Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնել ենք, որ հոկտեմբերի 16-ին Ժնևում հանդիպում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև:
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ընդգծեց, որ ադրբեջանական կողմը երբեք պատասխանատվություն չի ստանձնել իր պարտականությունները կատարելու համար:
Հարցին` Ժնևում կայանալիք հանդիպումը ի՞նչ նշանակություն կունենա ղարաբաղա-ադրբեջանական հիմնախնդրի կարգավորման հարցում, Նահապետյանն արձագանքեց. «Բանակցային գործընթացի վերսկսումը կարևոր նշանակություն կարող է ունենալ բոլոր կողմերի համար: Ակնկալիքները գնահատելու համար պետք է հաշվի առնենք դրան նախորդող ժամանակահատվածում տեղի ունեցող իրադարձությունները: Այդ առումով չեմ կարող որևէ դրական բան ասել, քանի որ ադրբեջանական կողմը շարունակաբար խախտում է հրադադարի ռեժիմը, կատարում ագրեսիվ գործողություններ, որոնք փաստում է այն մասին, որ մոտակա ժամանակներում նրանց քաղաքական հայացքների վերանայում չի լինելու: Բոլոր դեպքերում պետք է սպասենք, թե ինչ ընթացք կունենան բանակցությունները, և չի բացառվում, որ որոշակի անակնկալներ լինեն»:
Այնուհետև Նահապետյանը շեշտեց, որ հայկական կողմը հավատարիմ է իր դիրքորոշմանը, և որ այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում, պետք է կյանքի կոչվեն: Ըստ նրա` մենք հետևողական ենք մեր մոտեցումներում:
Հարցին` հնարավո՞ր է նախագահների բանակցության ժամանակ քննարկվի նաև հողերի վերադարձման հետ կապված հարցը, Նահապետյանը պատասխանեց, որ այդ հարցը դժվար թե քննարկման առարկա դառնա: «Մենք պետք է նկատի ունենանք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձևաչափով թե' նախկինում տեղի ունեցած բանակցությունները և թե' հետագայում շարունակվող բանակցությունները ունեն իրենց հստակ օրակարգը: Առաջիկայում բացառում եմ, որ նման հարցեր կարող է քննարկման առարկա լինեն», - ասաց պատգամավորը, ապա հավելեց, որ հայկական կողմի համար կարևորը Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու երաշխավորումն է: