կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-14 13:41
Տնտեսական

«Օրինապահի» կարգավիճակ՝ 20 հարկ վճարողի

«Օրինապահի» կարգավիճակ՝ 20 հարկ վճարողի

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը փետրվարի 14-ին հավաստագրեր է շնորհել այն տնտեսվարողներին, որոնք համապատասխանում են «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակին: «Ստվերում գործող կազմակերպությունների անունները հնչեցնելու կողքին պետք է հանրությանը ներկայացնենք նաև պարտավորությունները պարտաճանաչ կատարող տնտեսվարողներին»,-նշել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ օրինապահ գործընկեր լինելու համար: Մեր երկրում առաջին անգամ կազմակերպվող այս նախաձեռնության շրջանակում կոմիտե է դիմել 26 հարկ վճարող, որոնցից 20-ը բավարարել են պայմաններին: Այսինքն՝ սահմանված կարգով hարկային և մաքսային մարմիններ են ներկայացրել օրենսդրությամբ նախատեսված հաշվարկներ, փաստաթղթեր ու տեղեկություններ, ժամանակին են կատարել hարկերի, տուրքերի և այլ վճարների վճարումը: Որոշիչ հանգամանք է նաև պետական բյուջեի հանդեպ պարտավորությունների ու իրավախախտումների բացակայությունը:

«Կատարելով վարչապետի հանձնարարականը՝ ՊԵԿ-ը կարճ ժամանակում մշակել է օրինապահ հարկ վճարողի կարգավիճակի շնորհման կարգը, իսկ Կենտրոնական բանկն աշխատել է տնտեսվարողներին բանկային ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորության ընձեռման ուղղությամբ»,-ընդգծել է Վարդան Հարությունյանը:

ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշել է, որ Կենտրոնական բանկի պաշտոնական դիրքորոշումն արդեն առկա է. «Օրինապահ հարկ վճարողների նկատմամբ բանկերն առավել մեղմ ռիսկային չափանիշներ կկիրառեն, հետևաբար նաև՝ մեղմ և անտեսանելի վարչարարություն: Օրինապահ հարկ վճարողներն իրենց կարգավիճակով պետք է տարբերվեն»:

Վախթանգ Միրումյանը համոզմունք է հայտնել, որ հավաստագիր ստացող տնտեսվարողները կպահպանեն կարգավիճակը, և նրանց շարքերն առաջիկայում կհամալրվեն:

Հավաստագիր ստացած «ՍՕՍ սիսթեմս» ընկերության գլխավոր տնօրեն Վահագն Ծատուրյանի համար մեծ անկանկալ էր կոմիտեի նախաձեռնությունը. «Տնտեսվարողի աշխատանքի գնահատումը կխթանի, որպեսզի նա ավելի սրտացավորեն կատարի հարկային պարտավորությունները, քանի որ իր վճարած հարկերն են ուղղվում պետության զարգացմանը»: Իսկ «Փրոջեքթ Մենեջմենթ Յունիթ» ՓԲԸ գլխավոր հաշվապահ Արմինե Սահակյանը կարևորել է բիզնեսի համար բանկային արտոնությունների ընձեռումը. «Սա մեծ աջակցություն է բիզնեսին, որը կնպաստի նաև հարկային մարմին-գործարար սերտ և թափանցիկ համագործակցությանը»:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին