կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-02 11:44
Հասարակություն

Զինված տղաները հանձնվեցին, որովհետև հասկացան, որ իրենց օգտագործում են

Զինված տղաները հանձնվեցին, որովհետև հասկացան, որ իրենց օգտագործում են

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն ամփոփեց վերջին 15 օրերը` ՊՊԾ գունդը գրավելուց ի վեր: Նրա խոսքով՝ իրավապահ մարմինները օր ու գիշեր ամեն ինչ արեցին, որ արյունահեղություն չլինի: Ըստ Իսագուլյանի`որևէ նախադեպ չունի այդ դեպքը, երբ զինված խումբը մտնում է պետական նշանակության զինվորական մասին, գրավում է այն, 15 օր պարալիզացնելով պետական մարմինների աշխատանքը, բայց այդ պետական մարմիններն արեցին ամեն ինչ որ զոհ չլինի:

«Իմ անունից շնորհակալություն եմ հայտնում հանրապետության նախագահին իր համբերության և կատարած աշխատանքի համար, շնորհակալություն եմ հայտնում նաև ուժային կառույցներին կատարած աշխատանքի համար: Այդ 15 օրերին բոլորի աչքից հեռու հարյուրավոր հանդիպումներ են եղել, և ես ասել եմ, որ բացի Վիտալի Բալասանյանից ոչ ոք չի կարող միջնորդական դեր ստանձնել զինյալ խմբի հետ բանակցություններում: Այդ բանակցությունները երբեք էլ չեն ընդհատվել: Զինված տղաները հասկացան մեկ պարզ բան, որ իրենց, ըստ էության, օգտագործում են, և շատ շատերին պետք է իրենց մահն ու արյունը, որ գործընթացները ստանան այլ շարունակություն: Ահա ինչու նրանք զենքը վայր դրեցին: Աշխարհում աննախադեպ էր այն, որ նրանց նկատմամբ մարդկային վերաբերմունք ցույց տրվեց, հանձնվելուց հետո, նման ցուցում էր տվել երկրի նախագահը»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը՝ հավելելով, որ Վիտալի Բալասանյանը մեկ շաբաթից գալու է Արցախից ու հանդիպելու է ՊՊԾ գունդը գրաված տղաների հետ:

Գառնիկ Իսագուլյանը տարակուսած էր, թե ինչպես այս օրերի ընթացքում ապատեղեկատվություն տարածեցին քաղաքագետ Արա Պապյանը, Արցախում ընդդիմադիր գործիչ Վահան Բադասյանը, որոնց հայտարարությունները շատ վտանգավոր են եղել:

«Տղաների պաշտպանության գործին լծվել է Վիտալի Բալասանյանը և երկրի նախագահը, ավելի լավ է՝ ոչ ոք չխառնվի այդ գործընթացին, ու կտեսնեք, որ ամեն ինչ արդար կլինի»,- ասաց Իսագուլյանը: