կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-16 21:02
Իրավական

Արագածոտնի նախկին մարզպետի հովանավորյալը ևս 5 տարի կանցկացնի բանտում

Արագածոտնի նախկին մարզպետի հովանավորյալը ևս 5 տարի կանցկացնի բանտում

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել ՀՀ Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախկին պետի, նրա տեղակալի և ևս 20 անձի վերաբերյալ` Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Նշենք, որ դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանի վճռով, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախկին պետ Պարգև Համբարձումյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին մասի, 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, շորթմամբ խոշոր չափի կաշառք ստանալը) և դատապարտվել ութ տարի վեց ամիս ժամկետ ազատազրկման` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով` 2 տարի ժամկետով, առանց գույքի բռնագրավման:

Դատարանի վճռել էր Համբարձումյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, թողնել անփոփոխ, նրա պատժի կրման սկիզբը կհաշվվի 2014թ. փետրվարի 11-ից:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Պարգև Համբարձումյանը, զբաղեցնելով ՀՀ Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնը, այսինքն` հանդիսանալով պաշտոնատար անձ, 2013թ. հունիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում, նախնական համաձայնության գալով դպրոցների տնօրենների հետ, նրանց միջոցով դպրոցներում աշխատանքի ընդունելու համար տարբեր քաղաքացիներից, որպես կաշառք, պահանջել և ստացել է տարբեր չափերի գումարներ, ինչպես նաև 2010-2013 թվականների ընթացքում, դպրոցի տնօրենի հետ նախնական համաձայնությամբ, դպրոցի դրամական միջոցներից յուրացման եղանակով հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար:

Պաշտպանական կողմը, դիմելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, պահանջել էր մասնակի բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը և բեկանված մասերով կայացնել նոր դատական ակտ` առաջադրված մեղադրանքի 12 դրվագով առաջադրված մեղադրանքը վերաորակելով, իսկ մյուս դրվագներով կայացնել արդարացի դատական ակտ` Պարգև Համբարձումյանի նկատմամբ սահմանելով հնարավոր առավել մեղմ պատժաչափ, որը պայմանականորեն չկիրառել, սահմանելով համապատասխան փորձաշրջան:

Վերաքննիչ դատարանը, սակայն, որոշում է կայացել ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2016 թվականի սեպտեմբերի 23-ի դատավճիռը թողնել օրինական ուժի մեջ, իսկ մեղադրող Գ.Սարգսյանի պաշտպաններ` Ե.Վարոսյանի, Ա.Ներսիսյանի, Ա.Առաքելյանի, Հ.Գալստյանի և ամբաստանյալ Ա.Ասլանյանի վերաքննիչ բողոքները մերժել:

Նշենք, որ, Արագածոտնի մարզում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Պարգև Հարությունյանը նախկին մարզպետի՝ Սարգիս Սահակյանի հովանավորյալն է: