կարևոր
349 դիտում, 3 ժամ առաջ - 2024-11-19 23:16
Աշխարհ

Մոսկվայի պատասխան միջոց. Էրդողանը` նորացված միջուկային դոկտրինի հրապարակման մասին

Մոսկվայի պատասխան միջոց. Էրդողանը` նորացված միջուկային դոկտրինի հրապարակման մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից նորացված միջուկային դոկտրինի հանրայնացումը պատասխան միջոց է. ՆԱՏՕ-ն պետք է մտածի այդ մասին:

Նոյեմբերի 19-ին հրապարակվել է ՌԴ նախագահի «Միջուկային զսպման ոլորտում Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքականության հիմունքները հաստատելու մասին» հրամանագիրը: Փաստաթղթում ի թիվս այլ բաների նշված է, որ Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման հնարավորությունը որոշող պայմանը օդատիեզերական գրոհային միջոցների, այդ թվում՝ թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի զանգվածային արձակումն է և դրանց՝ Ռուսաստանի սահմանի հատումը:

«Կարծում եմ, որ Ռուսաստանի այս դիրքորոշումն առաջին հերթին իր դեմ ուղղված վարքագծի դեմ ընդունված միջոց է...Ռուսաստանի այս քայլը պետք է դիտարկվի ՆԱՏՕ-ի պաշտոնյաների կողմից», - ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ասել է Թուրքիայի ղեկավարը Ռիո դե Ժանեյրոյում կայացած մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն իրեն պաշտպանելու համար ունի ուժեր և միջոցներ։

«Նույն կերպ էլ մենք (ՆԱՏՕ) պետք է պաշտպանենք մեզ և միջոցներ ձեռնարկենք մեր պաշտպանության համար։ Ուկրաինան և Ռուսաստանը մեր հարևաններն են, և նրանց հետ պետք է հարաբերություններ պահպանենք։ Հուսով եմ, որ հնարավորինս շուտ կհասնենք հրադադարի և խաղաղության հաստատմանը», - հավելել է Էրդողանը։

Հիշեցնենք` դոկտրինի հրապարակումից հետո ՌԴ արտգործնախարարը, ամփոփելով նոյեմբերի 18-19-ը Ռիո դե Ժանեյրոյում կայացած G20 գագաթնաժողովի արդյունքները` շեշտել էր, որ ՌԴ–ն միջուկային զենքը դիտարկում է բացառապես որպես զսպման գործիք և խստորեն հետևում է միջուկային հակամարտություն թույլ չտալու սկզբունքին։