կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-13 21:29
Քաղաքական

Սեյրան Օհանյանը եղավ ընդդիմադիր, երկրում քաղբանտարկյալներ եղա՞ն. Վահրամ Բաղդասարյան

Սեյրան Օհանյանը եղավ ընդդիմադիր, երկրում քաղբանտարկյալներ եղա՞ն. Վահրամ Բաղդասարյան

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ստորագրեցին Դաշինքային համագործակցությամբ հանդես գալու փաստաթուղթ: Փաստորեն ստեղծվեց հերթական դաշինքը: Հուշագիրը ստորագրելուց հետո պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը լրագրողներին ասել է, թե Հայաստանում քաղբանտարկյալներ կան, բայց դեռ չի խոսի դրա մասին:

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ չի տեսնում գաղափարական հենքի վրա ստեղծված դաշինք: «Սա չի վերաբերում միայն կոնկրետ այս դաշինքին, այլ բոլոր այն դաշինքներին, որոնք Ազգային ժողովում տեղ ստանալու համար են ստեղծվում, սա իմ կարծիքն է»,-ասաց Բաղդասարյանը, հավելելով՝ թե այս խորհրդարանում էլ այդպիսի դաշինքներ կային և տեսանք, թե ոնց տրոհվեցին:

Բաղդասարյանը նշեց, որ այդ դաշինքները խմբերի բաժանվեցին, խմբակցությունները ցրվեցին, և դա լուրջ անկում է քաղաքական դաշտի համար:

Ինչ վերաբերում է Օհանյանի հայտարարությանը մարտի մեկի և այլ դեպքերի հետ կապված, ապա Բաղդասարյանը նշեց, որ դա իր համար անընդունելի է:

Մեր հարցին, արդյո՞ք Բաղդասարյանը հիշում է մեկ դեպք, երբ Օհանյանը իր նախարար եղած ժամանակ դեմ արտահայտված լինի իշխանության որևէ քայլի, Բաղդասարյանն արձագանքեց. «Չեմ հիշում, ինչքան փորփրեցի հիշողությունս նման բան չկարողացա հիշել, որովհետև չի եղել»:

Ինչ վերաբերում է Օհանյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում քաղբանտարկյալներ կան, Բաղդասարյանը նշեց, որ տվյալ քաղաքական գործիչները տաս տարիների ընթացքում իշխանության մաս լինելով մեկ անգամ չեն արտահայտվել: «Ի՞նչը փոխվեց որ նրանք դարձան ընդդիմադիր, հանկարծ երկրում էլ քաղբանտարկյալներ եղա՞ն: Ի՞նչն էր խանգարում, որ այն ժամանակ կարծիք արտահայտեին»,- ընդգծեց Բաղդասարյանը: