կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-09 11:50
Քաղաքական

Դիվանագիտական կորպուսը պետք է սկսի ավելի ակտիվ աշխատել. Կարեն Կարապետյան

Դիվանագիտական կորպուսը պետք է սկսի ավելի ակտիվ աշխատել. Կարեն Կարապետյան

Այսօր խորհրդարանում լսումներ են կազմակերպվել՝ «Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով, որին մասնակցում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ պատգամավորներ, բիզնես սեկտորի ներկայացուցիչներ, Հայաստանում միջազգային ընկերությունների ներկայացուցիչներ:

Լսումները նպատակ ունեն մեկտեղել կառավարության, խորհրդարանի, դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների, մասնավոր գործարար ոլորտի, փորձագետների մոտեցումները, քննարկել արտաքին քաղաքականության մեջ տնտեսական գործոնի արդյունավետ կիրառման հնարավորությունները:

Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա մասնավորապես նշեց, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը մշտապես ուղղված է եղել երկրի անվտանգության ապահովմանը, տնտեսական զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը, միջազգային կազմակերպություններում երկրի ինտեգրման ընդլայնմանը, համագործակցության վստահելի մթնոլորտի ձևավորմանը:

Վարչապետի խոսքով` Հայաստանի դիվանագիտական կորպուսն անհամեմատ ավելի մեծ ջանքեր պետք է գործադրի արտաքին քաղաքականության տնտեսական բացադրիչի ընդլայնման համար, քանի որ այն տնտեսության զարգացման հրամայականներից է:

«Հայաստանի դիվանագիտական կորպուսը պետք է գործուն միջոցառումներ իրականացնի Հայաստանի` որպես գործարարությամբ զբաղվելու և ներդրումներ իրականացնելու հուսալի գործընկերոջ իմիջի ձևավորման ուղղությամբ, տնտեսական համագործակցության ուղղությամբ»,- ասաց Կարեն Կարապետյանը՝ կարևորելով միջազգային ֆորումներում Հայաստանի ակտիվ մասնակցության հարցը, գործարարներին աջակցելու առաջնահերթությունը, Հայաստանում ներդրումներ կատարելու ուղղությամբ իրականացված ջանքերը:

«Տնտեսվարողների համար դիվանագիտական կորպուսը պետք է լինի հարթակ, որտեղ նրանց կաջակցեն ամենատարբեր հարցերով»,- նշեց վարչապետը` հավելելով, որ, արտաքին քաղաքական դաշտի տնտեսական բաղադրիչի ակտիվացման հետ կապված, Հայաստանը շատ անելիքներ ունի, քանի որ եղել են բացթողումներ: Ըստ նրա` թեև Հայաստանը փոքր շուկա ունի, բայց պետք է կարողանա իր տեղը գտնել, և դեսպանությունները պետք է ակտիվացնեն ջանքերը: