Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վերջերս ձևավորված ՕՐՕ դաշինքի անդամ Վարդան Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի ձերբակալումը քաղաքական ենթատեքստ չունի, սակայն եթե այսօր դատարանը նրա նկատմամբ կալանքի որոշում կայացնի, այդ ժամանակ հաստատ քաղաքական էլեմենտ կտեսնենք. Yerkir.am-ին ասաց Արա Օսկանյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը՝ նշելով, որ իր պաշտպանյալը կասկածվում է միջին ծանրության հանցագործություն կատարելու մեջ, ինչը որևէ կերպ հիմնավորված չէ:
Նշենք, որ Օսկանյանի որդին և նրա ընկերը՝ Հրանտ Սիրադարյանը, այժմ գտնվում են Աբովյան քաղաքի ձերբակալվածների պահման վայրում: Այսօր` ժամը 18:00-ին, լրանում է Արա Օսկանյանի ձերբակալման 72 ժամը, և Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը պետք է որոշի երիտասարդի խափանման միջոցի ընտրության հարցը:
Աթանեսյանը հայտնեց, որ իր պաշտպանյալն արդեն առերեսվել է իր դեմ ցուցմունք տված անձի հետ, սակայն քննչական գործողության վերաբերյալ մանրամասներ չհայտնեց: Նրա խոսքով՝ կատարվածը քրեական հանցագործության հատկանիշներ չի պարունակում:
Ի դեպ, պարզվում է` Արա Օսկանյանի հետ ձերբակալված Հրանտ Սիրադարյանը 18 տարեկան է և ավագ դպրոց է հաճախում: Փաստաբանի խոսքով՝ տղան քննիչներին խնդրել է իրեն ազատ արձակել, որպեսզի դպրոց գնա: Սիրադարյանի շահերը ներկայացնում է փաստաբան Արմեն Սողոմոնյանը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ 2017թ. փետրվարի 17-ին ոստիկանությունից ստացվել են քաղաքացու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն առ այն, որ 2017թ. փետրվարի 16-ին իր ընկեր Հ.Սիրադարյանը, և նրա հորաքրոջ որդին` Ա.Օսկանյանը, իրենից պահանջել են վերադարձնել պարտքի գումարը, որի ընթացքում իր կամքին հակառակ իրեն պահել են ավտոմեքենայի մեջ և թույլ չեն տվել դրանից դուրս գալ` առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
Քննությամբ ձեռք բերված նախնական տվյալներով` փետրվարի 16-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի «Ռոբերտո» խանութ-սրահի հարակից հատվածից Ն.Բերբերյանին նստեցրել են ավտոմեքենայի մեջ, գնացել Աբովյան քաղաք և, նրա կամքին հակառակ և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով, ապօրինաբար զրկել ազատ տեղաշարժվելու իրավունքից և պահանջել վերադարձնել 1.500.000 ՀՀ դրամ պարտքը:
Փետրվարի 17-ին Ա.Օսկանյանը և Հ.Սիրադարյանը ձերբակալվել են՝ ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արաք կատարելու կասկածանքով: