Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2017-02-02 12:17
Հասարակություն

Ադրբեջանական գերուն ճանաչողները հաստատում են` նա հատուկջոկատային է. քաղաքագետ

Ադրբեջանական գերուն ճանաչողները հաստատում են` նա հատուկջոկատային է. քաղաքագետ

Հայտնի է, որ երեկ հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել Թալիշի ուղղությամբ և, թողնելով մեկ ռազմագերի, հետ է շպրտվել:

Yerkir.am-ի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ ռազմագերի ենք վերցրել, և մեր զինվորական հետաքննչական մարմինները բավական մեծ աշխատանք ունեն տանելու, որպեսզի հասկանան, թե ինչ պատրաստվածության աստիճան ունեն Ադրբեջանի հատուկջոկատայինները:

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի հայտարարությանը, թե գերեվարվածը սովորական դասալիք է և ադրբեջանական զինուժի հետ կապ չունի, ապա Մելիք-Շահնազարյանը նշեց, որ ինքը սպասում էր, որ ադրբեջանական կողմը կասի, թե նա մոլորվել է: «Անկեղծ ասած` սպասում էի, որ պետք է ասեն` հայկական կողմը գողացել է իրենց զինվորին, կամ գոնե` նա մոլորվել է, բայց նրանք գնացին ամենաստոր ճանապարհով` հրաժարվեցին իրենց զինվորից»,- ասաց քաղաքագետը:

Ըստ Մելիք-Շահնազարյանի` նրանց այս գնահատականն Ադրբեջանում մեծ աղմուկ է բարձրացրել: Ըստ նրա` այդ զինվորին ճանաչող օգտատերեր կան, որոնք նշում են, որ նա սովորական զինծառայող չէր կարող լինել, հատուկջոկատային էր: «Այս ամենը Ադրբեջանում լուրջ դժգոհությունների պատճառ է դառնում»,- ասաց քաղաքագետը:

Մելիք-Շահնազարյանի խոսքով` հիմա ամենակարևորն այն է, որ մենք գերի վերցված դիվերսանտից պետք է հնարավորինս շատ ինֆորմացիա ստանանք և դա դարձնենք միջոց Ադրբեջանի դեմ միջազգային հարթակներում աշխատելու համար:

Քաղաքագետը նշեց, որ հիմա առաջինն անհրաժեշտ է Մինսկի խմբի համանախագահներին ստիպել, որպեսզի նրանք իրական մեղադրանքներ հնչեցնեն և զբաղվեն Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը զսպելու հարցերով:

Այնուամենայնիվ, Մելիք-Շահնազարյանը չի զարմանա, եթե կրկնվի նախորդ անգամվանը, երբ Տավուշի դեպքերից հետո ՄԽ համանախագահները հայտարարեցին, թե  հայկական կողմը պետք է վերադարձնի ադրբեջանցի զինվորի դին:

Ըստ Մելիք-Շահնազարյանի` ՄԽ համանախագահների մոտ արդեն օրինաչափություն է դարձել անընդհատ կրկնվելը: «Համենայն դեպս, մեր ԱԳՆ-ն գոնե վերջին հայտարարության կապակցությամբ դժգոհություններ է արտահայտում: Պաշտոնական Երևանը ՄԽ համանախագահներին ուղղված  պահանջ ներկակացրեց, որպեսզի նրանք ավելի հասցեական լինեն իրենց գնահատականներում և փոխեն իրենց մարտավարությունը»,- ընդգծեց նա, հավելելով` դժգոհությունները հասել են այն աստիճանի, որ Երևանը չի քողարկում դրանք, այլ արտահայտում է:

Նա նաև հայտնեց, որ դիվերսանտի գերեվարությունը լավ առիթ կլինի, որպեսզի ցույց տանք մեր իրավացիությունը և շարունակենք աշխատանքը համանախագահների հետ: