կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-05 13:48
Քաղաքական

Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ունեն նորմալ մարդկային հարաբերություններ. Նաիրա Զոհրաբյան

Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ունեն նորմալ մարդկային հարաբերություններ. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ Գագիկ Ծառուկյանը առաջիկա քաղաքական գործընթացներին մասնակցելու է, բայց թե ի՞նչ ձևաչափով, կարճ ժամանակում պարզ կլինի:

Զոհրաբյանն անդրադարձավ սոցիալական ցանցերի հրապարակումներին: Ըստ նրա՝ շաբաթ օրվանից հետո ոչ իշխանական ուժերը դեղատներում առկա ամբողջ վալերիանկայի, կորվալոլի և ինսուլինի պաշարները սպառել են:

«Ոչ իշխանական դաշտում գործող քաղաքական բոլոր ուժերի պլանները խառնվել են, որովհետև մարդիկ լեյտենանտ Շմիդտի որդիների նման խորհրդարանը բաժանել էին իրենց միջև, և Ծառուկյանի վերադարձը ակտիվ քաղաքականություն բոլորի սցենարները խառնել է»,- ասաց նա, ապա հավելեց. «Քաղաքական շաքարախտը շատերի մոտ բարձրացել է: Ես հասկանում եմ, որ ինսուլին արդեն չկա խանութներում, բայց մեկ բան կա` ես նայում եմ այդ անորակ, ցածրորակ գրառումները… Չարությունը, կեղտը, ատելությունը բումերանգի նման վերադառնալու է նրանց: Ծառուկյանի` ակտիվ քաղաքականություն վերադառնալով` բոլոր ոչ իշխանական քաղաքական ուժերի սցենարները խառնվել են, և դա փաստ է»:

Զոհրաբյանը նշեց նաև, որ իրենց ցանկությունն այն է, որ Գագիկ Ծառուկյանը գլխավորի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, բայց դա պետք է նրա որոշելիքը լինի: Նա նաև հերքեց այն խոսակցությունները, թե Ծառուկյանի` ակտիվ քաղաքականություն վերադառնալը Սերժ Սարգսյանի հետ է պայմանավորեցված:

«Բացարձակ ապատեղեկատվություն է: Յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է որոշում իր մասնակցությունն այս կամ այն քաղաքական գործընթացներին: Առաջիկայում Գագիկ Ծառուկյանը հրապարակային կտեղեկացնի իր՝ առաջիկա քաղաքական գործընթացների ձևի վերաբերյալ»,- ընդգծեց պատգամավորը:

Զոհրաբյանի խոսքով` Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ունեն նորմալ մարդկային հարաբերություններ, և ինքը կոռեկտ չի համարում քննարկել և վերլուծել` մարդկային հարաբերություններում ինչ են քննարկում երկու մարդիկ: «Ասում եք՝ համաձայնեցված է Սերժ Սարգսյանի հետ, ասում եմ` ոչ: Իսկ մարդկային հարաբերություններում ի՞նչ են քննարկում երկու մարդիկ, որ ունեն մարդկային, նորմալ հարաբերություններ, ես կարծում եմ, որ ո'չ իմ, ո'չ էլ ձեր գործն է»,- ասաց ԲՀԿ-ականը:

Զոհրաբյանը պնդեց, որ Ծառուկյանը քաղաքականություն է վերադառնալու իբրև ընդդիմադիր:

«Միանշանակ, որպես ընդդիմադիր է վերադառնալու: «Բարգավաճ Հայաստանը» իր քաղաքական կուրսը չի փոխել և չի պատրաստվում փոխել: Մենք իշխանություն չենք, բնականաբար, մինչև խորհրդարանական ընտրությունները գործելու ենք այն դաշտում, որ դաշտում գործում ենք»,- ասաց նա:

Խոսելով խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ի մասնակցելու ձևաչափի մասին` Զոհրաբյանն ասաց. «Այս պահին մենք որևէ քաղաքական ուժի հետ միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու հարց չենք քննարկում: Մենք պատաստ ենք ավելին` կոչ ենք անում ոչ իշխանական քաղաքական այն բոլոր ուժերին, որոնց նպատակն ազատ և արդար ընտրությունն է, միավորվել և միասնաբար պայքարել ազատ և արդար ընտրությունների համար: Միավորվել ընտրատեղամասերում՝ ընտրողի քվեն պաշտպանելու համար: Այլ դաշինքային ֆորմատ  այս պահին ԲՀԿ-ն որևէ քաղաքական ուժի հետ չի քննարկում»: