Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունները, որի ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը, եղել են շատ բարդ կազմակերպված: Այս մասին այսօր ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննսիյանը եւ նշեց, որ եզակի են լինում դեպքեր, երբ դիվերսիոն գործողություններ իրականացնելիս հակառակորդի զինծառայողները բաժանվում են 2-3 խմբի' հիմնական հարձակվող խումբ, աջակցող խումբ, շեղող խումբ, եւ խնդիր է դրվում միանգամից մի քանի դիրքերի վրա նման հանդուգն հարձակումներ գործել:
«Գործողությունն իր տեսակով բարդ է եղել. բարդության աստիճանի մասին են խոսում հակառակորդի ունեցած տեխնիկայի ու զենքի բացառիկ նմուշները, նաեւ` մարտավարությունը: Պետք է ասել, որ մարտավարական առումով հակառակորդը լուրջ առավելություններ է ունեցել: Նախ' տեխնիկական առումով, հետո' հանկարծակիությունը, քանակական առավելությունը եւ այլն»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը եւ հավելեց, թե, սակայն, այդ դեպքում անգամ, ինչպես ցույց են տալիս հայկական կողմի փայլուն, գրագետ գործողությունները` դիրքի ավագից սկսած մինչեւ վերջին շարքային զինվորը, դիտորդը, գործել են փայլուն մարտավարական գործողություններով եւ շուրջ 30 րոպե տեւած ինտենսիվ կրակով ուղեկցվող մարտական գործողություններն ավարտվել են դիվերսիոն խմբի համար տապալմամբ:
ՊՆ մամուլի խոսնակն ասաց նաեւ, թե հենց առաջին օրվանից համոզված են եղել, որ ադրբեջանական կողմը եւս ունի կորուստներ, ուղղակի հստակ ապացուցել դա ոչ ոք չի կարող, քանի դեռ նրանք ինչ-որ բան չեն խոստովանել:
«Ինչպես տեսնում ենք, արդեն 4 զոհի մասին տեղեկություններ կան, ընդ որում` անհեթեթ պատճառաբանություններով' ավտովթարներից, ինչ-որ կրակոցներից եւ այլն: Առաջիկայում մենք նրանց կողմից սպասում ենք նմանաբնույթ մեկնաբանություններով այլ կորուստների մասին լուրերի եւս, ասենք` մի քանի օր հետո միայն»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է թշնամու կողմից դիվերսիոն գործողություններ անցկացնելու օրվա ընտրությանը' կապվա՞ծ է այն, արդյոք, Բաքվի դեպքերի հետ, թե՞ ոչ, ապա Արծրուն Հովհաննիսյանը նշեց, թե դա քաղաքական գնահատական է, բայց ամեն դեպքում առաջին հայացքից երեւում է, որ փորձել են այդ օրը այդ գործողություններին դիմել: Սակայն կոնկրետ ու հստակ պնդել, թե օրվա ընտրությունը կապված է Բաքվի դեպքերի հետ, ՊՆ մամլո խոսնակը չփորձեց' նշելով, թե դա կարելի է անել մի քիչ ավելի լուրջ ուսումնասիրություններից հետո միայն: