Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Արդեն արձանագրվել է 291 մահը, շուրջ 8000 մարդ վարակվել է, իսկ մոտ 3000 մարդ էլ բուժվել է, բայց իրավիճակը դեռ ճգնաժամային է, մասնավորապես Թեհրանում, Գիլանում, Մազանդարանում շատ է տարածվել»- Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հարևան Իրանում տարածված կորոնավիրուսին, ասաց իրանագետ Արմեն Իսրայելյանը:
Իրանագետը բացատրում է, որ վիրուսի տարածմանն ու մեծ ընդգրկումներին նպաստում է նաև երկրի բնակավայրերի մարդաշատ լինելը, որի հետևանքով, վիրուսի մեկ օջախը կարճ ժամկետներում բազմաթիվ մարդկանց է ընդգրկում:
«Մյուս քաղաքները, որոնք հյուսիսային շրջաններում են և բարենպաստ կլիմայի ազդեցության գոտում են գտնվում, դպրոցների և համալսարանների փակվելուց հետո, երբ այդ տարածքներ ճամփորդությունների թիվը շատացավ, նույնպես տարածվեց վիրուսը»:
Բանախոսը նշում է, որ, չնայած երկրի իշխանության հորդորներին ու կոչերին, մարդիկ չեն մնում տանը և շարունակում են ճանապարհորդել, որոնք ավելի են սրում առանց այն էլ սրված-լարված իրավիճակը. «Հիմա արդեն ճանապարհային ոստիկանությունն ստիպված թույլ չի տալիս, որ մարդիկ այցելեն այդ նահանգներ: Այս իմաստով՝ դեռևս վաղ է խոսել վարակի ընդհանուր կանխարգելման մասին: Այսօր ԻԻՀ առողջապահության ոլորտի ներկայացուցիչները նշում էին, որ դեռ մեկ շաբաթ էլ այդպես կարող է տարածվել, բայց հետո գուցե նվազում լինի»:
Իսրայելյանը տեղեկացնում է նաև, որ վիրուսի դեմ պայքարին, բացի Առողջապահության նախարարությունից, միացել է նաև Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ բանակի հետ սերտ կապված այն կառույցը, որի հրամանատարներից էր հունվարի սկզբին սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանին:
Yerkir.am-ը փորձեց ճշտել Իսրայելյանից՝ հայ-իրանական սահմանի փակումը կարո՞ղ է անդրադառնալ երկու երկրների հարաբերությունների վրա, թե՞ Իրանն ըմբռնումով է մոտենում իր հարևանի նախազգուշական մոտեցմանը: Մասնագետը նշեց, որ Հայաստանը նախապես իր հստակ դիրքորոշումը հայտնել է և նշել է այն գործողությունները, հստակ օրերով, թե ինչ է անելու, որը գործողությանն ինչ է հետևելու:
«Հայաստանն իր գործողություններով չի առանձնանում: Այս պահին Իրանի Իսլամական Հանրապետության բոլոր հարևան երկրները, կապված կորոնավիրուսի հետ, փակել են իրենց սահմանները: Իրանական ոչ մի պաշտոնյաի խոսքում, մամուլում ոչ մի հոդված ակնարկ անգամ չի եղել, թե ՀՀ-ն ինչու փակեց սահմանը: Այսինքն՝ դա ընկալվել է այնպես, ինչպես արվել է: Առավել ևս, որ Իրանում էլ մինչև վիրուսի տարածումը, Չինաստանի հետ կապի կանխարգելիչ միջոցներ են ձեռք առնվել, նույնիսկ դադարեցվել էր Չինաստանի հետ օդային կապը: Այսինքն՝ ԻԻՀ-ը նույնպես կանխարգելիչ միջոցներ է ձեռք առել, դա համաշխարհային նշանակության հարց է, եւ այդ հարցը կարծում եմ քաղաքականացնելու որևէ առիթ չկա», - նշեց նա:
Հասարակության որոշ շերտերի մոտ կասկած է առաջացնում այն հանգամանքը, որ Իրանի հետ սահմանը փակ է, բայց մյուս վարակակիր երկրների, օրինակ Իտալիայի, հետ բաց: Ոմանք այդ ամենը նույնիսկ կապում են «Բոլթոնի առաջարկի» հետ: Իսրայելյանը չցանկացավ մեկնաբանել այդ ամենը՝ հիմնավորելով, որ դրանք զուտ ասեկոսեներ են, ոչ ավելին:
«Դրանք սովորական ենթադրություններ են, որոնց շուրջ ես չեմ կարող տեսակետ հայտնել: Հայաստանի Հանրապետությունն իր դիրքորոշումը հայտնել է, կարող են տարբեր տեսակետներ ու կարծիքներ հնչել, բայց ես չեմ կարծում, որ այդ իրողությունը պետք է կապել որևէ բանի հետ, ես վերևում նշեցի, որ բացի ՀՀ-ին, փակ են Ադրբեջանի, Թուրքիայի, Աֆղանստանի, Իրաքի հետ սահմանները, այսինքն այն երկրները, որոնք ԻԻՀ-ի թիվ մեկ առևտրային գործընկերներն են, որոնց հետ այդ պետությունը միլիարդավոր դոլարների առևտրային շրջանառություն ունի»,- փաստեց իրանագետը:
Բանախոսի համար զարմանալի է նաև այն, թե ինչո՞ւ են Հայաստանում խոսում այնպիսի բաների մասին, որոնք հակասում են մեր ազգային շահերին. «Մենք ինչու՞ ենք մեզ համար խնդիրներ ստեղծում, և դաշտ նետում այնպիսի մտահոգություն, որն Իրանում առհասարակ չի քննարկվում, ինձ համար դա անհասկանալի է: Հայաստանն իր գործողություններով չի առանձնանում, սահմանի փակումը կապել քաղաքական գործընթացների հետ, առաջին հերթին չի բխում հենց մեր պետության շահերից»,- եզրափակեց Արմեն Իսրայելյանը:
Գևորգ Գյուլումյան