Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն անդրադարձավ 2016 թվականին Հայաստանի վարած արտաքին քաղաքականության խնդիրներին ու հաջողություններին:
Ըստ նրա` 2016-ին վիճակ է փոխվել տարածաշրջանում, և այդ փոփոխությունները սկսվել են հունվարի 16-ի լուրերից, երբ պարզ դարձավ, որ Իրանի հանդեպ պատժամիջոցները հանվել են: «Իրանի համար տարածաշրջանում նոր դրսևորման տարի էր, և այսօր էլ տեսնում ենք դրա շարունակությունը: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Ռոհանին այցելել է ՀՀ, և այս այցի ընթացքում պետք է ստորագրվեն բազում պայմանագրեր»,- ասաց քաղաքագետը:
Նա առանձնացրեց ապրիլյան իրադարձությունները և նշեց, որ, չնայած Ադրբեջանի ռազմական գործողություններին, Հայաստանը ունեցել է դիվանագիտական հաջողություններ, և դրանք պայմանավորված են նրանով, որ բանակցային գործընթացում ադրբեջանական մի շարք թեզեր ձախողվել են: «Ադրբեջանը միշտ պնդում էր, թե կարող են ամեն պահի ռազմական ճանապարհով խնդիրը լուծել իրենց օգտին, և պատերազմի չվերսկսումը փորձում էին ներկայացնել որպես իրենց կողմից զիջում: Բացի այդ` այն ադրբեջանական քարոզչությունը, թե իրենց ռազմական բյուջեն հավասար է ՀՀ ողջ բյուջեին, տապալվեց: Դրան ի հակառակ` հայկական կողմի այն իրողությունը, որը մշտապես եղել է, բայց երբեք, որպես քաղաքական գործոն, պաշտոնական Երևանը չի ներկայացրել, հաստատվեց: Այն է` համընդհանուր այս ապակայունացման ընթացքում հայկական զինված ուժերը տարածաշրջանի անվտանգության համակարգի միակ երաշխավորն են, և դա պարզ դարձավ նաև միջազգային հանրության համար»,- ընդգծեց Մելիք-Շահնազարյանը` հավելելով, ապրիլյան իրադարձություններից հետո նաև իրավիճակ է փոխվել բանակցային պրոցեսում:
«Եղան 2 նախագահների 2 հանդիպումներ, որոնք ոչինչ չտվող հանդիպումներ էին, որովհետև Ադրբեջանը հրաժարվեց այնտեղ ձեռք բերված պայմանավորվածություններից և չհրաժարվելու ելք էլ չուներ: Հայկական կողմը առաջ քաշեց նախապայմաններ, որոնք բավարարելու դեպքում պատրաստ են շարունակել բանակցային գործընթացը, և դրանով թույլ չտվեց, որ թե' միջնորդներ, թե 'Ադրբեջանը դեպքերն այնպես զարգացնեն իբր ապրիլյան իրադարձությունները չեն եղել: Այդ նախապայմաններն էլ բանակցային գործընթացում Ադրբեջանի դեմ ճնշումներ գործադրեցին, և Ալիևը ստիպված եղավ խոստովանել, որ բանակցային փակ սենյակներում իրենց վրա ճնշում են գործադրում, որպեսզի ճանաչեն Արցախը»,- շեշտեց քաղաքագետը:
Մելիք-Շահնազարյանը նշեց, որ, այդուհանդերձ, Մինսկի խմբի հետ կապված բացթողումներ կան, որոնք պետք է ուղղվեն մյուս տարի, մասնավորապես` համանախագահողների` իրենց գնահատականները չհասցեագրելու իմաստով:
Նա խոսեց նաև ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիրների մասին` մասնավորապես նշելով, որ Հայաստանն էր նախագահում այս տարի և այս տարի հանձնեց նախագահությունը, և այստեղ մեր ձեռքբերումներն ամբողջական չէին: «Մենք գիտենք, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է անցներ Հայաստանին, ինչը տեղի չունեցավ: Այս խնդիրն օդում կախված է, և խնդրի քաղաքագիտական լուծման կարոտ կա»,- ասաց Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետը նաև անցնող տարում կարևորեց Հռոմի պապի այցելությունը Հայաստան և նշեց, որ դա ավելի շատ կրոնա-քաղաքական նշանակություն ունեցող այց էր: