Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վանաձորում գործող փոքր դեղատների ծրագրած բողոքի ակցիան, որ կայանալու էր Լոռու մարզպետարանի դիմաց, «Սզնի» ՍՊԸ-ի տնօրեն, «Ժառանգության» վանաձորյան կառույցի ղեկավար Գառնիկ Սահակյանը սկսեց և ավարտեց միայնակ:
Նա հայտարարեց, որ դեմ է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» առողջապահության նախարարության կողմից արված առաջարկին, մասնավորապես` «Դեղատոմսով բաց թողնվող դեղերի բաց թողնման կարգը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում`նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով, դեղատոմսով դուրս գրման կարգի խախտելը ` տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով»:
Գ.Սահակյանը համարում է, որ սրանք, ճիշտ է, իրավական պետության համար կենսական անհրաժեշտություն են, սակայն վաղաժամկետ են մեր իրականության մեջ: «Առանց առողջապահական պարտադիր ապահովագրության ինստիտուտի ձևավորման այդ վարչական օրենսդրական նորամուծությունը առաջ է բերելու դեղատնային փոքր ու միջին բիզնեսի ոչնչացման եւ կոռուպցիայի ավելի խորացման դեղերի շուկայում: Դեղերի մեծածախ շուկայի մոնոպոլիզացիայի խթանմանը զուգահեռ ՀՀ ԱՆ-ն նախաձեռնել է դեղերի մանրածախ առևտրի մոնոպոլիզացում: Այն խոշոր դեղագործական ընկերությունները, որոնք ունեն գերակա դիրք դեղերի մեծածախ շուկայում, ՀՀ տարածքում ունեն նաև դեղատների մեծ ցանց, և չի բացառվում, որ այս օրենքի 300 000-ի պատվերն ԱՆ-ին իջեցվել է հենց վերջիններիս կողմից»,- ասում է դեղաստան տնօրենը:
Նա համոզված է, որ մեծ դեղատնային ցանց ունեցող ընկերությունների (անուններ է նշում` «Ալֆա ֆարմ», «Նատալի ֆարմ») մանրամեծածախ առևտուրը պետական հովանավորչությամբ է իրականացվում և օրենքի կիրառումը առաջ է բերելու բողոքի զանգվածային ակցիաներ, ցնցումներ, ավելացնելու է գործազրկությունը պրոֆեսիոնալ բժիշկ-դեղագետների շրջանում, և սպառողի հարգանքը վայելող դեղատները մի քանի ամսում անխուսափելիորեն սնանկանալու են:
Գ.Սահակյանը չէր կարող ու չպատասխանեց լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ քաղաքում գործող 60-ից ավելի դեղատների ղեկավաներից միայն ինքն է ներկայացել: «Զգուշացված են եղել բոլորը: Թե ինչո՞ւ չեն եկել, իրենց գործն է: Ես իմ տեղն եմ խոսում»:
Նախատեսված բողոքի ակցիան, փաստորեն, բացօթյա ասուլիսի վերածվեց, թեև Գ. Սահակյանը սրան ամենևին չէր սպասում: