Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կ.Պոլսի հայոց նոր պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանը թուրքական Sabah-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել ԱՄՆ Սենատի կողմից ընդունված՝ Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վերաբերյալ: «Մենք ցանկանում ենք, որ հիմնախնդրի մասին խոսեն ոչ թե տարբեր երկրների խորհրդարաններ, այլ մարդիկ, որոնք ապրում են այս հողում: Ցանկանում ենք Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավում: Քանի որ նման խոսակցություն չկա, հիմնախնդրի մասին խոսում են օվկիանոսից անդին գտնվող երրորդ երկրներ: Հայկական համայնքն ինտեգրված է Թուրքիայի կյանքին: Մեր ու այս երկրի ճակատագրերն ընդհանուր են: Մենք մոռացել ենք, թե ինչ է եղել 100 տարի առաջ: Մենք որոշել ենք ապրել այս երկրում: Սա այն է, ինչով մենք տարբերվում ենք սփյուռքից ու Հայաստանից: Ինչ-որ կերպ ապաքինել ենք 1915 թվականի վերքը՝ մնալով այս երկրում»,- ասել է պատրիարքը՝ նաև դժգոհելով, որ հայերի 100-ամյա տառապանքները դարձել են այլ երկրների կողմից Թուրքիայի վրա տնտեսական և քաղաքական ճնշում գործադրելու գործիք:
Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը, ըստ Yerkir.am-ի, Regnum-ում հրապարակված իր վերլուծական հոդվածում նշում է, որ Մաշալյանի այս հայտարարությունը միանշանակ չի ընդունվել ինչպես Թուրքիայում բնակվող հայերի կողմից, այնպես էլ այդ երկրի սահմաններից դուրս: Պատրիարքի կարծիքը որակում են «վիճելի», իսկ Ստամբուլում ոմանք Մաշալյանին արդեն համարում են ոչ լեգիտիմ պատրիարք, քանի որ ընտրվել է ընթացակարգային խախտումներով:
«Թուրքիայի ներկայիս պայմաններում իրադարձությունների այլ ընթացք հնարավոր էլ չէր: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անձամբ էր վերահսկում պատրիարքի ընտրությունները, թեև, որպես այդպիսին, «հայկական հարց» ժամանակակից Թուրքիայում գոյություն չունի: Ոչ պաշտոնական տվյալներով՝ այսօր բազմամիլիոնանոց Ստամբուլում հայկական համայնքն ընդամենը 100 հազար մարդ է: Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը հայտարարել էր, որ Պոլսի պատրիարքի ընտրությունն ավելի շուտ քաղաքական իրադարձություն է, քան հոգևոր, քանի որ «աթոռը ենթադրում է ակտիվ մասնակցություն քաղաքականությանը»»,- նշում է ռուս քաղաքագետը՝ մեջբերելով նաև թուրք լրագրող Յուսուֆ Քարաջին, որը Yeni Mesaj պարբերականում գրել է. «Անկարայի խնդիրը հանգում էր այն բանին, որ նախ՝ Կ.Պոլսի պատրիարքին կտրի Էջմիածնից, երկրորդ՝ ձեռք բերի արևմտյան սփյուռքի համակրանքը, իսկ եթե չստացվի՝ չեզոքացնի նրա ազդեցությունը Թուրքիայի հայերի վրա՝ եկեղեցական մասով»:
Տարասովը, դատելով Մաշալյանի հարցազրույցից, եզրակացնում է, որ Էրդողանին Թուրքիայում հաջողվել է հասնել իր նպատակին, բայց ոչ՝ ԱՄՆ-ում: Անկարան չէր սպասում, որ ԱՄՆ Սենատը միաձայն կընդունի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, ընդ որում՝ ամեն ինչ կատարվեց շատ արագ և ոչ միայն հայ լոբբիստների ջանքերի շնորհիվ. նրանց աջակցում էին նաև երկու հրեական ազդեցիկ կազմակերպություններ՝ Հակադիֆամացիոն լիգան և Ամերիկյան հրեական հանձնախումբը, նաև՝ Մերձավոր Արևելքի քրիստոնյա փոքրամասնություններին աջակցող «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպությունը:
Ինչի՞ համար էր այդ շտապողականությունը, ինչո՞ւ լոբբիստներին հանկարծ այդքան հուզեց «պատմական արդարությունը»՝ հարց է տալիս Տարասովը և պատասխանում. «Նրանք ձգտում էին, որ Ցեղասպանության մասին բանաձևը հայտնվի պատժամիջոցների փաթեթում, որոնք ԱՄՆ-ը կիրառում է Թուրքիայի նկատմամբ ռուսական զենիթահրիթռային համալիրների գնման և Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ թուրքական գործողության պատճառով: Ներկայացուցիչների պալատում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Սթեն Հոյերը պարզ հայտարարել է. «Մենք ազդանշան ուղարկեցինք մեր հայ եղբայրներին ու քույրերին, նաև՝ քուրդ եղբայրներին ու քույրերին, որ Միացյալ Նահանգները նրանց չեն լքի»»:
Դա, Տարասովի կարծիքով, իրադարձությունները ներկայացնում է սուր աշխարհաքաղաքական համատեքստում, ինչը, ըստ նրա, չեն թաքցնում նաև բանաձևի մշակմանն ու լոբբինգին մասնակցած հայ համայնքային կազմակերպությունները, թեև կա նաև Ամերիկյան հետազոտությունների երևանյան կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանի կարծիքը, որ եթե Վաշինգտոնը Անկարային պատժելու ծրագրեր կազմեր, դա կաներ պատժամիջոցների, այլ ոչ թե Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի միջոցով:
Տարասովը համաձայն չէ այդ կարծիքին և պարզաբանում է՝ ինչու. «Այստեղից առաջին եզրակացությունը՝ Ցեղասպանության մասին բանաձևն ուղղակիորեն կապված է ԻՊ-ի դեմ պայքարում ԱՄՆ դաշնակից սիրիական քրդերի հանդեպ ամերիկյան քաղաքականության հետ: Սակայն այս հարցում այն ձեռք է բերում կիրառական բնույթ: Քրդական հիմնախնդիրը և Հայկական հարցը ամերիկացիները տեղավորում են «թուրքական պետության ցեղասպանային հակումների» համատեքստում: Երկրորդ եզրակացությունը՝ այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը որակեց «արդարության և ճշմարտության հաղթանակ», պարզ դարձավ, որ Երևանն ամրապնդում է իր դիրքերը ԱՄՆ հայկական համայնքում և ոչ միայն: Թուրքիան և նրա դաշնակից Ադրբեջանը բաց են թողել հզոր հայկական հարված: Նրանք չգիտեն՝ ում հետ բանավիճել ու պայքար մղել՝ Երևանի՞ հետ, որը հանդես է գալիս համայն հայության անունից, թե՞ հայկական սփյուռքի ու ԱՄՆ-ի, որն իր աշխարհաքաղաքական սցենարն է իրագործում: Ստեղծվող կոնյունկտուրայում ինչպես Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիսում, այնպես էլ Ադրբեջանինը՝ ղարաբաղյան ուղղությամբ, կընկալվեն ոչ հօգուտ Անկարայի ու Բաքվի: Դա թակարդ է, որից արագ դուրս գալ դժվար թե ստացվի, իսկ այլ սցենարով շարժվելու պոտենցիալ դեռ չկա: Այնպես որ՝ դիտարկենք ու սպասենք, թե ինչպես կզարգանա «քրդական խաղը», և ինչպես կխաղարկվի «հայկական խաղաթուղթը» Մերձավոր Արևելքում ու Անդրկովկասում»: