կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-12 16:50
Մշակույթ

20 տարի անց հասկացան` գրապալատում սունկ աճեցնելը ձեռնտու չէ

ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ որոշվել էր «Հայաստանի ազգային գրապալատ» ՊՈԱԿ-ը վերակազմակերպել և միացնել «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ին: Որոշման հիմքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականն է` կրճատել իրենց կառավարման ոլորտում գտնվող ՊՈԱԿ-ները:

2014-ին, երբ այցելեցի Հայաստանի ազգային գրապալատ, տեղում սնկերի թագավորության նոր տեսակներ հայտնաբերեցի ինձ համար: 1990-ականների սկզբին գրապալատը գտնվում էր Գևորգ Քոչարի 21 հասցեում` շենքի նկուղային հարկում: Գրապալատի պայմանները վտանգավոր էին տեղում պահվող նմուշների համար` խոնավ և փոքր: 1995-96թթ. «Հակոբ Մեղապարտ» տպագրատան հետ տարածքների փոխանակությամբ գրապահոցը տեղափոխելու ծրագիր մշակվեց ու իրագործվեց. 1996-ին գրապալատը տեղափոխվեց շենքի տանիք: 20 տարի այնտեղ գրապալատն ուղղակի գոյատևեց, քանի որ տանիքից կաթկթում էր, և խոնավությունը կրկին հյուր էր եկել:

Գրապահոցներում պահվում են 1920-ից մինչ օրս ՀՀ-ում և վերջին տարիներին նաև Սփյուռքում հրապարակված բոլոր տեսակի տպագիր նյութերը: Ստացված նյութերի հիման վրա ազգային մատենագրություն են ստեղծում և տարածում բոլոր գրադարաններին ու մշակութային կազմակերպություններին: Գրապալատի նախկին տնօրեն Հովհաննես Բեքմեզյանը yerkir.am-ի հետ զրույցում նշել էր, որ իրենք խնդիրը քանիցս ներկայացրել են թե՛ մշակույթի նախարարներին, թե՛ քաղաքապետարանին` կա'մ նոր տարածք տեղափոխվելու, կա'մ' եղածը վերանորոգելու խնդրանքով, իսկ պատասխանը մեկն է եղել` ֆինանսներ չկան:

Ի դեպ, տարիների ընթացքում նոր տարածքը նույնպես սկսեց քչություն անել եղած գրքերի համար, քանի որ անձեռնմխելի ֆոնդերի պահպանության հատվածը 330 քմ է, որը նախատեսված է 1 մլն կտոր նյութ պահելու համար, իսկ տարածքում արդեն իսկ 1 300 000-ից ավելի գիրք կա:

2016-ին գրապալատի պատկերը նույնն է մնացել, միայն թե սնկերը չկան: Գրապալատի տնօրենը` Գևորգ Հարությունյանը, yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց միջոցներով փորձել են վերանորոգել տանիքը, բայց խնդիրը հիմնովին չի լուծվել. տարածքը փոքր է, խոնավ, տանիքը հիմնանորոգման կարիք ունի: Տնօրենը խնդիրը քանիցս ներկայացրել է մշակույթի նախարարությանը:

Այժմ, որպես առանձին կառույց,  գրապալատը, փաստորեն, այլևս գոյություն չունի: Այն արժանացավ նույն բախտին, ինչ մեր մշակութային մի շարք կառույցներ. նախ, տարածքին տիրություն չանելով, թողնում են, որ այն վերածվի ոչ պիտանի կառույցի, հետո արդեն վերածում են մեկ այլ կառույցի` փոխելով դրա ֆունկցիաները և հայտարարելով, որ տարածքն արդեն բանի պետք չէ: Այս դեպքում մեր բախտը բերեց միայն այնքանով, որ կառույցը, որպես այդպիսին, պատմամշակութային արժեք չէր ներկայացնում: Այլ հարց է, իհարկե, կառույցի ֆունկցիաները:

Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ «Գրապալատ» ՊՈԱԿ-ը վերակազմավորվել է, քանի որ տրամադրված շենքային պայմանները, մեղմ ասած, չեն բավարարում ծառայությունների մատուցման ներկա պահանջներին: Իսկ թե ո՞վ պետք է ապահովեր համապատասխան պայմաններ, երբ կառույցը մշակույթի նախարարության ենթակայության ներքո էր, մշակույթի նախարարությունը շրջանցում է հարցը:

«Հիշյալ ՊՈԱԿ-ներին տրամադրվող տարածքները հնարավորություն կտան լիարժեք կազմակերպելու թվայնացման աշխատանքը, ինչպես նաև հավելյալ այցելությունների հնարավորություն կտան, այդ թվում՝ ի դեմս առցանց օգտվողների: Կկրճատվեն հիշյալ ծառայությունները մատուցելու համար ոչ անհրաժեշտ հաստիքները՝ տնօրեն, հաշվապահ, գործավար և այլն: Ֆոնդերի թվայնացմամբ հիշյալ ՊՈԱԿ-ների աշխատանքն ամբողջությամբ կտեղափոխվի նոր տարածքներ՝ ծառայությունները լիարժեք մատուցելու համար»,- տեղեկացնում են նախարարությունից:

Ի դեպ, ազատված տարածքները կտրամադրվեն մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող այլ ՊՈԱԿ-ների, որոնք մինչ այդ չեն ունեցել գրասենյակային տարածքներ:

Ներկայացնենք գրապալատի` շենքային պայմանների մասին պատմող մեր տեսանյութը` 2014-ին և 2016-ին նկարահանված: 

 

Կ. Հ.