կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-16 18:12
Տնտեսական

ՀՀ-ն աշխարհի ամենամատչելի երկրների 20-ում է. Numbeo

ՀՀ-ն աշխարհի ամենամատչելի երկրների 20-ում է. Numbeo

Հայաստանը ներառվել է բնակության համար աշխարհի ամենամատչելի երկրների 20-յակում: Այդպիսի տվյալներ է բերում Numbeo կազմակերպությունը` հիմնվելով 2017-ին երկրներում ապրուստի արժեքի վարկանիշի վրա:

Վարկանիշը հիմնված է կացարանի, սննդամթերքի, հագուստի, կոմունալ ծառայությունների և մի շարք այլ ապրանքների գների հետազոտության վրա: Վարկանիշը կառուցվում է Նյու Յորքի համեմատ ցուցանիշների հիման վրա: Նյու Յորքի ցուցանիշը 100 է: Եթե երկրի ցուցանիշը 130 է, համարվում է, որ կյանքն այնտեղ 30 տոկոսով ավելի թանկ է, քան Նյու Յորքում, եթե 70- է` նշանակում է, 30 տոկոսով էժան է:

119 երկրների թվում Հայաստանի կյանքի արժեքի վարկանիշը հավասար է 33.87-ի, ՀՀ-ն 19-րդ տեղում է աշխարհի ամենամատչելի երկրների թվում: Հայաստանին հաջորդում են Ուգանդան և Կոլումբիան:

Ադրբեջանն ու Վրաստանը կյանքի համար ամենամատչելի երկրների թոփ-10-ում են, մինչդեռ Թուրքիան և Իրանը 32-րդ և 30-րդ հորիզոնականներում են համապատասխանաբար:

Ամենաթանկ երկրներն են համարվել Բերմուդյան կղզիները, Շվեյցարիան և Իսլանդիան, իսկ առավել մատչելի` Եգիպտոսը, Հնդկաստանն ու Ուկրաինան:

Բացի երկրներից կազմվել է նաև քաղաքների վարկանիշը:

Երևանը 484 քաղաքի վարկանիշում 61-րդ տեղում է 34.6 ցուցանիշով: Բաքուն 32-րդն է ամենամատչելի քաղաքների թվում, Թբիլիսին`28-րդը: Իրանի մայրաքաղաք Թեհրանն այդ ցանկում 110-րդն է:

Ապրուստի համար աշխարհի ամենաթանկ քաղաքն է ճանաչվել Համիլթոնը` Բերմուդյան կղզիների մայրաքաղաքը: Համիլթոնի վարկանիշը 141.59 է, գրեթե 10 կետով ավելի, քան աշխարհի երկրորդ ամենաթանկ քաղաքում` Ժնևում: ԱՄՆ ամենաթանկ քաղաքը` Նյու Յորքը 16-րդն է:

Աշխարհի ամենաէժան քաղաքը հնդկական Տրիվանդուրումն է, որի վարկանիշը 19.83 է: 10 ամենաէժան քաղաքներից 8-ը գտնվում է Հնդկաստանում: