Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Արարատ ցեմենտ» գործարանի ջրառի ու ջրօգտագործման հետ կապված հարցերում քաղաքական ենթատեքստ չկա, եւ շահարկումները անհիմն են ու անտեղի. լրագրողներին այսօր ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը' անդրադառնալով վերջին օրերին գործարանի' տեխնիկական նպատակներով օգտագործվող ջուրը կտրելու խոսակցություններին:
Այդ խոսակցությունները որակելով որպես անհիմն, անտեղի եւ անհեթեթ' Արամ Հարությունյանը ներկայացրեց, թե նախարարությունն ինչպիսի գործառույթներ է իրականացնում Արարատյան դաշտավայրում' կապված դրված խնդիրների, օրենսդրական փոփոխությունների, ստեղծված իրավիճակի հետ:
Նախարարությունը 2 մարզերում' Արմավիրի եւ Արարատի, ունեցել է տարբեր հանդիպումներ ջրօգտագործողների հետ, նրանց ներկայացրել խնդիրը, ձեռք են բերվել պայմանավորվածություններ եւ զուգահեռաբար հայտարարվել է, որ այն ջրօգտագործողները, ովքեր չխախտեն օրենքները եւ նորմատիվները, ինչպես նաեւ պայմանավորվածությունները, օրենքի ուժով կենթարկվեն պատասխանատվության:
Խնդրո առարկա հարցի վերաբերյալ նախարարը նշեց, որ դեռեւս դեկտեմբեր ամսից «Արարատ ցեմենտ» գործարանում տեսչական ուսումնասիրություն է իրականացվում, այդ ընթացքում ո'չ իրենց համար, ո'չ իրենց կողմից որեւէ խոչընդոտներ չեն ստեղծվել, եւ նախարարի համար անհասկանալի է բարձրացված աղմուկը:
«Մեր թեստավորման միջոցառումը վերաբերել է, ընդհանրապես, ցամաքուրդային համակարգին (դրենաժային համակարգ), որը ջրային հորիզոնների իջեցման համար է: Այստեղ, եթե ամբողջ պատկերին նայեք, կտեսնեք, թե որտեղից է առաջանում համակարգը, ինչպես է բաշխվում, եւ ինչպես են օգտագործվում այս ջրերը: Այս ձեւավորման աղբյուրին նայելիս կտեսնեք, որ ինչ-որ պահի, երբ գալիս ու հասնում է ինչ-որ բաժանարար կետի, արդեն ջրերի ծավալները կազմում են մինչեւ 2000-3000 խորանարդ մետր: Գործարանի ջրօգտագործման պահանջարկը անցյալ տարի կազմել է 15 լիտր/վայրկյան: Ու այստեղ այս երկու խնդիրները կապել միմյանց, պարզապես ինձ համար մասնագիտական տեսանկյունից անհասկանալի է»,- նշեց բնապահպանության նախաարը:
Այնուհետեւ ասաց` այո', իրենք կես օրով, այդ համակարգի բաժանարար կետից մեկ ուղղությամբ, կտրել են ջուրն ու իրականացրել որոշակի միջոցառումներ, որոնց արդյունքում հայտանաբերել են մի շարք անօրինական ջրօգտագործողների: Նախարարը պարզաբանեց նաեւ, թե ինչու են այդ միջոցառումն իրականացրել հենց այդ պահին:
«Առաջինը' ոռոգման սեզոնը դեռ չի սկսել, երկրորդ' մենք ունենք գործարանի տնօրինության տեղեկատվությունը մեզ առ այն, որ «Արարատ ցեմենտ» գործարանը արտադրական գործունեություն չի ծավալել, եւ երրորդ կարեւորագույն հանգամանքը' այդ ժամանակահատվածում «Արարատ ցեմենտ» գործարանը դիմել էր' իր ջրօգտագործման թույլտվությունը երկարացնելու, որը դեռ երկարացված չէ, քանի որ մենք խնդիր ունեինք նրանց ներկայացրած տեղեկատվությունը եւ հաշվետվությունները համեմատելու եւ երկարացման խնդիրները կարգավորելու հետ: Սրանք են եղել այն բոլոր միջոցառումները, որ մենք իրականացրել էինք»,- ասաց Արամ Հարությունյանը:
Իսկ այն բոլոր մեկնաբանությունների առումով, որ կապված են ջրերի ուղղությունների փոփոխման եւ այլ հարցերի հետ, նախարարը հիշեցրեց, որ այս դեպքում գործ ունենք ցամաքուրդային համակարգի, այսինքն' երկրորդային ջրօգտագործման հետ, ու պետք է հասկանալ այդ համակարգի ամբողջ սխեմատիկ պատկերը, որպեսզի ամեն ինչ պարզ լինի: Նախարարը հայտարարեց, թե այն ծրագրերում, որ նախարարությունն ունի, Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների հետ կապված կարգ ու կանոն մտցնելու վերաբերյալ, իրենք հետ չեն կանգնելու:
Այնուհետեւ Արամ Հարությունյանը նշեց, թե «Արարատ ցեմենտ» գործարանի կողմից ներկայացված փաստաթղթերի' 2013 թվականին գործարանի' տեխնիկական նպատակներով ջրօգտագործման պահանջարկը կազմել է 15 լ/վ., իսկ այդտեղով համակարգի այդ հատվածում այդ պահին ջրային ծավալները կազմել են 2000-3000 մ3` մեկ վայրկյանում, ուստի այդ ամբողջ ջրաքանակը չէր կարող պատկանել գործարանին, որովհետեւ հակառակ պարագայում մեծ վնասներ կարող էր պատճառել հենց գործարանին:
Ինչ վերաբերում է այս հարցը քաղաքական ենթատեքստով դիտարկելուն, ապա Արամ Հարությունյանը նշեց, որ նախարարությունն իր ուսումնասիրությունները կատարում է դեռեւս դեկտեմբեր ամսից, կարող է տրամադրել գործարանի կողմից գրավոր տրամադրված տվյալները, որ իրենց գործունեության վերաբերյալ գործարանը որեւէ առարկություն չի ունեցել: Իսկ եթե քաղաքական ենթատեքստով ինչ-որ բան անելու լինեին, ապա դա կանեին հենց դեկտեմբեր ամսից: