կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-08 13:20
Իրավական

Լապշինն Ադրբեջանի համար գլխացավանք է դառնալու. Արա Ղազարյան

Լապշինն Ադրբեջանի համար գլխացավանք է դառնալու. Արա Ղազարյան

Բելառուսի կողմից Ադրբեջանին հանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինը քաղբանտարկյալ է, և նրա վերաբերյալ իրավական գործընթացն ինքնին հայտնվել է քաղաքական դաշտում: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը: Նրա խոսքով՝ քաղբանտարկյալները ցանկացած պետության համար գլխացավանք են, մանավանդ` եթե միջազգային գործընթացով է անձը հայտնվում այլ պետությունում: «Եթե մենք ուսումնասիրենք Լապշինի գործի փաստերը և համեմատենք ԵԽԽՎ-ի կողմից ձևակերպված «քաղբանտարկյալ» հասկացության հետ, ապա  վստահորեն կարելի է պնդել, որ Լապշինը քաղբանտարկյալ է: Ըստ ԵԽԽՎ-ի հայտնի բանաձևի՝ քաղբանտարկյալն այն անձն է, ով ազատությունից զրկված է, երբ ազատությունից զրկվել է ֆունդամենտալ որևէ երաշխիքներից մեկի խախտումով, երբ նրա վերաբերյալ կալանքը քաղաքական նպատակներ է հետապնդում և որևէ կապ չունի հանցագործության հետ»,- ասաց մասնագետը:

Ղազարյանի խոսքով՝ Լապշինի գործն ինքնին կապված է Արցախի թեմային, և այդ գործով ավելի ու ավելի է արտացոլվելու Ղարաբաղի խնդիրը: «Թեև Ռամիլ Սաֆարովի գործը Ադրբեջանի ներքին լսարանի համար մեծ դիվիդենդներ բերեց, սակայն մինչ օրս Սաֆարովի գործը միջազգային ատյաններում է, այս գործով իրավական գործընթացը շարունակվում է: Լապշինի գործը նույնպես նրանց ներքին լսարանի համար է, իսկ արտաքին լսարանի համար Ադրբեջանը դիվիդենդներ է կորցնում»,- ասաց նա:

Իրավաբանի խոսքով՝ Լապշինի հարազատները պետք է մասնակցեն դատավարությանը և դիմեն միջազգային ատյաններ, առաջին հերթին՝ ՄԻԵԴ: Ըստ նրա՝ այս գործով խախտվել է Եվրոպական կոնվենցիայի կարևորագույն կետերից մեկը՝ արտահայտվելու ազատությունը, ինչն ինքնին քաղաքական է:

«Այժմ Ադրբեջանն ամբողջ Եվրոպայի խորհրդին պետք է համոզի, որ այստեղ քաղաքական հարց չկա, սակայն բոլոր փաստերը վկայում են, որ Լապշինի գործը քաղաքական է: Բացի այդ` այստեղ առկա է Ադրբեջանի կողմից քրեական օրենսգրքի այն նորմը կիրառելը, համաձայն որի՝ երբ անձը քննադատում է Ադրբեջանի կառավարությանը կամ ընդունում է Արցախի անկախությունը, դա համարվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ կատարված ոտնձգություն: Սա նման է Թուրքիայի կողմից հայտնի 301-րդ հոդվածի կիրառմանը, ինչն արդեն իսկ հակասում է մարդու իրավունքի միջազգային նորմերին»,- ասաց իրավաբանը:

Հարցին` արդյո՞ք այս նախադեպը չի նպաստի, որպեսզի զբոսաշրջիկների կամ լրագրողների կողմից Արցախ այցերը սահմանափակվեն, Ղազարյանը պատասխանեց. «Պետք է նկատել, որ Լապշինի նկատմամբ Ինտերպոլով միջազգային հետախուզում հատարարված չէ, քանի որ Ինտերպոլի կանոնադրությունն արգելում է քաղաքական նպատակներով պետությունների հետ համագործակցելը: Նախ` պետք է Ինտերպոլով հետախուզում հայտարաված լինի, այսինքն` անձը քրեական հանցագործություն կատարած լինի»:

Մասնագետը համոզված է, որ Լապշինի գործը, որը մեծ հնչեղություն է ստացել, հակառակ էֆեկտը կարող է ունենալ Ադրբեջանի համար, քանի որ գործի շնորհիվ ավելի կշահարկվի Արցախի հարցը: «Փայտը երկու սայր ունի, այսինքն` ցանկացած երևույթ ունի երկու բացատրություն: Այժմ իրենք փորձում են խոչընդոտել զբոսաշրջիկների այցին Արցախ, իսկ մյուս կողմից շատերը, ովքեր չգիտեին Արցախի մասին, հենց այս գործի շնորհիվ կիմանան: Իսկ դատավարական գործընթացն էլ ավելի կվնասի Ադրբեջանին»,- ասաց նա: