կարևոր
3451 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-10 16:56
Քաղաքական

ՀՀ-ն չպետք է թույլ տա, որ Ադրբեջանը մարսի իր արածները, այլապես չի լինելու կարմիր գիծ, որ Ադրբեջանը չխախտի՝ միջազգային դերակատարների հետ պայմանավորվելուն պես․ Անժելա Էլիբեկովա

ՀՀ-ն չպետք է թույլ տա, որ Ադրբեջանը մարսի իր արածները, այլապես չի լինելու կարմիր գիծ, որ Ադրբեջանը չխախտի՝ միջազգային դերակատարների հետ պայմանավորվելուն պես․ Անժելա Էլիբեկովա

ՀՀ բնակչության մեծ մասը, վստահ եմ, տեղյակ չի, թե իրականում ինչ է կատարվում Արցախում։ Իրազեկվածության խիստ պակաս կա։ Արդեն յոթ ամիս է՝ Արցախը շրջափականա մեջ է, բայց ամեն ինչ արվում է, որ դա մեծ հնչեղություն չունենա։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հնչեցրեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան։

«Եթե Հայաստանում ունենք տեղեկատվության սղություն, հասկանալի է, թե դրսում՝ արտաքին աշխարհում ինչ վիճակ է։ Խնդիրը պետք է սկսենք լուծել պետական մոտեցումը փոխելուց։ Եթե Արցախում տիրող իրավիճակը ներկայացնել-չներկայացնելը մասնավոր լրատվամիջոցների դեպքում նրանց սեփականատերերի խղճի հարց է, ապա հանրային ՀԸ-ն, պետական կառույցները պետք է շատ մեծ աշխատանք տանեն այդ ուղղությամբ։ Ցավոք, իրականում հակառակն է արվում՝ արտաքին տեղեկատվական աղմուկի մեջ փորձ է արվում խեղդել Արցախում տիրող վիճակի պատկերը։ Համենայնդեպս, այդ ուղղորդված քաղաքականությունը երևում է»,-նշում է ադրբեջանագետը։

Ադրբեջանական քարոզչամեքենայի ծուղակը չընկնելու, առաջացած տեղեկատվական վակուումը թշնամական թեզերով չլրացնելու լավագույն տարբերակը հասարակությանն օպերատիվ, ճշգրիտ տեղեկություններ տրամադրելն է։ Էլիբեկովան վստահեցնում է՝ մարդիկ, ովքեր Արցախում չունեն հարազատներ, ծանոթներ, որոնցից կարող են տեղեկանալ կատարվողի մասին, ապա նրանց մեղադրել պետք չի, այլ իրազեկել է պետք, ընդամենն իրազեկել։ Ադրբեջանն Արցախի դեմ մղում է հիբրիդային պատերազմ, որն ունի երեք հիմնական բաղադրիչ՝ ֆիզիկական ուժ, որը դրսևորվում է առաջնագծում պարբերաբար կրակոցներ հնեչցնելով, հարձակումներով, սադրանքներով, 2․ հոգեբանական ճնշում՝ գրեթե բոլոր կոմունիկացիաների անհասանելիություն, անցակետի տեղադրումով մարդկանց տեղաշարժի լրիվ բացառում, պաշարում և 3․ քարոզչական։

«Ադրբեջանական քարոզչամեքենան ամեն կերպ փորձ է անում արտաքին աշխարհում տպավորություն ստեղծել, թե Արցախում ոչ մի շրջափակում էլ չկա։ Զուգահեռաբար՝ հայ հասարակությանը լրիվ հակառակ մեսիջն է տալիս, թե, իբր, արտաքսումն անխուսափելի կլինի, եթե արցախահայությունը չընդունի ադրբեջանական օրենքներով ապրելու պայմանը։ Պետք է խոստովանել, որ Ադրբեջանի իշխանություններին շատ օգնում են ՀՀ իշխանությունների դիրքորոշումը՝ այն է, որևէ կերպ չօգնել 120 հազար արցախահայերին, որոնք ունեն ՀՀ անձնագիր»,-շեշտում է Էլիբեկովան։

Ադրբեջանագետը նկատում է՝ արցախահայությունը 1990-ականներին ևս ադրբեջանական շրջափակման մեջ է եղել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, բայց, ի տարբերություն այն ժամանակվա, հիմա մարդիկ այնտեղ մենակ են զգում իրենց, քանի որ ՀՀ իշխանությունների ընդունած կեցվածքը որևէ հիմք չի տալիս մտածելու, որ Հայաստանն Արցախի կողքին է։

«1990-ականներին արցախցիները զգում էին, որ թիկունքում Հայաստան կա, որն ամեն հարցում աջակցում էր։ Հիմա շատ բարդ է հոգեբանորեն կուռ, կայուն մնալ՝ Արցախում ապրելու որոշման մեջ։ Պատկերացրեք Երևանում այդ նույն իրավիճակը լիներ, ինչ արդեն յոթ ամիս Արցախում է։ Բնակչության քանի՞ տոկոսը կդիմանար․․․ Անշուշտ, շատ բարդ է այդ պայմաններում ապրելը, երբ Ադրբեջանն իր ամբողջ գործիքակազմը կիրառում է քո դեմ ու չկա կարմիր գիծ իր համար։ Հիմա այդ երկրի ղեկավարությանը որոշ սաստող բաներ կան դեռ՝ Հաագայի դատարանի որոշում, տարբեր միջազգային կառույցներում խնդրի բարձրաձայնում, բայց, վստահեցնում եմ, հենց որ Ադրբեջանը կարողանա միջազգային դերակատարների հետ վերջնականապես պայմանավորվել՝ ուշադրություն չդարձնել, չտեսնելու տալ Արցախում կատարվողը, որևէ բանի առաջ կանգ չի առնելու։ ՀՀ-ն այստեղ շատ կարևոր անելիք ունի՝ որևէ պարագայում թույլ չտալ, որ Ադրբեջանը մարսի իր արածները, այլապես, վստահաբար, չի լինելու կարմիր գիծ, որ Ադրբեջանը չխախտի»,-ասում է Էլիբեկովան։

Եթե Հայաստանի կեցվածքը հստակեցվի, շաբաթների, ամիսների ընթացքում լրիվ հակառակ, հակազգային դիրքոշում չհնչեցվի, լինի վստահություն, որ թե՛ բանակցություններում, թե մնացյալ բոլոր հարթակներում ՀՀ իշխանությունը ներկայացնում և շարունակելու է ներկայացնել հայկական շահը, ապա, մեր զրուցակցի համոզմամբ, այս անտանելի անորոշություն կցրվի և Արցախում ապրող մարդիկ կիմանան, թե հանուն ինչի են պայքարում ու անցնում այսքան զրկանքների միջով։