կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-20 12:42
Քաղաքական

Իմ զրուցակիցը Բելառուսի նախագահն է, ինչ ասել եմ, մնում է ուժի մեջ. Փաշինյանը` Բելառուսի ԱԳՆ-ին

Իմ զրուցակիցը Բելառուսի նախագահն է, ինչ ասել եմ, մնում է ուժի մեջ. Փաշինյանը` Բելառուսի ԱԳՆ-ին

Եթե դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ գագաթաժողովում կոնսենսուս չլինի, մենք կշարունակենք աշխատանքը կոնսենսուսի հասնելու ուղղությամբ, որովհետև ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` խոսելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

Անդրադառնալով Բելառուսի ԱԳՆ խոսնակ Գլազի հայտարարությանը, թե Փաշինյանը դեռ չի հասկացել, որ փողոցային դեմոկրատիայի կանոնները ընդունելի չեն մեծ քաղաքականությունում, և որ միջազգային հարաբերություններում գոյություն ունեն արձանագրությունների հստակ նորմեր ու էթիկա, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ասաց. «Ինչ ունեի ասելու այդ կապակցությամբ, արդեն ասել եմ: Այս հարցում իմ զրուցակիցը Բելառուսի նախագահն է: Ես ինչ ասել եմ, մնում է ուժի մեջ և մնալու է ուժի մեջ` ես պարզաբաանումներ կպահանջեմ տեղի ունեցածի մասին»:

Ինչ վերաբերում է երեկ Բելառուսի և Ադրբեջանի նախագահների միջև կնքված հուշագրին և նոր զենքի վաճառքին, Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանին մատակարարվելիք զենքի խմբաքանակի մասին պայմանագիրը կնքվել է երեք ամիս առաջ, երբ Հայաստանի ներկայացուցիչը դեռ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն էր: «Մեր դիրքորոշումը շատ հստակ է` մենք դատապարտում ենք նման գործարքները, համարում ենք, որ դրանք ուղղված  են հայկական շահերի դեմ: Նման գործարքները հակասում են ՀԱՊԿ կանոնադրությանը»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի` ՀԱՊԿ-ի շրջանակներում պետք է հասկանալի լինի` ինչ պարտավորություններ ունեն անդամ երկրները մեկը մյուսի նկատմամբ, անդամ երկրները` կազմակերպության նկատմամբ, և կազմակերպությունն ինչ պարտավորություն ունի անդամ երկների նկատմամբ: «Մենք մեր պարտավորությունները կատարում ենք ՀԱՊԿ-ում, ինչը չենք կարող պնդել մեր շատ գործընկեր երկրների պարագայում»,- ընդգծեց նա: