կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-25 12:00
Հասարակություն

Չի բացառվում՝ փետրվարին կրկին սառնամանիքներ լինեն. Գագիկ Սուրենյան

Չի բացառվում՝ փետրվարին կրկին սառնամանիքներ լինեն. Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ Միջերկրական ծովից մեր տարածաշրջանին է մոտենում հզոր ցիկլոն:

Մինչ առաջիկա եղանակային փոփոխությունների մասին խոսելը, նա ասաց, որ հարյուր տարվա կտրվածքով հազվագյուտ երևույթ է այն, որ Արարատյան դաշտում մառախուղի տևողությունը հասավ 40 օրվա: «Այսպիսի դեպք հարյուր տարվա մեջ եղել է հինգ անգամ»,- ասաց Սուրենյանը՝ հավելելով, որ հունվար ամսին եղել են բազմաթիվ տաք օդային ալիքներ, որոնք, սակայն, որևէ ազդեցություն չեն ունեցել Արարատյան դաշտի եղանակի վրա:

«Բայց եղել են տարածքներ, որտեղ գրանցվել է բավականին բարձր ջերմային ֆոն: Մեղրի, Կապան, Ագարակ հատվածում օդի ջերմաստիճանը հասել է մինչև պլյուս 17-ի, Տավուշում՝ պլյուս 15 աստիճանի, լեռնային շրջաններում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը հասել է պլյուս 4-5-ի»,- ասաց Սուրենյանը՝ հավելելով. «Ասել, որ Արարատյան դաշտում այս տարի արձանագրվել է խիստ ձմեռ, սխալ կլինի, քանի որ խիստ ձմեռ է համարվում, երբ օդի ջերմաստիճանն ամսվա ընթացքում հասնում է մինուս 20-25-ի, իսկ առանձին օրերի՝ մինչև մինուս 30 աստիճանի , սակայն Երևանում և Արարատյան դաշտում, առհասարակ, ամենացածր ջերմաստիճանը եղել է -18 աստիճան»:

Մասնագետը բացատրեց՝ ինչով էր պայմանավորված ցրտի սաստիկ զգացողությունը: «Ցուրտը սարսափելի էր թվում, որովհետև կա երկու գործոն` կա ջերմաստիճան և զգացողական ջերմաստիճան: Զգացողական ջերմաստիճանը կախված է օդի խոնավությունից, բարձր խոնավություն դեպքում ջերմաստիճանը 5-6 աստիճանով ավելի ցուրտ է ընկալվում, քան փաստացի ջերմաստիճանը: Մինուս 12-ը կարող է ընկալվել մինչև մինուս 18 աստիճան: Երկրորդ գործոնն էլ արևի լույս բացակայությունն է»,- ասաց նա:

Սուրենյանի խոսքով՝ Միջերկրական ծովից մեր տարածաշրջանին մոտենում է հզոր ցիկլոն: «Այսօր առավոտյան արդեն զգացվում է ցիկլոնի ազդեցությունը` ջերմաստիճանի բարձրացում կա, որը դեռ Արարատյան դաշտ չի հասել: Երեկվա հետ համեմատած` օդի ջերմաստիճանը շատ շրջաններում 10-15 աստիճանով բարձրացել է, ուժեղ տաք օդի ներհոսք է գալիս դեպի հանրապետություն: Որոշ հատվածներում նույնիսկ դրական ջերմաստիճան է գրանցվել գիշերվա ընթացքում»,- նշեց նա:

Ըստ Սուրենյանի` այսօր կեսօրից հետո արդեն կզգացվի հզոր ցիկլոնի ազդեցությունը: «Այսօր և վաղը գտնվելու ենք ցիկլոնի ազդեցության ծայրամասերում, ինչով պայմանավորված` տեղումների ինտենսիվությունը կլինի թույլ: Հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը մոտնում է ցիկլոնի կենտրոնը: Հունվարի 27-ին, 28-ին գտնվելու ենք ցիկլոնի ազդեցության գոտում, բոլոր շրջաններում համատարած կտեղա ձյուն, լեռնային շրջաններում կլինի բուք, ցածր հորիզոնական տեսանելություն, ճանապարհներին` մերկասառույց»,- հայտնեց նա:

Սուրենյանի խոսքով՝ հունվարի 29-ին նախորդող գիշերը տեղումները կպահպանվեն, իսկ առավոտյան արդեն ցիկլոնը կսկսի ուժը կորցնել, և տեղումների ինտենսիվությունը կփոքրանա ու հունվարի 30-ին դուրս կգա մեր հանրապետոթւյուն տարածքից: «Հունվարի 26-27-ն ընկած ժամանակահանտվածում օդի ջերմաստիճանը ևս 8 աստիճանով կբարձրանա: Փետրվարի համար ջերմաստիճանի կտրուկ բարձրացումներ պետք չէ ակնկալել: Պարզեցումից հետո օդի ջերմաստիճանը կնվազի, չի բացառվում, որ կրկին կլինեն սառնամանիքներ»,- եզրափակեց Սուրենյանը: