կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-18 11:41
Հասարակություն

Միգրանտների միջազգային օրն է. Հայաստանից մեկնումները գերազանցել են ժամանումներին՝ 43.4 հազարով

Միգրանտների միջազգային օրն է. Հայաստանից մեկնումները գերազանցել են ժամանումներին՝ 43.4 հազարով

1990 թվականի դեկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է միգրանտների եւ նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության կոնվենցիան: Տարիներ անց հենց այս օրը ՄԱԿ-ը որոշում է ընդունել նշել որպես միգրանտների միջազգային օր:

Միգրանտների միջազգային օրը նշելու անհրաժեշտությունն առաջացել է, քանի որ վերջին տարիներին ամբողջ աշխարհում զգալիորեն մեծացել է արտագնա աշխատողների թիվը:

ՄՄԿ-ն անհրաժեշտ է համարում, որ կառավարությունները գնահատեն միգրացիայի օգուտները և ներկայացնեն հասարակության լայն շերտերին:

Փորձագետների գնահատականներով՝ Երկրի բնակչության յուրաքանչյուր 35-րդ բնակիչը միգրանտ է, ով ապրում եւ աշխատում է իր երկրի սահմաններից դուրս:

Ըստ միգրացիայի միջազգային կազմակերպության, եթե պահպանվեն միգրացիայի վերջին տարիների տենդենցները, ապա 2050 թվականին միգրանտների թիվը կարող է հասնել 405 միլիոնի:

Հայաստանում նույնպես միգրացիան աճում է: Մասնագետներն առանձնացնում են միգրանտների 4 տիպեր՝ մշտական, սեզոնային, երկարատև ու կրթական: Ըստ ՀՀ ԱՎԾ-ի կողմից  կատարված հետազոտության՝ Հայաստանում միգրանտների ամենամեծ թվով աչքի են ընկնում Շիրակի ու Գեղարքունիքի, ապա Լոռու, Արագածոտնի և Տավուշի մարզերը: Միգրացիայի պատճառները կարելի է դասակարգել երկու խմբի՝ սոցիալ-տնտեսական (աշխատանքի բացակայություն և ցածր աշխատավարձեր) ու մարդկային զարգացման (պրոֆեսիոնալ աճ և ինքնաիրացում, որակյալ կրթություն, առողջապահական կարիքներ):

 

Հայաստանցի միգրանտների համար ամենանախընտրելի երկրներն են՝ Ռուսաստանը, Ուկրաինան և Միացյալ Նահանգները:  ՀՀ  Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած «Միգրացիոն գործընթացները 2011-2014 թթ» հետազոտության արդյունքների համաձայն՝ տնային տնտեսությունների (տ/տ) 8.9%-ը 2011-2014թթ. ներգրավված են եղել արտաքին և ներքին միգրացիոն գործընթացներում, որոնք կազմել են 15 և բարձր տարիքի անդամների 10.3%:

Միգրացիոն գործընթացներում ներգրավված և մեկնումներից վերադարձածների  74.3%-ի բացակայության տևողությունը կազմել է մինչև մեկ տարի (այդ թվում՝ 31.2%-ի բացակայությունը կազմել է երեք ամիս և պակաս), իսկ 25.7%-ինը` մեկ տարի և ավելի: Ընդ որում, վերադարձածների շուրջ 70% Ռուսաստանի Դաշնությունից է: 2011-2014թթ.-ին իրենց մշտական բնակավայրից բացակայած՝ մեկնած և 2014թ.-ի դրությամբ դեռևս չվերադարձած, 15 և բարձր տարիքի տնային տնտեսությունների անդամների 14.3%-ի բացակայության տևողությունը հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ կազմել է՝ 3 ամիս և պակաս, 51.1%-ինը՝ 4-12 ամիս, իսկ 34.6%-ինը՝ մեկ տարի և ավելի:

 Վերջին 35 տարիների ընթացքում Հայաստանից գումարային զուտ միգրացիան (իմիգրանտների թվից հանած էմիգրանտների թիվը) կազմել է ավելի քան 1 միլիոն մարդ:

ՀՀ սահմանային անցման կետերով իրականացվող արտաքին ուղևորաշրջանառության կազմում` 2015 թ.-ին ՀՀ քաղաքացիների մեկնումները գերազանցել են ժամանումներին շուրջ 43.4 հազարով: