կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-16 18:10
Հասարակություն

Yerkir.am-ի լրագրողը` մրցանակակիր

Yerkir.am-ի լրագրողը` մրցանակակիր

Թրաֆիքինգ երևույթի և դրա դեմ պայքարի աշխատանքների մասին հանրային իրազեկման մակարդակի բարձրացման նպատակով 2011 թվականից սկսած ամեն տարի իրականացվում է լրագրողական մրցանակաբաշխություն: Մրցույթին մասնակցում են այն լրագրողները, ովքեր իրենց նյութերում անդրադարձել են մարդկանց շահագործմանը և կամ թրաֆիքինգին: «Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխությունը» նախաձեռնել է ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդը և կազմակերպում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն: Մրցույթը նպատակ ունի թեման գրագետ և ճիշտ լուսաբանող լրագրողներին խրախուսելով նպաստել մարդկանց թրաֆիքինգի (շահագործման) և դրա դեմ պայքարի լուսաբանման հարցերի վերաբերյալ ազգաբնակչության իրազեկվածության բարձրացումը:

2016 թվականի հոկտեմբերի 17-ին մեկնարկեց լրագրողական մրցույթը, որը տարածվեց foi.am,antitrafficking.am կայքերում, ինչպես նաև էլեկտրոնային փոստով բոլոր ԶԼՄ-ները և լրագրողական կազմակերպությունները տեղեկացան մրցույթի մասին:

Մրցանակաբաշխության համար ամեն տարի հրավիրվում է ժյուրի: Այս տարվա ժյուրին կազմված էր 5 անդամից՝ երեք լրագրողական կազմակերպության ներկայացուցիչ՝ Կարինե Քալանթարյանը, Գեղամ Վարդանյանը, Լիանա Դոյդոյանը և երկու փորձագետ՝ Տաթևիկ Բեժանյանը և Նվեր Սարգսյանը: Լավագույն լրագրողական աշխատանքներն ընտրեց մասնագիտական ժյուրին` առաջնորդվելով նախապես մշակված չափորիշիչներով, լրագրողական էթիկայի և թրաֆիքինգ երևույթի ճիշտ մեկնաբանման սկզբունքներով:

2016թվականի «Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխությանը» ներկայացվել էին 2015 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2016 թվականի հոկտեմբերի 31-ը հրապարակված լրագրողական նյութերը՝ երկու անվանակարգերում. 

  • տպագիր և առցանց լրատվամիջոցներ
  • հեռուստատեսություն և ռադիո

Այս տարվա մրցույթին երկու անվանակարգերում ներկայացվել էր 12 լրագրողական նյութ:


2016 թվականի դեկտեմբերի 16-ին ՀՀ Կառավարության մամուլի սրահում տեղի ունեցավ  «Մարդկանց թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխությունը»: Արարողությանը ներկա էին Խորհրդի և խորհրդին կից միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամներ, պետական պաշտոնյաներ, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ և լրագրողներ:

Մրցանակների հանձնման արարողությանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ փոխվարչապետ,Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նախագահ Վաչե Գաբրիելյանը, ով իր խոսքում նշեց, որ բոլոր կառույցների՝ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ԶՄԼ-ների աշխատանքը պետք է առաջին հերթին միտում ունենա կանխարգելել թրաֆիքինգը:

ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ, ՀՀ-ում մարդկանց շահագործման ՝ թրաֆիքինգի դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը ողջույնի խոսքում կարևորեց թեմայի առնչությամբ լրագրողների աշխատանքը՝ ճիշտ ու գրագետ լուսաբանումը:

Հաջորդիվ մրցույթի կազմակերպիչ, «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Լիանա Դոյդոյանը հայտարարեց մրցույթի արդյունքները:

«Հեռուստատեսություն և ռադիո անվանակարգում»  երրորդ տեղին է արժանացել «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրող Սոնա Խաչատրյանը  «Հայաստանում վերջին 5 տարում թրաֆիքինգի դեպքով 41 քրեական գործ է հարուցվել» հաղորդման համար: Սոնա Խաչատրյանը  շնորհակալություն հայտնեց մրցանակաբաշխության կազմակերպիչներին և նշեց, որ մրցանակաբաշխությունն իր համար մեծ ձեռքբերում էր և առանձնակի կարևորություն ուներ:

Նույն անվանակարգում երկրորդ տեղին է արժանացել «Ար» հեռուստաընկերության «Հատուկ թղթակից» նախագծի լրագրող Արմեն Հայրապետյանը: Նա իր խոսքում շնորհակալություն հայտնեց մրցանակաբաշխության նախաձեռնողներին և թրաֆիքինգի հարցերով փորձագետ Արզուման Հարությունյանին նյութի պատրաստման հարցում ակտիվ աջակցության համար:

«Հեռուստատեսություն և ռադիո» անվանակարգում առաջին տեղն է զբաղեցրել «Երկիր մեդիա» հեռուսաընկերության լրագրող Նունե Հովսեփյանը «Թրաֆիքինգ. պայքարն արդյունավետ է, թեև ծնող պատճառները չեն վերացել» հաղորդման համար:

«Տպագիր և առցանց լրատվամիջոցներ անվանակարգում» երրորդ տեղին է արժանացել «Yerkir.am»  առցանց լրատվամիջոցի լրագրող Թագուհի Մելքոնյանը «Ինչպես մայր ու աղջիկ հանդիպեցին կալանավայրում» հրապարակման համար: Նույն անվանակարգում երկրորդ տեղին է արժանացել АМИ «Новости-Армения» առցանց լրատվամիջոցի լրագրող Իննա Վեռլինսկայան «Как не стать жертвой трафикинга?» հրապարակման համար: «Տպագիր և առցանց լրատվամիջոցներ անվանակարգում» այս տարի թափուր է մնաց առաջին հորիզոնականը:

Հաղթող աշխատանքները այս հղումներով՝

Նունե Հովսեփյան – «Թրաֆիքինգ.պայքարն արդյունավետ է, թեև ծնող պատճառները չեն վերացել»  

Արմեն Հայրապետյան– «Հատուկ թղթակից 174»

Սոնա Խաչատրյան – «Հայաստանում վերջին 5 տարում թրաֆիքինգի դեպքով 41 քրեական գործ է հարուցվել»       

Իննա Վեռլինսկայա– «Как не стать жертвой трафикинга?»

Թագուհի Մելքոնյան– «Ինչպես մայր ու աղջիկ հանդիպեցին կալանավայրում» 

Մրցանակաբաշխության ֆոտոշարքը այս հղումով՝  «Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխություն»