կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-24 15:57
Քաղաքական

«Եկել ենք մի շարք նոր առաջարկություններով». Կարեն Կարապետյանը Մոսկվայում է. լուսանկարներ

«Եկել ենք մի շարք նոր առաջարկություններով». Կարեն Կարապետյանը Մոսկվայում է. լուսանկարներ

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով, Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
Այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի «Գորկի» կեցավայրում ընդունել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

ՌԴ և ՀՀ վարչապետերի միջև տեղի է ունեցել առանձնազրույց, որին հաջորդել է Դմիտրի Մեդվեդևի և Կարեն Կարապետյանի հանդիպումն ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ՝ աշխատանքային նախաճաշի ձևաչափով:
ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևն իր ողջույնի խոսքում նշել է. «Հարգելի Կարեն Վիլհելմի, 
սրտանց ողջունում եմ Ձեզ: Սա Ձեր առաջին պաշտոնական այցն է մեր երկիր: Մենք Հայաստանի հետ ունենք առանձնահատուկ, դաշնակցային հարաբերություններ, և մշտապես կան քննարկելու հարցեր: Կարևոր է, որ Ձեր այցի կապակցությամբ պատրաստվել են մի շարք փաստաթղթեր, որոնք ուղղված են մեր համագործակցության զարգացմանը: Հույս ունեմ, որ դրանք կնպաստեն տնտեսական կապերի զարգացմանը և մարդկային շփումների սերտացմանը: 

Մենք Ձեզ հետ կքննարկենք տնտեսական օրակարգը: Ցանկանում եմ ընդգծել, որ չնայած միջազգային կոնյուկտուրային, չնայած էներգակիրների գների փոփոխությանը՝ մեր առևտրաշրջանառությունը կայուն է, իսկ եթե խոսենք Հայաստանից մեր երկիր արտահանման և արտադրանքի մատակարարման մասին, ապա նախորդ տարի գրանցեցինք 70 տոկոս աճ: Դա, իմ տեսանկյունից, Հայաստանի՝ Եվրասիական միությանը միանալու և մեր տնտեսական կապերի ամրապնդման արդյունք է: Բայց կան նաև մի շարք այլ հարցեր՝ և՛ ներդրումային, և՛ հումանիտար: Եկեք այդ ամենի մասին խոսենք: Սրտանց Ձեզ ողջունում եմ, մաղթում եմ հաջող այց Ռուսաստանի Դաշնություն»: 
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր խոսքում ասել է. 

«Հարգելի Դմիտրի Անատոլիի,
նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մոսկվա այցելելու հրավերի և մեր պատվիրակությանը ցուցաբերած ընդունելության համար: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել Ձեզ «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և համոզմունք հայտնել, որ ամեն ինչ լավ կլինի: 

Այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է՝ հայ-ռուսական համագործակցության ակտուալ ուղղությունները քննարկելու համար, և ցանկանում եմ Ձեզ հավաստիացնել, որ մեր պատվիրակությունը եկել է շատ դրական և գործնական տրամադրվածությամբ: 
Ավանդաբար մեր՝ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը բավական հագեցած է: Ինչպես Դուք արդեն նշեցիք, վերջին տարիներին համաշխարհային բարդ կոնյուկտուրայի պայմաններում մեր կառավարություններին հաջողվել է առաջ շարժվել: Գիտեք, որ ռուսաստանյան կապիտալը լայնորեն ներկայացված է Հայաստանի տնտեսությունում: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ պետք չէ հանգստանալ, և այսօր կարող ենք քննարկել ակտիվացնելու և նոր ազդակ հաղորդելու ուղղությունները: Այսօր Հայաստանում մի շարք բարեփոխումներ են իրականացվում ներդրողների համար բարենպաստ միջավայր ձևավորելու նպատակով, և մենք մեծապես կողջունենք ռուսաստանյան կապիտալի ներգրավումը: Այս համատեքստում մենք այսօր եկել ենք մի շարք նոր առաջարկություններով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցության ոլորտները: Ես նույնպես վստահ եմ, որ կառուցող
ական զրույց է լինելու: Եվս մեկ անգամ շնորհակալություն հրավերի համար»:

Աշխատանքային նախաճաշի շրջանակում երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվելու են Հայաստանի և Ռուսաստանի համար կարևորություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, ստորագրվելու են մի շարք փաստաթղթեր: