կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-17 17:28
Մշակույթ

Սնկերի թագավորություն` գրապալատում. արդեն 10 տարի է` գրապալատում սունկ են «աճեցնում»

Սնկերի թագավորություն` գրապալատում. արդեն 10 տարի է` գրապալատում սունկ են «աճեցնում»

Սնկերը ստորակարգ կորիզավոր օրգանիզմների առանձին թագավորություն են, ու քանի որ այդ խումբը կոչում են թագավորություն` դրանք էլ իրենց տեր ու տիրական են զգում այն տարածքում, որտեղ աճում են: Սնկերը մի շատ կարևոր հատկություն ունեն` մյուս քայքայողների հետ միաժամանակ նպաստում են մահացած օրգանիզմների քայքայմանն ու հումուսի գոյացմանը, քայքայելով մահացած օրգանիզմները` սնկերը հողը հարստացնում են բույսերի համար անհրաժեշտ հանքանյութերով, սակայն, միաժամանակ, այդկերպ արագացնում են փտման ընթացքը: Այսինքն` կարևոր է, թե  որտեղ է աճում սունկը և ինչին է նպաստելու:

 

Ի դեպ, ՀՀ-ում սնկերի մոտ 4200 տեսակ գոյություն ունի, իսկ թե հատկապես ո՞ր տեսակներն են աճում Հայաստանի ազգային գրապալատի պահոցներում, դժվար է ասել:

 

1993-ին գրապալատի տնօրեն նշանակվեց Հովհաննես Բեքմեզյանը, այդ ժամանակ գրապալատը գտնվում էր Գևորգ Քոչարի 21 հասցեում` շենքի նկուղային հարկում: Գրապալատի պայմաններն ահավոր էին` տեղը` խոնավ, տարածքը` փոքր: 1995-96թթ. «Հակոբ Մեղապարտ» տպագրատան հետ տարածքների փոխանակությամբ գրապահոցը տեղափոխելու ծրագիր մշակվեց ու իրագործվեց: 1996-ին գրապալատը տեղափոխվեց շենքի տանիք:

 

Yerkir.am-ի հետ զրույցում գրապալատի տնօրեն Հովհաննես Բեքմեզյանը նշեց, որ տեղափոխությունից հետո տարածքը վերանորոգվեց, սակայն հերթը տանիքին չհասավ, տանիքը պետք է վերանորոգվեր երկրորդ փուլով` 1997-98-ին: Այդ թվերին իշխանափոխություն տեղի ունեցավ, և գրապալատի տանիքի վերանորոգման հարցը մոռացվեց:

 

«Տարիներ անց տանիքը սկսեց «ցույց տալ», որ ի վիճակի չէ իր դերը կատարել: Արդեն 2003-2004թթ. տանիքից սկսեց կաթկթել: Մեր ուժերով փորձեցինք կարկատաններ անել, բայց, միևնույն է, ոչինչ չօգնեց: 2006 թվականից հետո ամեն տարի ես մեր միջնաժամկետ ծրագրերի միջոցով մշակույթի նախարարությանը ներկայացնում եմ տանիքի վերանորոգման հարցը` որպես առաջնահերթ խնդիր: Նախարարությունից ասում են, որ իրենք հարցը ներկայացնում են կառավարությանը, ցավոք, կառավարությունը գումարներ չի գտնում` խնդիրը լուծելու համար»,- ասաց Բեքմեզյանը:

 

Նա նշեց նաև, որ, նախնական հաշվարկներով, մոտ 200 մլն է հարկավոր, որը կբավականացնի ոչ միայն տանիքի վերանորոգմանը, այնպես էլ տարածքի ավելացման խնդրի լուծմանը: Տարեցտարի գրապահոցներում պահվող գրքերի և թերթերի քանակը, բնականաբար, ավելանում է, և այժմ գրապալատը նաև տարածքի խնդիր ունի:

 

«Տանիքը բավական բարձր է, և ձեղնահարկ կառուցելու հնարավորություն ունենք: Եթե այսպես շարունակվի` կորցնելու ենք այս հավաքածուն, այն գրքերը, որոնք միայն մենք ունենք»,- ցավով նշեց տնօրենը:

 

Ի դեպ, գրապալատի հիմնական գործառույթը գրապահոցում ազգային անձեռնմխելի ֆոնդերի պահպանությունն է: Գրապահոցներում պահվում են 1920 թվականից այս կողմ ՀՀ-ում և վերջին շրջանում նաև Սփյուռքում հրապարակված բոլոր տեսակի տպագիր նյութերը: ՀՀ-ում լույս տեսած տպագիր նյութերը գրապալատը ստանում է պարտադիր օրինակի հիմունքով, իսկ Սփյուռքում լույս տեսածը` նվիրատվությունների միջոցով: Ավելին` ստացված նյութերի հիման վրա ազգային մատենագրություն են ստեղծում և տարածում բոլոր գրադարաններին ու մշակութային կազմակերպություններին` տեղյակ պահելու համար, թե հայատառ ինչ է լույս տեսնում: Այժմ գրապալատում կան գրքեր և թերթեր, որոնք բացառիկ են, միակ նմուշը` տարիների խորքից մնացած:

 

«Հիմա տարածքում խոնավությունից սնկեր են աճում, մոմլաթներով մի կերպ ծածկում ենք գրքերը, որ փորձենք պահպանել կաթոցներից, բայց չի օգնում: Կառավարությունն ասում է` գումար չկա, բայց գումար չլինելը հարաբերական հասկացություն է, քանի որ հաճախ գումար գտնում են հազար ու մի այլ բանի համար: Ես դիմել եմ մշակույթի նախարարությանը, որ հանձնաժողով ստեղծեն ու գան, տեղում տեսնեն իրավիճակը: 2 տարի առաջ Նարեկ Սարգսյանն Արև Սամուելյանի հետ այցելեց մեզ: Ներկայացրինք իրավիճակը, բայց դա էլ որևէ արդյունք չտվեց»,- ասաց Բեքմեզյանը:

 

Նա հույս չունի, որ 2015-ին հարցը որևէ կերպ լուծում կստանա, որովհետև արդեն հաստատվել է 2015-ի բյուջեն, բայց գրապալատի հետ կապված որևէ տող չկա: Տնօրենի համոզմամբ` կառավարությունն ուղղակի պարտավոր է իր մշակութային հարստությունը պահպանելու միջոցները գտնել: «Ի վերջո, վաղն ասվելու է` այսինչ իշխանությունների օրոք այդ գրքերը վերացան և այսինչ տնօրենի, որն այդպես էլ չկարողացավ այդ խնդիրը լուծել»,- մտահոգվում է Բեքմեզյանը:

 

ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախարարությունն ամեն տարի /արդեն շուրջ 7-8 տարի շարունակ/ եռամսյակը մեկ, երբ կառավարությանը և քաղաքաշինության նախարարությանը ներկայացնում է իր առաջնահերթությունները, գրապալատի տանիքի վերանորոգման հարցը պարտադիր ներառում է դրանց մեջ:

 

«Խնդիրն այն է, որ պետական վերանորոգությունների համար գումար է տրվում առաջին հերթին սահմանային և մարզային գոտուն, հետո արդեն` կրթական հաստատություններին, այսինքն` մշակույթի ոլորտն առաջնություն չէ: Սա կապված է նաև բյուջեի սղության հետ: Իսկ գրապալատի տանիքի վերանորոգման համար անհրաժեշտ է 90 մլն դրամ»,- ասաց փոխնախարարը:

 

Ըստ նրա` քանի որ գրապալատը գտնվում է շենքի վերջին հարկում, տանիքի խնդիրը մնացել է «նրանց վրա», սակայն, Սամուելյանի համոզմամբ, խնդիրը պետք է լուծեն շենքում գտնվող բոլոր կազմակերպությունները` համատեղ ուժերով:

 

«Սա շատ լուրջ խնդիր է, և մենք փորձում ենք տարբերակներ գտնել, քանի որ հնարավոր չէ այդտեղ պահվող գրքերն ու թերթերը տեղափոխել: Կա նաև նախագիծ, որ պետք է մեկ հարկ էլ ավելացվի, որովհետև տարածքն արդեն փոքր է եղած հարստության համար»,- ասաց Սամուելյանը:

 

Մինչ գրապալատը, խնդրի հետ կապված, դիմում է մշակույթի նախարարությանը, մշակույթի նախարարությունը` կառավարությանն ու քաղաքաշինության նախարարությանը, իսկ վերջիններս էլ պարտաճանաչորեն կրկնում են` ֆինանսներ չկան, գրապալատում ավելանում է փչացող գրքերի և տարատեսակ սնկերի քանակը: Ի դեպ, գրապալատում արդեն սկսել են զանազանել սնկերի տեսակները: Հիշեցնենք նաև, որ որոշ սնկեր /հատկապես` բորբոսասնկերը/ արտադրում են հակաբիոտիկներ և միկոտոքսիններ, որոնք վնասակար են մարդու առողջության համար:

 

Կարինե Հարությունյան