կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-03 12:14
Քաղաքական

Ես գալիս եմ` իմ գործն անելու. Ալիկ Սարգսյանը ցնծության մեջ է

Ես գալիս եմ` իմ գործն անելու. Ալիկ Սարգսյանը ցնծության մեջ է

Հայտնել ենք, որ նախկին ոստիկանապետ, Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը գլխավորելու է Արարատի ՀՀԿ տարածքային կառույցը:

Ալիկ Սարգսյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ այսօր կամ վաղը կներկայացնեն իրեն: «Կգնամ, կներկայացնեն, կսկսեմ աշխատել: Առայժմ այդքանը կասեմ, ուրիշ հարցերի ինձ համար դժվար է պատասխանելը, նախապես գուշակություններ չանենք»,- ասաց նա, ապա ընդգծեց. «Ես վերադառնում եմ` աշխատելու իմ ուժերի` մի բան էլ ավելի չափերով»:

Հարցին` արձակուրդ վերցրե՞լ է, Սարգսյանը պատասխանեց. «Ոչ, ինչի՞ մասին է խոսքը»: Ապա հավելեց. «Ամեն ինչ կանեմ օրենքի սահմաններում»:

Սարգսյանից հետաքրքվեցինք` քանի որ նա և Հովիկ Աբրահամյանը, կարելի է ասել, հակառակորդներ են, արդյո՞ք նա նշել է Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ-ից հեռանալու փաստը: «Նրա հեռանալը ինչո՞ւ պետք է նշեմ: Վատ մարդիկ նման լուրեր են տարածում, ես նման խնդիր չունեմ, ես խնդիր չունեմ նրա հեռանալու համար ուրախանալու: Դրանք հերյուրանքներ են, ջուր են պղտորում: Խնդրում եմ` մոռացեք»,- ասաց Սարգսյանը:

Մեր ճշտող հարցին` պնդո՞ւմ է, որ  Հովիկ Աբրահամյանի հետ խնդիր չի ունեցել, Սարգսյանն արձագանքեց. «Ես ասում եմ` բոլորովին: Ես գալիս եմ` իմ գործն անելու, վերջ, այդքան բան: Ես իրա դեմ կամ իրա կողմ կամ իրա հետ խնդիրներ չունեմ»:

Նշենք, որ Ալիկ Սարգսյանը ոստիկանապետ է եղել 2008 թ. մայիսի 29-ից մինչ 2011 թվականի նոյեմբերի 1-ը, իսկ 2011 թվականի նոյեմբերի 1-ից մինչ այժմ նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդականն է:

Ի դեպ, մամուլում լուրեր են տարածվել, որ Ալիկ Սարգսյանը խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվելու է: