կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-18 13:06
Քաղաքական

Սեյրան Օհանյանի կուսակցության ստեղծումն առասպել է. քաղաքագետ

Սեյրան Օհանյանի կուսակցության ստեղծումն առասպել է. քաղաքագետ

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն այսօր լրագրողներին կարծիք հայտնեց, որ, քաղաքական առումով, 2016 թվականին 99 տոկոսով բացասական գնահատական է պետք տալ: Ըստ քաղաքագետի՝ 2017 թվականը ևս հարթ տարի չի լինելու, ինչին նպաստում են ինչպես իշխանական թևի ներկայացուցիչները, այնպես էլ՝ ընդդիմադիր: «Մենք չունենք իրական ընդդիմություն, նրանք մոռացել են, որ իրենց սեփական ազգը լուրջ հիշողություն ունի»,- ասաց նա՝ հավելելով. «Քաղաքական խոհանոցիկներում որոշում են` այս տարի դու ես գալիս քաղաքականություն, նրա համար, որ Աստված չանի, իսկական ընդդիմությունը չգա»:

Շաքարյանցի խոսքով՝ ամեն ինչ արվում է, որ բոլորի ուշքն ու միտքը բևեռվի պաշտպանության երկու նախարարների վրա: «Խոսքը պաշտպանության ներկայիս և նախկին նախարարի մասին է: Տարածում են, որ նախկինը շուտով կուսակցություն կստեղծի, և շատերն են գնում-միանում նրան: Սա առասպել է: Եթե անգամ Օհանյանը ծախի իր ընտանիքի ունեցած-չունեցածը, էդ ռեսուրսներով չի կարող ստեղծել կայուն, լուրջ կուսակցություն: Ցանկացած տեղ ասեք, որ դաշինքի կորիզ հանդիսացող կուսակցությունը մի քանի օրվա ընթացքում են ստեղծել, ձեզ կանպատվեն»,- նշեց քաղաքագետը՝ ընդգծելով, որ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձն էլ հսկվում է իշխանական ուժերի կողմից. «Մենք չգիտենք՝ ում վրա է ընկնելու ջոկերի դրոշը, դեռ հայտնի չէ, բայց այս պահի դրությամբ ամեն ինչ նույնն է, նոր դեմքեր չկան: Ոչ մի բան չի լինի Ծառուկյանի վերադարձով. մեր իշխանական ոլորտի, այսպես կոչված, կառուցողական գործընկերը նույն նախագահի խնդրանքով է վերադառնում քաղաքականություն»:

Շաքարյանցի խոսքով՝ իրական այլընտրանք չկա, լուրջ քաղաքական ուժ չկա մեր քաղաքական դաշտում, իսկ իշխանությանը լուրջ այլընտրանք, լուրջ ընդդիմություն կարող են լինել միայն դրսից եկած ուժերը: «Կարող է լինել նաև Չինաստանի ուժերի ներկայացուցիչ, Պարսկաստանի, կապ չունի՝ ով է, անունն էլ կարող է տարբեր լինել` «Լուսավոր Հայաստան», «Մշուշոտ Հայաստան», «Շատ հայրենասեր Անդրանիկի կուսակցություն» և այլն»,- ասաց Շաքարյանցը՝ վրդովմունք հայտնելով այն կապակցությամբ, որ Հայաստանի անունը շատ է շահարկվում և ներառվում կուսակցությունների անունների մեջ, ինչը, ըստ նրա, անընդունելի է: «Դու ո՞վ ես, ի՞նչ Հայաստան, դու շատ-շատ Կիրովական ես»,- ասաց նա: