Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2016 թվականի ապրիլյան լայնամասշտաբ ռազմական գործողությունների ժամանակ սահմանների պաշտպանության համար «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրված Հարություն Բադալյանը Yerkir.am-ի հետ զրույցում խոսել է Հայոց բանակի մասին իր ընկալումների, դիրքապահ զինվորների՝ կյանքի հանդեպ պատկերացումների փոփոխության և այլ թեմաների շուրջ:
2016 թվականի ապրիլի 2-ին` ժամը 05:10-ի սահմաններում, N 140 մարտական դիրքի դիտորդ, շարքային Հարություն Բադալյանը նկատել է դիրքին մոտեցող հակառակորդի դիվերսիոն խմբին և զեկուցել դիրքի ավագ` կրտսեր սերժանտ Արթուր Աղասյանին: Հակառակորդի ականանետների տեղատարափ կրակոցների տակ կրտսեր սերժանտ Աղասյանը, արագ կողմնորոշվելով ու առանց խուճապի մատնվելու, կազմակերպել է շրջանաձև պաշտպանություն, ու դիրքի անձնակազմով մարտի են բռնվել դիվերսանտների հետ: Շարքային Հարություն Բադալյանը, նկատելով գետնատնակին մոտեցած 2 դիվերսանտի, անմիջապես ոչնչացրել է նրանց:
-Ինչպիսի՞ն էին բանակի մասին ընկալումներդ ապրիլից առաջ, ինչպիսին են հիմա:
-Բանակի մասին խոսելիս նախ պետք է հասկանանք՝ ինչ է նշանակում ազգ: Ազգ ասելով՝ հասկանում ենք ժողովուրդների համախմբվածություն, բայց գաղափարը խորապես հասկանալու համար պետք է գիտակցենք, որ ազգը կազմված է ընտանիքներից, ու այդ ընտանիքների միասնականությունն է ստեղծում ազգը: Երբ բանակ են գնում, չեն գնում` ազգ պաշտպանելու, գնում են` ընտանիքներ պահելու ու պաշտպանելու համար: Ընտանիքն ազգի մի մասնիկն է, իսկ ընդհանուր բանակը պահում է ազգին… Բանակի մասին պատկերացումներս այդքան խորը չէին առաջ: Եթե լինեմ անկեղծ, շատերն են ասում, որ բանակից հետո փոխվել եմ , բայց կարծում եմ՝ ես ոչ թե փոխվել եմ, այլ նպատակներիս հասնելու ձևերն են փոխվել, մոտեցումներս են շատ փոխվել, ապրիլից հետո կյանքի ու կյանքի երևույթների հանդեպ մոտեցումներս են փոխվել շատ…Երբեմն մտածում են, որ բանակ գնալուց հետո են տղամարդ դառնում : Դա այդքան էլ այդպես չէ, ինչպես ասում են՝ տղա ծնվում ես ու տղա էլ մահանում: Բանակը զուտ հասունացնում է:
-Կգտնե՞ս այնպիսի մեկին կամ այնպիսի բան, որ հնարավոր լինի համեմատել բանակի հետ:
- Բանակը չեմ փորձի համեմատել, բայց դիրքը կարելի է տան հետ համեմատել, որտեղ դու քո ընկերների հետ պահում ես քո կացարանը, սահմանն այնպես, ինչպես տունն ես պահում: Տուն պահում ես` գումար աշխատելով, այս դեպքում էլ քո աշխատանքը հակառակորդից պաշտպանելն է: Քո ծառայությունը քո աշխատանքն է: Բանակն էլ գուցե համեմատեմ ազգի հետ, բայց կարծում եմ` դա էլ ինչ-որ առումով սխալ է:
-Ի՞նչն է պակասում մեր բանակին:
-Ավելի շատ զինվորների բարոյահոգեբանական վիճակի վրա պետք է աշխատել, որպեսզի նրանք ամբողջությամբ ու ճիշտ գիտակցեն՝ ինչ գործ են անում: Ժողովրդի վերաբերմունքն ամեն ինչ ասում է, և պետք է գիտակցել` ինչ գործ է վերապահված բանակայինին, ինչ կարևորություն ու պատասխանատվություն կա դրա մեջ:
-Ի՞նչն ես ամենից շատ արժևորում մեր բանակում:
-Մեր ամբողջ ազգի արժեքն այն է, որ մենք ունենք շատ հզոր պատմություն, շատ հզոր մարդիկ, ու մեր այս երկիրը ստեղծվել է նրանց շնորհիվ, նրանց աշխատանքով: Մեր պատմությունը բանակի հարստությունն է արդեն: Երբ պատերազմ ես անցնում, ընկերներ ես կորցնում, հասկանում ես, որ թողած բան ունես էնտեղ, որ դա քոնն է և միշտ պետք է պահես: Մեր բանակը ստեղծվել է մեր հայրերի արյամբ, դա մեր հարստություն է, և մենք պետք է պահպանենք մեր ունեցածը:
-Ամենակարևոր ո՞ր խորհուրդը կտաս նորակոչիկներին:
-Ամենակարևոր բանն այն է, որ նրանք պետք է գիտակցեն՝ ինչ գործ են կատարում, ինչի համար են պայքարում, ու ամենակարևոր բանն այն է, որ պետք է նպատակներ դնեն: Շատ ավելի հեշտ է հասնել նպատակի, քան հավատարիմ մնալը այդ նպատակին: Թող մինչև վերջ իրենց նպատակին հավատարիմ մնան:
Հարցազրույցը` Լուսինե Հակոբյանի