կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-01 13:00
Առանց Կատեգորիա

Հայ հեղափոխականի ուղեցույցը

Հայ հեղափոխականի ուղեցույցը
Այս ամենը hիշեցման կարգով։
 
Եկեք կատեգորիաների բաժանենք մարդկանց ապրելակերպն ու կենցաղը։ Բազմաթիվ պայմաններից և պատճառներից ելնելով` մարդը լինում է մի քանի տեսակ։ Մարդ կարող է իր գոյությունն ամբողջովին տրամադրել սեփական շահերից բխած նպատակներին. իրավունք է, բայց՝ ինքնասեր և անձնակենտրոն։ Կարող է կյանքի ողջ ընթացքում ծառայել իր ընտանիքին, ընկերներին և շրջապատին. իրավունք է և երբեմն՝ օրինակելի։ Կարող է նաև իր կյանքը պատկերացնել որևէ մասնագիտական ոլորտում ներդրում ունենալով. իրավունք է, բայց՝ սահմանափակ։ Եվ կան մարդիկ, որոնք իրենց ամբողջ կյանքով ու էությամբ գործունեություն են ծավալում ի նպաստ ընդհանուրի հաջողության և հավաքական հաղթանակի. տեսակ է, բայց ո՛չ բոլորինը։
 
Ընդհանրապես, հեղափոխական բնավորությամբ անհատը ծնվում է վերջին կատեգորիայից, իհարկե, բացառություններ կան։ Հեղափոխականությունը պահի տակ չէ, որ հայտնվում է, որովհետև դա բնավորություն է, ավելի ճիշտ՝ էություն։ Մոտեցում է և հավատք` գաղափարի իրականացման հավատք։ Տեսակ է, որը մարդը կա'մ միշտ ունեցել է, կա'մ էլ ընդհանրապես չունի։
 
Հեղափոխականն իր ապրելակերպով, կենցաղով է հեղափոխական։ Նա այն անձն է, որը ներգրավված է կամ հենց նախաձեռնողն է մի ամբողջական փոփոխության, այլ ոչ թե այն անձը, որը հանդես է գալիս ժամանակավոր և պահով պայմանավորված դրսևորումներով։ Հեղափոխականի ամենակարևոր հատկանիշներից է ինքն իրեն հեղափոխելու ընդունակությունը, երբ առերեսվում է որևէ ճշմարտության։ Չշարունակել զբաղվել ինքնախաբեությամբ, ինքնամաքրվել և ինքդ քեզ սրբագրել՝ սրանք հեղափոխականի կարևորագույն հատկանիշներից են։
 
Հեղափոխականը ցանկացած մասնագիտական ոլորտում սխալները, զեղծարարությունը, չարաշահումը և խաբեբայությունը դատապարտողն է։ Միևնույն ժամանակ` այս երևույթների դեմ անկեղծ ըմբոստություն և պայքար ցուցաբերողը, որից հետո հեղափոխականի պարտականությունն է նաև մարդկանց ուղղորդել դեպի մի նոր այլընտրանք։ Անտեղի կամ երբեմն էլ աննպատակ ըմբոստանալը քեզ չի դարձնի հեղափոխական։
 
Հեղափոխականությունը նաև այն մոտեցումն է, որ առաջադիմելու ցանկությունը վերածում է գործի և, ի վերջո, քաղում այդ գործի հստակ արդյունքները։ Գաղափարի սերմանումն ու իրականացումը կարող ենք կոչել հեղափոխություն։
 
Երբ հարցը գալիս է պետական կառավարման և քաղաքական գործունեության ոլորտներին, հեղափոխականն ավելին է վերոնշյալից։ Պետական քաղաքական և հասարակական գործիչը կարող է բնույթով լինել հեղափոխական, երբ ինքնին անձնվիրության, հեռատեսության, արժանապատվության և սկզբունքայնության իսկական օրինակ է։ Իսկ երբ հարցը վերաբերում է Հայաստանին և հայ հեղափոխական գործչին`  հարցն ավելի է բարդանում։ Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական, արտաքին քաղաքական, պատմաքաղաքական և ներքին հասարակական-քաղաքական մարտահրավերները՝ հայ հեղափոխականը պետք է ձերբազատված լինի բոլոր նեղ անձնական նպատակներից, նախասիրություններից և շահերից։ Նա պետք է ձուլվի Հայաստանի էությանը և, մարմնավորելով հենց Հայաստանը, անձնվիրաբար պաշտպանի երկրի և իր ժողովրդի արժանապատվությունն ու շահերը։
 
Սակայն հայ հեղափոխականությունն իր մեջ ամբողջացնում է նաև համամարդկայինը, այո՛, որովհետև Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և Հայոց դատը վերջնականապես լուծելով՝ մենք հավակնում ենք արդի մարդկության պատմության մեջ ամենամեծ վերքերից մեկը բուժելուն և սպիացնելուն։
 
Եթե դիտարկենք այսօրվա քաղաքական իրավիճակը Հայաստանում, մանավանդ` վերջին 7 ամիսների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, ապա կարող ենք եզրակացնել հետևյալը՝ տեղի ունեցածը իշխանափոխություն էր, որը կարող է հանդիսանալ հեղափոխության հանգրվաններից մեկը, բայց սահմանափակվել այս հանգրվանով կնշանակի, որ ի սկզբանե համաժողովրդական շարժման նպատակը հենց իշխանափոխությունն էր, այլ ոչ թե պետականաշինությունն ու երկրի բարգավաճումը։
 
Ես ուրախ եմ և երախտապարտ, որ համաժողովրդական շարժումը դրական տրամադրություն ստեղծեց և հույս ներշնչեց մեր ժողովրդին, սակայն փոխանակ այդ հույսը, վստահությունն ու դրական տրամադրությունն ուղղվեր ի նպաստ պետականության ամրապնդմանը, օգտագործվեց ի նպաստ ներկա իշխանավորների կայացմանն ու ինքնահաստատմանը։
 
Ամփոփելով՝ կուզեմ ասել այն, ինչ միշտ եմ ասել։ Պետական, քաղաքական և մասնավորապես հայ հեղափոխական գործչի համար իշխանության գալը ոչ թե նպատակ, այլ միջոց պետք է լինի, միջոց՝ ծառայելու Հայաստանի Հանրապետությանը և հայ ազգին, որպեսզի վերջապես ունենանք ամուր պետություն և ժողովուրդ, որը հարուստ է մտքով ու հոգով։ Հայ հեղափոխականն իր ազատատենչությամբ և տեսլականով, ոչ մի ջանք չխնայելով, պետք է հավատարիմ լինի Հայաստանի հողին և հայ ազգին։
 
 
Ինչպես տեսնում եք, նկարում ծառ է՝ այնպիսի ծառ, որն ունի այն բոլոր հատկանիշներն ու հարստությունը, որ պետք է իր հետ բերի մաքուր և անկեղծ նպատակով առաջացած ցանկացած հեղափոխություն։ Այդ հատկանիշերն են՝ առողջություն, հզորություն, շենություն և, վերջ ի վերջո, արժանապատիվ կյանք։
 
Արշակ Մեսրոպյան