կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-13 16:34
Իրավական

Միհրան Պողոսյանի անվան հետ կապված օֆշորային սկանդալի գործով որևէ կասկածյալ կամ մեղադրյալ չկա

 Միհրան Պողոսյանի անվան հետ կապված օֆշորային սկանդալի գործով որևէ կասկածյալ կամ մեղադրյալ չկա

ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության` արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ պանամական օֆշորային գործարքների կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում մինչ այս պահը որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձ կամ անձինք չկան: Այս մասին, Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնեցին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից:

Հիշեցնենք, որ գործի նախաքննության ընթացքում, որպես վկա, հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Միհրան Պողոսյանը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ մայիսի 2-ին ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով` «Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, այսինքն` պաշտոնատար անձի կողմից, օրենքով սահմանված արգելքին հակառակ: Հիշեցնենք, որ Պողոսյանի կողմից օֆշորային գործարքների վերաբերյալ սկանդալային հրապարակումներից հետո ԴԱՀԿ ծառայության պետը հրաժարական տվեց` հայտարարելով, որ ցավում է, որ իր անունը նույն փաստաթղթերում հայտնվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։

Այնուհետև Պողոսյանի գրասենյակը հանդես եկավ հայտարարությամբ` հերքելով մի շարք բանկերում Պողոսյանի և նրա անվան հետ կապվող ընկերությունների անունով հաշվեհամար ունենալու հանգամանքը, և հայտնեց, որ խոսք չի կարող լինել Պողոսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասին: