Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ը զրուցել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության մասին, որում համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին առաջիկա շաբաթվա ընթացքում անհատական հանդիպման կոչ են արել՝ առարկայական և առանց նախապայմանների բանակցությունների հետագա վերականգնման նպատակով:
-Պարո՛ն Մելիք-Շահնազարյան, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպելու առաջարկ են արել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին՝ առանց նախապայմանների, լուրջ, առարկայական բանակցություններ վերսկսելու նպատակով: Կցանկանայի անդրադառնայիք «առանց նախապայմանների» արտահայտությանը: Ի՞նչ կարող ենք ակնկալել այս հանդիպումից, և արդյո՞ք կարող ենք ենթադրել, որ այս ձևակերպումն ուղղված է Ադրբեջանին:
-Չգիտեմ՝ այդ ձևակերպումն ում էր ուղղված, որովհետև նախապայմաններ այս փուլում առաջ են քաշում և՛ հայկական կողմը, և՛ ադրբեջանականը, բայց վստահ եմ, որ, հուլիսյան իրադարձությունների հետ կապված, պարտադիր է նախապայմաններ առաջ բերելը: Պաշտոնական Երևանը պարզապես իրավունք չունի թույլ տալու, որ Ադրբեջանի ագրեսիան անհետևանք անցնի ու մոռացվի-գնա: Ամեն դեպքում՝ դրանց գնահատական տալու պահանջ պետք է ներկայացվի: Ամեն ինչ պիտի անենք, որպեսզի Ադրբեջանը կրի քաղաքական պատասխանատվություն, կամ առնվազն մշակվեն Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները զսպող նոր մեխանիզմներ: Եթե, նախապայմաններ ասելով, ԵԱՀԿ Մինսկի խումբը սա նկատի ունի, ես համոզված եմ, որ պաշտոնական Երևանը պարզապես իրավունք չունի գնալու այդ ճանապարհով և, առանց Ադրբեջանի հուլիսյան ագրեսիային իրավական ու քաղաքական գնահատական տալու, շարունակի բանակցային գործընթացը, կարծես ոչինչ տեղի չի ունեցել: Չգիտեմ՝ այս պարագայում պաշտոնական Երևանի կողմից նման պահանջ դրվա՞ծ է, թե՞ ոչ, բայց եթե իմանամ՝ չկա, չեմ զարմանա, որովհետև վերջին տարիներին տեսնում ենք՝ բացթողումները հետևում են մեկը մյուսին, և դա, կարծես, արդեն ձեռագիր է դարձել: Մեր դիվանագիտությունը չի արձագանքում մեզ սպառնացող մարտահրավերներին և չի փորձում դրանք զսպել դիվանագիտական ճանապարհներով:
-Ի՞նչ սպասել նման հանդիպումներից:
-Ընդամենը առաջարկ է եղել, և կողմերից ոչ մեկը դեռևս չի արձագանքել այդ առաջարկին, այսինքն՝ չեն հայտնել բանակցային գործընթացը շարունակելու պատրաստակամություն: Ես կարծում եմ, որ պետք է լինելու հասկանալ՝ կգնա՞ն հակամարտող կողմերը բանակցությունների ճանապարհով, թե՞ ոչ: Ինչ-որ պահից զուտ հանդիպման փաստը համարվելու է արդյունք, և դրանից ավելին այս պահին ակնկալել հնարավոր չէ:
-Հաշվի առնելով, որ Թուրքիան և Ադրբեջանը համանախագահների առաջարկներին, հայտարարություններին այդքան էլ պատրաստակամ չեն արձագանքում, որքանո՞վ եք հավանական համարում, որ պաշտոնական Երևանն ու պաշտոնական Բաքուն կվերսկսեն բանակցությունները:
-Ուշ, թե շուտ նման հանդիպումներ լինելու են: Բայց վստահ կարող եմ ասել՝ Ադրբեջանի օրակարգում հիմա բանակցային գործընթացը չէ, այլ ռազմական ճանապարհով քաղաքական իրավիճակի փոփոխությունը: Ընդ որում՝ այդ օրակարգը Ադրբեջանին նաև թելադրվում է նրա դաշնակից Թուրքիայի կողմից, որը, օգտվելով Հայաստանի դիվանագիտության կրավորական ու պասիվ դիրքերից, կարողացել է ակտիվություն ցուցաբերել Հարավային Կովկասում և տարածաշրջանում դառնալ ռազմաքաղաքական գործոն, մի բան, որը տարիներ շարունակ նրանց չէր հաջողվում: Հայաստանը և միջնորդները մշտապես արգելափակում էին բանակցային գործընթացում Թուրքիայի՝ դերակատարում ունենալու բոլոր ձգտումները: Հիմա դա չկա, Թուրքիան, ըստ էության, արդեն գործոն է դարձել և հասկանում է, որ, Ադրբեջանին ուղղորդելով, թեկուզ՝ իրավիճակի սրման ճանապարհով, փոփոխությունների հասնելու լավ պահ է:
-Հաշվի առնելով, որ Ադրբեջանի օրակարգում, ըստ էության, հողերը հանձնելու հարցն է, այս պարագայում հայկական կողմն ինչպե՞ս պետք է պատրաստվի հնարավոր բանակցությունների վերսկսմանը: Ի՞նչ պետք ունենա իր օրակարգում, որ այս պահին չունի:
- Արդեն ասացի, որ հիմնականն Ադրբեջանի ագրեսիան քննադատող և ագրեսիվ գործողությունները զսպող մոտեցումներն են: Անկեղծ ասած՝ վերջին երկու տարիներին Երևանն այնքան է հետ կանգնել նախկինում գոյություն ունեցող դիրքերից, որ զրոյական կետի ենք հասել: Միայն այն փաստը, որ ոչ մի դիտորդ ՀՀ սահմանին չկա, կամ այն փոքր առաքելությունները, որ ժամանակ առ ժամանակ մոնիթորինգ էին իրականացնում սահմանին, գոյություն չունեն, խոսում է այն մասին, որ մինուսային դիրքերից պետք է վերսկսել: Թերևս սա առաջին խնդիրն է, որ Երևանը պիտի կարողանա լուծել, որպեսզի սահմանը կրկին վերահսկվի ԵԱՀԿ դիտորդների կողմից, թեկուզ՝ փոքր մակարդակով: Բայց այս պահի դրությամբ Երևանը չի կարող խոսել հակամարտության կարգավորման մասին: Երևանի բառապաշարը պետք է վերաբերի բացառապես անվտանգային միջավայրի ձևավորմանը, թե ինչպես չեզոքացնել պատերազմի վտանգը: Այստեղ աշխատանքի հետաքրքիր տարբերակներ և հնարավորություններ, կարծում եմ, կան:
Վարդուհի Ստեփանյան