կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-12 22:18
Հասարակություն

ՊՆ-ն գտել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման և բնակարանային խնդիրների լուծման ձևերը

ՊՆ-ն գտել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման և բնակարանային խնդիրների լուծման ձևերը

Պաշտպանության նախարարության հաջորդ տարվա բյուջեով զինծառայողների աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում: Գերատեսչությունն այս խնդիրը կլուծի խնայողությունների հաշվին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

«Անգամ մոտ 26.6%-ով բարձրացվող պաշտպանական բյուջեում, որի 45.5%-ը աշխատավարձերն են, նախատեսված չէ աշխատավարձերի բարձրացում, բայց ՊՆ-ն հնարավորություն ունի խնայողությունների հաշվին հավելավճարների միջոցով հոգալու աշխատավարձի բարձրացումը: Մենք ունենք այդ հնարավորությունը, և առաջնահերթությունը տրվում է մարտական հերթապահության մեջ ներգրավված զինծառայողներին»,- ասաց նա:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ տնտեսության զարգացման, հարկերի պատշաճ վճարման, բյուջեի ավելացման պարագայում իրենք կկարողանան խոսել նաև զինծառայողների բյուջետային աշխատավարձերի բարձրացման մասին:

Ինչ վերաբերում է զինծառայողների և ազատամարտիկների բնակարանային խնդիրներին, Տոնոյանը տեղեկացրեց, որ շուրջ 1400 զինծառայող ծառայության ավարտից հետո պաշտպանության նախարարության կողմից բնակարան կստանա, քանի որ գտել են նաև դրա լուծումը: «ՊՆ-ի բնակարանային ֆոնդը N թիվ է, որը ստեղծված է 25 տարվա ընթացքում: Այսօր կարիքավորների թվաքանակը համարյա հավասար է այդ թվին, ուստի շուրջ 1400 զինծառայողի բնակարանները ծառայողական ֆոնդից փոխանցվելու են մասնավորեցման: Այդ աշխատանքն արդեն իսկ կատարվում է, և մոտ 122 զինծառայող մեկ ամսվա ընթացքում, որպես սեփականություն, արդեն իսկ ստացել է բնակարան»,- ասաց Տոնոյանը` շեշտելով, որ հետևողական են, որպեսզի բնակարանների տրամադրման հարցում պահպանվի արդարությունը:

Խնդրի մեկ այլ լուծում է հիփոթեքային վարկավորումը, որի շնորհիվ երիտասարդ զինծառայողները կարող են մատչելի գներով ու վարկային պայմաններով վարկեր ստանալ բնակարան գնելու համար: Տոնոյանը տեղեկացրեց, որ իր որոշմամբ այդ հնարավորությունից կկարողանան օգտվել ոչ միայն երիտասարդ զինծառայողները, այլև նրանք, ում տարիքը չի համապատասխանում այդպիսի ծրագրերին դիմելու համար: