կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-26 20:43
Հասարակություն

Շվեյցարիան չի մերժել Հայաստանին. ՀՔԾ-ն Միհրան Պողոսյանի գործով միջնորդությունը պատշաճ չի ներկայացրել. Հետք

Շվեյցարիան չի մերժել Հայաստանին. ՀՔԾ-ն Միհրան Պողոսյանի գործով միջնորդությունը պատշաճ չի ներկայացրել. Հետք

Շվեյցարիայի արդարադատության դաշնային դեպարտամենը չի մերժել հայկական կողմին իրավական աջակցության հարցում:Ինչպես տեղեկանում ենք Hetq.am-ից` OCCRP-ի մեր գործընկերների հարցմանն ի պատասխան, Շվեյցարիայի արդարադատության դեպարտամենտի մամլո խոսնակ Ինգրիդ Ռյուսերը (Ingrid Ryser) հայտնել է, որ իրենք հայկական կողմի միջնորդությունը չեն բավարարել, քանզի այն չի համապատասխանել միջնորդության պահանջներին, այսինքն` պատշաճ կազմված չի եղել. «Հայկական իշխանությունները կարող են ցանկացած ժամանակ հստակեցնել միջնորդությունը»,- հայտնել է մամլո խոսնակը:

Հիշեցնենք` «Հետքի» հարցմանն ի պատասխան ՀՔԾ-ն հայտնել էր, որ 2017թ. հունվարի 11-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ստացել է Շվեյցարիայի Հանրապետության Արդարադատության և ոստիկանության դաշնային դեպարտամենտի գրությունն այն մասին, որ Միհրան Պողոսյանի գործով դատական միջնորդությունը չեն կարող բավարարել:

Սակայն թե ինչու էր մերժվել՝ ՀՔԾ-ն չէր մանրամասնել: Ստացվում է, որ Շվեյցարան ոչ թե մերժել էր հայկական կողմին իրավական աջակցության հարցում, այլ հայկական կողմը չի կարողացել պատշաճ միջնորդություն ներկայացնել Շվեյցարիայի արդարադատության դաշնային դեպարտամենտին և պատասխան ստանալ:

ՀՔԾ-ից «Հետքը» գրավոր պահանջել է տրամադրել Շվեյցարիա և Պանամա ուղարկված իրավական աջակցության միջնորդությունները և Շվեյցարիայից ստացված պատասխանը: Ստանալուն պես այն կհրապարակենք:

Հիշեցնենք` ՀՀ հատուկ քնչական ծառայությունը հայտնել էր, որ կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով չի հիմնավորվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի՝ Միհրան Պողոսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հանգամանքը, ուստի որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու մասին հանցակազմի բացակայության հիմքով:

Սկզբնաղբյուր՝ Hetq.am: