Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արարատի մարզը խորհրդարանական ընտրություններին թերեւս ամենաթեժ ընտրատարածքներից մեկն է լինելու: Այստեղ բախվելու են հին ու նոր կրքեր:
Մամուլում գրվել է, որ մարզում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ռեյտինգային ցուցակով առաջադրվելու է Հովիկ Աբրահամյանի որդին՝ Գագիկ Ծառուկյանի փեսա, Արտաշատի քաղաքապետ, Արգամ Աբրահամյանը: Այս պայմաններում Աբրահամյանները, Ծառուկյանն ու ԲՀԿ-ն, բնականաբար, ամեն ինչ անելու են, որ Արգամ Աբրահամյանն առավելագույն ձայներ ստանա:
Այս մարզում ընդհանրապես բախվելու են Աբրահամյանների, ԲՀԿ-ի եւ իշխող ՀՀԿ-ի շահերը: ԲՀԿ-ն ու Արգամ Աբրահամյանն ամեն ինչ անելու են ՀՀԿ-ին եւ ՀՀԿ-ի թեկնածուներին հաղթելու համար: ԲՀԿ-ն Արգամ Աբրահամյանից զատ այս մարզում այլ թեկնածուներ էլ է առաջադրելու:
ՀՀԿ-ի թեկնածուներից են մարզպետ Արամայիս Գրիգորյանը, նախկին ոստիկանապետ, ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանը, պատգամավոր Մուրադ Մուրադյանն ու այլք:
Հովիկ Աբրահամյանը, հեռանալով ՀՀԿ-ից, դժգոհություն ու բարդույթներ է կուտակել այդ կուսակցության նկատմամբ: Հիմա նա դրանք հաղթահարելու համար պետք է օգտագործի այս ընտրությունները: Նա Արարատում պետք է ապացուցի, որ ինքն է այդտեղ տերն ու տիրակալը: Իսկ Արարատում Աբրահամյանների եւ Ծառուկյանի լծակները բավական մեծ են:
Տարիներ շարունակ նրանք մարզային ամենատարբեր պետական ու մասնավոր կառույցներում, հիվանդանոցներում, դպրոցներում եւ այլուր հատկապես ղեկավար պոստերում իրենց մարդկանց են ընդգրկել: Եվ ՀՀԿ-ում մտահոգություն կա, որ մինչեւ ընտրություններ չեն հասցնի այդ լծակները կամ գոնե դրանց մի մասը վերցնել:
Իշխանությունն այս մարզում նրանց դեմ է հանել Արամայիս Գրիգորյանին, Ալիկ Սարգսյանին եւ Մուրադ Մուրադյանին, որոնք տարիներ շարունակ գրեթե թշնամական հարաբերություններ են ունեցել Աբրահամյանների հետ: Մարզում ազդեցություն ունենալու կամ ազդեցությունները չկիսելու հողի վրա նրանք երբեմն բախվել են: Ահա այս հին ու նոր թշնամությունների բախմանն էլ ականատես կլինենք սպասվող ընտրական գործընթացներում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: