քաղաքագետների ու փորձագետների համար գուցե պակաս զարմանալի չի թվա: Բանն այն է, որ բոլոր ուժերն էլ հասկանում են, որ քանի որ բացարձակ մեծամասնություն կազմելու ունակ ուժ չկա, ԱԺ անցնելու հարցը լուծելուց հետո մեծ է հավանականությունը, որ կանգնելու են մեծամասնություն ձևավորելուն ուղղված բանակցությունների փաստի առջև: Իսկ ռացիոնալիզմը հուշում է, որ անիմաստ ու անհեռատես կլիներ ի սկզբանե այրել կամուրջները ներկայիս մրցակից, իսկ ընտրություններից հետո պոտենցիալ դաշնակից ուժերի հետ: Այսինքն կարող ենք ականատես լինել մի ընտրարշավի, երբ մասնակից ուժերից շատերը գործում են ոչ թե «ընդդեմ»-ի, այլ «հանուն»-ի տրամաբանությամբ՝ այդ կերպ փորձելով հստակեցնել հետագա պոտենցիալ գործընկեր ուժերի շրջանակը: Եվ սա արդեն լավ է:
Գևորգ Դարբինյան