Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրեր առաջ ադրբեջանցի լրագրողի հարցադրումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կոշտ պատասխանին արժանացավ: Ադրբեջանցի լրագրողի այն հարցադրմանը՝ եթե Ադրբեջանը «հակաահաբեկչական» գործողություններ իրականացնի Ղարաբաղում, արդյո՞ք ՌԴ-ն միջամտելու է Ադրբեջանի ներքին գործերին, Սերգեյ Լավրովը կտրուկ պատասխանել էր, թե դա միայն Ադրբեջանի ներքին գործը չէ:
Հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված ՌԴ-ի կոշտ արձագանքը, քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանեց, որ հարցադրումը վտանգավոր թեզեր էր պարունակում:
«Նախ` հասկանալի է, որ լրագրողի շուրթերով ադրբեջանական իշխանությունները հրապարակայնորեն փորձում էին շոշափել ՌԴ իշխանական վերնախավում առկա տրամադրությունները: Երկրորդ` ադրբեջանցի լրագրողը խոսեց ադրբեջանական իշխանությունների` կրկին էսկալացիայի գնալու իրական մտադրություննների մասին, այս անգամ՝ «հակաահաբեկչական» օպերացիաների շրջանակներում: Երրորդ` տարիներ ի վեր Ադրբեջանն անընդհատ փորձում է զարգացնել այն թեզը, որ Ղարաբաղի հարցն իր ներքին խնդիրն է: Դրանով Ադրբեջանը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայիս կարգավիճակն է կասկածի դնում, այլ, առհասարակ, հակամարտության առաջացման բուն պատճառները: Եվ վերջապես` «ներքին հարցի» որակումն «ազատ է արձակում» Ադրբեջանի ձեռքերը` ուժ, բռնություն կիրառելու առումով, որովհետև իր երկրի ներսում Ադրբեջանի իշխանությունները հենց այդպես են լուծում իրենց ներքին խնդիրները»:
Քաղաքագետի կարծիքով` հենց այս հանգամանքները հաշվի առնելով, ՌԴ ԱԳ նախարարի պատասխանը կտրուկ էր, ինչ-որ առումով՝ կանխարգելիչ:
Հարցին, թե Բելառուսի իշխանությունները Ղարաբաղ այցելելու պատճառով որոշում կայացրեցին Ադրբեջանին հանձնել հայտնի բլոգեր Լապշինին, արդյո՞ք սա խոչընդոտ չի ստեղծելու օտարերկրյա քաղաքացիների՝ Արցախ այցերի համար, Աբրահամյանը պատասխանեց. «Խաղատախտակին Բելառուս պետության հեղինակության խնդիրն էր, իսկ այդ երկրի իշխանությունների որոշումը դեռ խոր հետք կթողնի: Դա նաև վատ նախադեպ կլինի նմանատիպ այլ օրինակների դեպքում: Եվ հետո` բլոգերը Իսրայելի և ՌԴ քաղաքացի էր, այդ երկրները հանդես էին գալիս բլոգերի հանձնման դեմ, ինչն այդ երկրների և Բելառուսի հարաբերությունների վրա ևս իր ազդեցությունը կթողնի՝ անկախ նրանից, որ բլոգերից ներողություն «պոկեցին» և Ադրբեջանին չհանձնեցին»: