կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-13 16:40
Առանց Կատեգորիա

Ադրբեջանի հոգեբանական դիվերսիան

Ադրբեջանի հոգեբանական դիվերսիան

Հայկական մի քանի կայքեր երեկ տեղեկություն հրապարակեցին, թե ներկայումս Գերմանիայում բնակվող ոմն Արմեն Վիրաբյան ցանկություն է հայտնել մեկնել Բաքու և միանալ ավելի վաղ Ադրբեջան այցելած և որպես հայաստանյան բռնաճնշումների ենթարկված քաղաքացիական ակտիվիստներ ներկայացող Վահե Ավետյանի, Սյուզան Ջաղինյանի և Վահան Մարտիրոսյանի մասնակցությամբ ստորագրված «Հայ-ադրբեջանական խաղաղության հարթակի» հռչակագրին: Հիշեցնենք, որ այդ «հռչակագիրը» վերոնշյալ անձինք մոտ մեկ ամիս առաջ Բաքվում շուքով ստորագրեցին ադրբեջանցի մի խումբ, այսպես կոչված, իրավապաշտպանների հետ: Դրանով նրանք նախագահներ Իլհամ Ալիևին և Սերժ Սարգսյանին կոչ են անում ԼՂ հարցում հասնել խաղաղության` փաստացի ԼՂ-ն ամբողջությամբ Ադրբեջանին հանձնելով:

Սակայն դրանից հետո Վիրաբյանի հարազատները և «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանը (Վիրաբյանը հանդես է եկել որպես այս կուսակցության անդամ) հավաստիացրեցին, թե նա Բաքու մեկնելու մտադրություն չունի, այլ դարձել է որպես haqqin.az-ի «հատուկ թղթակից» հանդես եկող Վահան Մարտիրոսյանի մանիպուլյացիոն խաղերի զոհը:

Սա վերջին երկու շաբաթվա ընթացքում  երկրորդ նման դեպքն էր: Դրանից առաջ նույնպիսի փորձ արվել էր նաև ՀՀ ԶՈՒ նախկին սպա Նորայր Մինասյանի նկատմամբ: Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պարզաբանել էր, որ իսկապես կապ է հաստատել Մարտիրոսյանի հետ, նրանից գումար ստացել, նրան փոխանցել իր անձնագրի լուսապատճենը, ապա, հավաստիացնելով, թե մեկնում է Բաքու, վերադարձել է Երևան՝ այդպիսով մերկացնելով Մարտիրոսյանի գործունեությունը:

Վիրաբյանի և Մինասյանի հետ տեղի ունեցածն աչքի է ընկնում հստակ ձեռագրի և մեթոդաբանության նույնությամբ: Առաջին ընդհանուր, բնորոշ գիծը Մարտիրոսյանի կողմից Հայաստանի նախկին կամ ներկա այնպիսի քաղաքացիների թիրախավորումն է, որոնք երկրի իշխանությունների նկատմամբ ունեցած` ընդհուպ ատելության ֆոնին հեշտությամբ են ենթարկվում մանիպուլյացիայի: Երկրորդը նրանց որոշակի գումարով գայթակղելն է` ռադիկալ գործողությունների դիմելուն մոտիվացնելու նպատակով: Դրան է միտված նաև կոնտակտի դուրս եկած անձանց անձնագրային տվյալների և նրանց հետ համացանցային խոսակցության տեսաձայնագրության հրապարակումը: Դրանով փորձ է արվում այդ մարդկանց վերջնականապես զրկել հետդարձի հնարավորությունից՝ կիրառելով, այսպես կոչված, սեփական երկրում և հայրենակիցների շրջանում դավաճանի պիտակին արժանանալու` չափազանց ազդեցիկ բարոյահոգեբանական ճնշամիջոցը:

Այս մեթոդների կիրառումը կասկած չի թողնում, որ Վահան Մարտիրոսյանը ոչ թե պարզապես haqqin.az-ի հատուկ թղթակիցն է, այլ այդ երկրի հատուկ ծառայությունների բացահայտ հաստիքային գործակալը, որի առջև դրվել է հնարավորինս շատ հայաստանցիներ հավաքագրելու խնդիրը: Նրա գործունեության հիմնական թիրախներն իրականում շատ ավելի խորքային են, քան թվում է առաջին հայացքից:

Նախ՝ ակնհայտ է, որ թիրախավորվել է հայկական բանակի նկատմամբ հայաստանյան հասարակության անվերապահ հավատը: Դրա մասին է վկայում պոտենցիալ  զոհերին հատկապես բանակի հետ կապ ունեցողների շրջանում փնտրելը: Եթե Նորայր Մինասյանը ՀՀ ԶՈՒ նախին սպա էր, ապա Արմեն Վիրաբյանի անունը Մարտիրոսյանն իր հրապարակումներում համառորեն կապում է ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի հետ: Նման կերպ հայկական լսարանի առջև փորձ է արվում փաստարկել, թե հայկական բանակում կան «դավաճաններ», քաղաքական այլախոհներ, հետևաբար, բանակն այնքան վստահելի չէ, որքան պատկերացնում է հայ հասարակությունը:

Երկրորդ՝ հատկապես այն փաստը, որ հավաքագրման վերջին երկու փորձերի դեպքում շահարկվում է ադրբեջանահաճո հռչակագրին, այսպես կոչված, «զոհերի» միանալու ցանկությունը, վկայում է, որ Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե իրականում հայաստանյան ակտիվ քաղաքացիական-հասարակական շրջանակներում մեծ է այն մարդկանց թիվը, որոնք համաձայն են Արցախի հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում լուծելուն, սակայն չեն կարող հրապարակավ գործել հայաստանյան իշխանությունների հաստատած վախի, ահաբեկման մթնոլորտի և բռնաճնշումներից խուսափելու պատճառով: Այս դեպքում թիրախը միջազգային հանրությունն է, որին Բաքուն փորձում է հավատացնել, թե կարգավորման հարցում հայկական կողմում միասնականություն չկա, և կարելի է այդ իրողությունը խաղարկել Երևանին զիջումներ պարտադրելու համար:

Երրորդ՝ Ադրբեջանը Մարտիրոսյանի բաց գործակալական գործունեությունը կիրառում է որպես քարոզչական դիվերսանտ, որը ընթացող տեղեկատվական ճակատամարտերում ժամանակ առ ժամանակ դիվերսիոն պայթեցումներ է իրականացնում հայաստանյան մեդիամիջավայրում: Մանիպուլյացիային հեշտությամբ տրվելու` շատերի հակումը նա ծառայեցնում է որպես հասարակության դեմ հոգեբանական գրոհի միջոց՝ առաջին հերթին ցույց տալու, թե որքան խոցելի են նրա անվտանգության երկու հիմնական բաղադրիչները՝ բանակը և ազգային անվտանգության համակարգը: Այն արագությունը, որով հայկական որոշ ռեսուրսներ սկսում են ծամծմել և տիրաժավորել նետված տեղեկատվական խայծը, ցույց է տալիս, որ մեծ հաշվով այս ճակատում հայկական «բնագծերը» սարսափելի խոցելի են:

Բայց հարցը միայն մեդիադաշտի խոցելիությունը չէ: Որքան ակնառու են վահանմարտիրոսյան երևույթի ծավալած գործունեության հեռահար նպատակները, այնքան անհասկանալի է թվում Հայաստանի ԱԱԾ-ի դրսևորած` առնվազն արտաքին հանգստությունը: Դրանից տպավորությունն այնպիսին է, որ կա'մ ԱԱԾ-ն իսկապես ադեկվատության հետ լուրջ խնդիր ունի, կա'մ գործ ունենք ծայրահեղ հակառակ երևույթի հետ, որ ԱԱԾ-ն ոչ միայն տեսնում է այդ ամենը, այլև լիարժեք վերահսկում, և որ դա իրականացվող` ինչ-որ շատ ավելի լավ կազմակերպված օպերացիայի արգասիքն է:

Գևորգ Դարբինյան