Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ին նոր՝ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել այս տարվա փետրվարին Լոռու մարզի Վահագնի գյուղում տեղի ունեցած` Նվեր Քոչինյանի աղմկահարույց սպանության գործի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ սպանության գործով ներկայումս կալանքի տակ է գտնվում Քոչինյանի մանկության ընկերն ու համագյուղացին՝ Արմեն Կախյանը: Նրա ընտանիքի ողբերգական պատությունը շատերին է հայտնի: Նրա ընտանիքի 7 անդամները, այդ թվում` Արմենի հայրն ու մանկահասակ երեխաները, սպանվել էին 2000-ին՝ վարձու մարդասպանի կողմից: Այս սպանությունը մինչ օրս բացահայտված չէ:
Այդ ժամանակ մամուլում գրվեց, որ սպանության ենթադրյալ պատվիրատուն հեղինակություն համարվող` «Ճաճոյի Էդո» մականունով Էդիկ Մարտիրոսյանն էր, ով էլ սպանվեց 2004-ին: Մարտիրոսյանի սպանության գործով այն ժամանակ կալանավորվեց Կախյանների ընտանիքի սպանդից փրկված Արմեն Կախյանը, որին, սակայն, ամիսներ անց ազատ արձակեցին, քանի որ որևէ ապացույց չկար, որը կփաստեր, որ նա է պատվիրել Էդիկ Մարտիրոսյանի սպանությունը:
Ինչևէ, մեկուկես տասնամյակ առաջ տեղի ունեցած սպանությունը հիշելու առիթ չէր լինի, եթե գործարար Արմեն Կախյանը չհայտնվեր իրավապահների ուշադրության կենտրոնում: Նշենք, որ ներկայումս Նվեր Քոչինյանի սպանության գործը քննվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Այս փուլում դատարանը հարցաքննում է գործով անցնող վկաներին: Դատարանում, սակայն, դեռևս ցուցմունք չի տվել այս գործով առանցքային նշանակություն ունեցող վկաներից մեկը՝ Բեգո Քոչինյանն, ով էլ եղել է դեպքի ականատեսը:
Համաձայն մեղադրական եզրակացության` Արմեն Կախյանն ապօրինի կերպով ձեռք բերած ատրճանակով 2016 թվականի փետրվարի 22-ին` ժամը 01-ի սահմաններում, Լոռու մարզի Վահագնի գյուղի 1-ին փողոցում, ՌԴ-ում փայտանյութ վաճառելու շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով, կենցաղային հողի վրա վիճաբանել է համագյուղացի Նվեր Քոչինյանի հետ, որի ժամանակ կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ 1 անգամ կրակել է գլխին և սպանել նրան: Բացի այդ` նրան է մեղսագրվում 2016 թվականի փետրվարի 22-ից մինչև հունիսի 25-ն ընկած ժամանակահատվածում չպարզված վայրով, առանց սահմանված փաստաթղթերի ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելը: Հիշեցնենք, որ Կախյանը հայտնաբերվել էր Վրաստանում այս տարվա հունիսի 25-ին, նրան ձերբակալել ու տեղափոխել էին Հայաստան:
Առաջադրված մեղադրանքում Արմեն Կախյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակի` միայն սպանություն կատարելու համար: Նա ցուցմունք է տվել և հայտնել, որ իրեն մեղավոր է ճանաչում միայն Նվեր Քոչինյանին սպանելու համար, նշել է նաև, որ չի հիշում, թե երբ է միայնակ անօրինական ճանապարհով գնացել Վրաստան:
Այս գործով հետաքրքրականը սպանության շարժառիթն է, որն ի սկզբանե սխալ է ներկայացված եղել: Yerkir.am-ի տեղեկություններով՝ Արմեն Կախյանը, մինչև սպանության դեպքը, զբաղվել է տարբեր բիզնեսներով, հիմնականում` Ռուսաստանի Դաշնությունից տարբեր տեսակի ապրանքների՝ ՀՀ ներմուծմամբ և դրանց վաճառքով:
Արմեն Կախյանն ու Նվեր Քոչինյանը եղել են մանկության ընկերներ, մինչև 2011 թվականի հունվարն ունեցել են ընկերական հարաբերություններ: Մանկության ընկերների հարաբերությունները սրվել են ՌԴ-ում՝ մի հարցի շուրջ ծագած վիճաբանությունից: Մեր տեղեկություններով՝ դեռևս 2010 թվականի վերջին Նվեր Քոչինյանը Արմեն Կախյանի առաջարկով մի քանի համագյուղացիների հետ մեկնել է ՌԴ՝ Կախյանին պատկանող փայտի մշակման արտադրամասում գործունեություն իրականացնելու և փայտի վաճառքով զբաղվելու: Կախյանի և Քոչինյանի հարաբերությունները սրվել են փայտանյութի վաճառքին վերաբերող հարցի շուրջ վիճաբանելու արդյունքում: Ուշագրավ է հատկապես 2011 թվականի հունվարի 7-ին` Կախյանի ծննդյան օրը, նրանց միջև ծագած վիճաբանությունը: Ականատեսների վկայությամբ՝ երբ նախկին ընկերները գինովցած են եղել, Քոչինյանը խմիչքի շշով հարվածել է Կախյանի գլխին, ինչից հետո Կախյանը ծեծի է ենթարկել նրան: Այդ դեպքից հետո կողմերն իրար հետ այլևս շփում չեն ունեցել:
Yerkir.am-ի հետ զրույցում Կախյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը կասկածի տակ դրեց նախաքննական մարմնի այն պնդումը, թե Քոչինյանին սպանելու առիթը տարիներ առաջ եղած վեճն է եղել: Ըստ նրա՝ Արմեն Կախյանը քինոտ անձնավորություն չէ և, եթե ցանկանար «պատժել» Քոչինյանին, դա կաներ 6 տարի առաջ: Ավելին` Հայաստանում գտնվելու ընթացում Կախյանը հավաքել է Քոչինյանի մտերիմներին և հայտնել, որ Քոչինյանի հետ ինքը գործ չունի:
Ճարոյանը նշեց, որ իր համար կարևորն իրականությունը բացահայտելն է, այսինքն` թե ո՞րն է եղել սպանության շարժառիթը, ինչպե՞ս է տեղի ունեցել դեպքը: Ըստ նրա՝ սպանությունը եղել է փետրվարի 22-ին տեղի ունեցած մի միջադեպի արդյունքում, ոչ թե 6 տարի վաղեմության դեպքը հիշելու:
Համաձայն քննության տվյալների` Արմեն Կախյանը վերջին անգամ ՌԴ է մեկնել 2016 թվականի փետրվարի 8-ին: Սակայն երբ իմացել է, որ որդին առողջական խնդիրներ ունի, վերադարձել է Վանաձոր: Փետրվարի 22-ին ընթրել է ընկերների հետ, երեք ընկերով մի շիշ օղի են խմել: Նույն օրը` ժամը 23.30-ի սահմաններում, մեկնել է հայրենի՝ Վահագնի գյուղը: Գյուղամիջյան ճանապարհին միմյանց են հանդիպել Նվեր Քոչինյանի ու Կախյանի մեքենաներն ու սկսել իրար վազանց կատարել: Նվեր Քոչինյանը Բեգոյից հետաքրքրվել է, թե ո՞ւմն է այդ մեքենան, սակայն Բեգոն, իմանալով նրանց թշնամական հարաբերությունների մասին, ասել է, թե իբր չգիտի: Տուն հասնելուն պես Բեգոն վիճաբանության ձայներ է լսել: Ըստ հիշյալ վկայի նախաքննական ցուցմունքի՝ Նվեր Քոչինյանը և Արմեն Կախյանը քաշքշել են միմյանց հագուստից, այնուհետև Արմեն Կախյանն ատրճանակով մեկ անգամ կրակել է Քոչինյանի գլխին: Ըստ գործի նյութերի՝ Բեգո Քոչինյանը մոտեցել է Նվեր Քոչինյանին, գրկել նրան, հասկանալով, որ վերջինս մահացել է, Արմեն Կախյանին ասել է. «Ի՞նչ արեցիր, սպանեցիր»: Դրանից հետո Արմեն Կախյանը նստել է իր ավտոմեքենան և Բեգո Քոչինյանին ասել. «Նստի՛ր ավտոն, քո հետ էլ խոսալու բան կա»: Ապա, արագ վարելով ավտոմեքենան, դեպքի վայրից դիմել է փախուստի: Ավտոմեքենան կայանել է Վահագնի համայնքի վարչական տարածքում գտնվող «Սերոժի աղբյուր» (Կախյանների հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ) կոչվող տեղանքում և հեռացել այնտեղից: Վարկած կա, որ Արմեն Կախյանը սպանություն կատարել է պահի ազդեցության տակ, վիճաբանության ընթացքում:
Կախյանն իր ցուցմունքում հայտնել է, թե չի հիշում` ինչպես է հայտնվել Վրաստանում: Սակայն, ըստ պաշտպանի, նա դա արել է` հավանաբար խուսափելով վենդետայից: Հիշենք, որ դեպքից որոշ ժամանակ անձ անհայտ անձինք այրել էին Կախյանների հայրենի տունը: Թեև որևէ հստակ փաստ չկա այն մասին, թե դա արել են Քոչինյանի մտերիմները, սակայն իրադարձությունների հաջորդականությունը վկայում էր սպասվելիք վրեժխնդրության մասին:
Արմեն Կախյանը ներկայումս կանգնած է պատասխանատվության առջև և ուզի, թե` ոչ, մնացած տարիների որոշ մասն անցկացնելու է կալանավայրում, եթե, իհարկե, դատաքննության ընթացքում անսպասելի զարգացումներ տեղի չունենան: Ամեն բան կախված է կարևորագույն վկայի՝ Բեգո Քոչինյանի ցուցմունքից:
Ինչևէ, այս տարիների ընթացքում տեղի ունեցած առեղծվածային սպանությունները Վահանգնիին «կրիմինալ» գյուղի որակում տվեցին: Միմյանց չհասկանալու, չնչին առիթից բորբոքվելու, նաև, ինչու ոչ, քինախնդրության արդյունքում խեղվեցին ճակատագրեր, իսկ վրեժխնդրության մոլուցքը հանգեցրեց համագյուղացիների միջև թշնամանքի:
Թագուհի Մելքոնյան