կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-19 22:46
Հասարակություն

Երևանում «հեքիաթային Սառցե քաղաք» է բացվել

Երևանում «հեքիաթային Սառցե քաղաք» է բացվել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Ազատության հրապարակ, որտեղ «Նոր տարին Երևանում 2017» միջոցառումների ծրագրի շրջանակում ձևավորվել է հեքիաթային Սառցե քաղաք: Քաղաքապետը շրջել է հրապարակում, ծանոթացել տոնական ձևավորմանը: Երեխաների ժամանցը հետաքրքիր անցկացնելու նպատակով Սառցե քաղաքում տեղադրվել են դղյակներ, սառցե կառույցներ, կարուսելներ, ինչպես նաև Ձմեռ Պապիկի տնակ: Ներկայացնելով նախատեսվող միջոցառումները՝ պատասխանատուները նշել են, որ դեկտեմբերի 19-ից հունվարի 13-ը Սառցե քաղաքում Ձմեռ Պապը սիրով կհյուրընկալի բոլորին: Ազատության հրապարակում կլինեն նաև տարբեր միջոցառումներ ու անակնկալներ: 
Պատասխանելով լրագրողների հարցերին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի լույսերի հետ միասին միացվել է նաև ամբողջ մայրաքաղաքի տոնական լուսավորությունը:
«Այսօր ամբողջությամբ միացվեց Երևանի տոնական լուսավորությունը, որին զուգահեռ լուսավորվել են նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տոնածառերը: Ազատության հրապարակում մենք տեղադրել ենք նոր տոնածառ, արվել է հնարավորը, որպեսզի Սառցե քաղաքում բոլորի համար տոնական տրամադրություն ապահովվի: Այս տարի որոշեցինք տոնական լուսավորման մեկնարկը համեստ կազմակերպել: Նշեմ, որ նախատեսված են տոնական բազմաթիվ միջոցառումներ, որոնք կապահովեն հատկապես մեր երեխաների ամանորյա ուրախ տրամադրությունը: Առիթն օգտագործելով շնորհավորում եմ բոլոր երևանցիներին՝ գալիք տոների առթիվ և մաղթում եմ, որ 2017-ին իրականանան նրանց բոլոր երազանքները», - նշել է քաղաքապետը: