կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-14 13:39
Հասարակություն

Ձվադրման շրջանի հետ կապված կրճատվել է շուկաներում սիգ ձկնատեսակի վաճառքի կետերի թիվը

Ձվադրման շրջանի հետ կապված կրճատվել է շուկաներում սիգ ձկնատեսակի վաճառքի կետերի թիվը

Սևանա լճում ձվադրման արգելքի ժամանակահատվածում արձանագրված ապօրինի ձկնորսության դեպքերից 4-ով հարուցվել է քրեական գործ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության պետի տեղակալ Իգոր Սարգսյանը: Վերջինիս խոսքով՝ արգելման ժամանակահատվածում կրճատվել է շուկայում սիգ ձկնատեսակի վաճառքի կետերի թիվը, սակայն դեռևս կան վերավաճառողներ, ովքեր ապօրինի եղանակով որսած ձուկ են վաճառում:

Հիշեցնենք, որ ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով Սեւանա լճում 2016 թվականի դեկտեմբերի 1-25-ը եւ 2017 թվականի հունվարի 6-25-ը արգելվել է ձկան եւ խեցգետնի որսը՝ պայմանավորված ձվադրման շրջանի հետ:

ՀՀ բնապահպանության նախարարի, ՀՀ ոստիկանության պետի եւ Գեղարքունիքի մարզպետի կողմից ստորագրված համատեղ միջոցառումների շրջանակներում կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ եւ աշխատանքներ, ստեղծվել են հսկիչ կետեր, կազմակերպվել ստուգայցեր, սակայն ապօրինի ձկնորսությունը կանխելու ուղղությամբ դեռևս որոշակի անելիքներ կան:

Սարգսյանը հավաստիացրեց, որ այս շրջանում արհեստական ջրավազաններում ևս սիգ ձկնատեսակ չեն որսում ու վաճառում, սիգի վաճառքի դեպքեր ըստ նրա՝ առկա չեն նաև սուպերմարկետներում: Սարգսյանի խոսքով՝ պատժելը վերջին միջոցն է, որը ձեռնարկում են համապատասխան մարմինները, մինչ այդ ձկնորսների և գյուղացիների հետ բացատրական աշխատանքներ են տարվում, բացատրում են, որ չի կարելի ձվադրման ընթացքում ձուկ որսալ, որպեսզի գոնե հաջորդ տարի Սևանա լճում սիգի քանակի խնդիր չլինի:

Նշենք, որ ներկայումս Սևանա լճում առկա է արդյունագործական չափերի մոտ 450 տոննա ձկան պաշար, լճում առկա ձկների 70-80 տոկոսը կազմում են մանրաձկները:

Անդրադառնալով Սևանի իշխանին, Սարգսյանը նշեց, որ չնայած այդ ձկնատեսակը լինելով անհետացող տեսակ, շարունակում են որսալ: Ներկայումս լճում իշխանի պաշարը մեկ-մեկուկես տոննա է:

«Հորդորում եմ ձկնորսներին զերծ մնալ ձկնագողությունից, քանի որ չի կարելի հղի կենդանուն սպանել, իսկ մարդկանց էլ խորհուրդ կտայի գոնե այդ ընթացքում ձուկ չգնել և չնպաստել ձկնատեսակի ոչնչացմանը»,-ասաց նա: