Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կայքերից մեկին Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը փոքրիկ հարցազրույց է տվել: Նախկին հանրապետական Ղուկասյանը նշել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ինքը մասնակցելու է` Ծառուկյանի դաշինքին միանալով: Ավելին` հստակ եւ հիմնավոր պարզաբանել է, թե ինքն այսքան շատ դաշինքների միջից ինչու է ընտրել հենց Ծառուկյանի դաշինքը: «Որովհետեւ բնավորութամբ շատ հարցերում իրար նման ենք` եկեղեցաշեն, ողորմած, խիղճը չկորցնելու կապակցությամբ, այդպես Ծառուկյանին ես հարիր եմ գտնում»,- ասել է Ղուկասյանը:
Չէ նորմալ է, անգամ` այն, որ եկեղեցաշինությունը կարելի է համարել բնավորության գիծ: Ասենք` Սիմոնը եկեղեցաշեն բնավորություն ունի, Պարույրը՝ եկեղեցաշեն բնավորություն չունի: Բայց, փաստորեն, գոնե որոշ դաշինքների պարագայում, գոնե որոշ անհատների դեպքում, դաշինքին միանում են, ինչպես ավելի վաղ, այլ թեմայով նշել էի՝ ելնելով բնավորությունների ընդհանրություններից: Ասենք` քաղաքական գործիչ կամ այդպիսին դառնալ ցանկացող Վրեժը միանում է այն դաշինքին, որը գլխավորում է մածուն սիրող քաղաքական գործիչ, քանի որ ինքն էլ է սիրում մածունը, ավելին` երբ հաճախ չի ուտում՝ դրա տեսքից միայն խենթանում է: Դե, բնականաբար, նա չի կարող միանալ այն դաշինքներին, որոնց առաջնորդները չեն սիրում մածուն, քանի որ ընդհանուր քաղաքական նպատակներ եւ ծրագրեր չունեն, նախասիրություններ չունեն, միեւնույն՝ մածունասեր բնավորությունը չունեն, մի խոսքով` քաղաքական համատեղ ճանապարհ չունեն:
Հասկանալի է, որ սա կոնկրետ օրինակ է, ասենք` ոչ բոլորն են միանում ինչ-որ դաշինքների, քանի որ դրանց ղեկավարների հետ բնավորության ընդհանրություններ ունեն /խղճովները՝ իրար հետ, անխիղճները՝ իրար/, բայց մի՞թե հենց այս նրբությունը չէ հայաստանյան այսօրվա դաշինքների կազմավորման էությունը: Կա'մ բնավորությամբ են իրար նման, կա'մ նույն տեղից են փող ստանում, կա'մ էլ կզակով են իրար նման, առնվազն՝ ժպտալու ձեւով հաստատ նման են:
Բայց սա կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ լավ բնավորություն ունենանք քաղաքականություն մտնելուց առաջ, որպեսզի միավորվենք մեզ պես լավ բնավորություն ունեցողների հետ: Խղճով լինենք, ողորմած լինենք, մի երկու գիրք կարդացած լինենք, եւ սա ոչ միայն նրա համար, որ մի երկու գիրք կարդացածների հետ միավորվենք, այլ որպեսզի իմանանք, որ եկեղեցաշինությունը բնավորության գիծ չէ:
Ընդհանուր առմամբ, մեծ հաշվով սա չիմանալն ավելի ամոթ է, քան ընտրություններում պարտվելը:
Հովիկ Աֆյան