կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-29 13:14
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շուշին ադրբեջանակա՞ն է, թե՞ հայկական․ Yerkir.am-ի լրագրողը, Փաշինյանի խնդրանքով, հարցը տարավ կառավարություն

Շուշին՝ ա) ադրբեջանական է, բ) հայկական է․ այս տարբերակները պաստառի վրա նշելով՝ Yerkir.am-ի լրագրող Լիանա Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանի խնդրանքով, անձամբ ներկայացել է կառավարություն և ընթերցել վարչապետի հայտարարությունը ԱԺ ամբիոնից՝ «ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»։

Լրագրողն ասաց, որ ակնկալում է, որ Նիկոլ Փաշինյանը կկատարի իր խոստումը, կիջնի և պաստառի վրա գրված տարբերակներից մեկը կընտրի՝ Շուշին ադրբեջանակա՞ն է, թե՞ հայկական։

Լրագրողը 20 րոպե ժամանակ տվեց վարչապետին՝ խոստումը կատարելու համար։

Շրջակայքում գտնվող՝ Նիկոլ Փաշինյանի համակիր կանանցից մեկը, սակայն, հափշտակեց պաստառը, պատռեց ու սկսեց հարվածներ հասցնել և  հրհրել լրագրողին։

Լիանա Սարգսյանը ամփոփեց ակցիան․ «Բռնությամբ ձեռքիցս խլեցին պաստառը, պատռեցին։ Այստեղ իրավիճակը բավականին վախեցնող է, այս իրավիճակը այլևս անհանդուրժելի է։ Ցանկացած պատեհ առիթի կարող եմ վարչապետին նորից այդ հարցադրումը անել, քանի որ ես, որպես ՀՀ քաղաքացի, ուզում եմ, ի վերջո, հասկանալ՝ մեր վարչապետը Շուշին համարում է հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական»։

Հիշեցնենք, որ Եռաբլուրում մեր լրագրողի հարցին՝ դուք բարձր ամբիոնից հայտարարում եք, որ Շուշին ադրբեջանակա՞ն է, Փաշինյանը, իրեն կորցրած, պատասխանել է. «Մի րոպե, մի րոպե, թղթի վրա գրեք մեջբերումը, իմ մեջբերումը կբերեք Դուք անձամբ՝ թղթի վրա, որ ես դա հայտարարել եմ, և ուղիղ եթերում ես ձեր հարցին կպատասխանեմ»:

Մանրամասները՝ տեսանյութում․