կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-13 13:47
Քաղաքական

Դրսում նորմալ հարաբերություններ ունենք, բայց քաղաքականության մեջ... ավագանու նիստը կրկին չկայացավ

Դրսում նորմալ հարաբերություններ ունենք, բայց քաղաքականության մեջ... ավագանու նիստը կրկին չկայացավ

Վանաձորի ավագանու նիստն այսօր՝ դեկտեմբերի 13-ին, կրկին չի կայացել: Yerkir.am-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետ, ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը տեղեկացրեց, որ նիստին ներկա է եղել ավագանու միայն 15 անդամ` 13-ը՝ ՀՀԿ-ից, 2-ը՝ ՀՅԴ-ից: Ասլանյանը նշեց, որ ավագանու նիստում մեկ օրակարգային հարց էր. Վանաձորի Ուկրշին տնակային ավանում նախօրեին բռնկված հրդեհի հետևանքով 5 ընտանիքի՝ առանց տանիքի մնալու հարցը:

«Կանխատեսելով սա՝ զուգահեռ հանգանակություն եմ կազմակերպել, քաղաքական տարբեր ուժեր ևս միացել են հանգանակությանը»,- նշեց նա: 

Գործընկերների՝ ավագանու նիստերին չներկայանալուն Ասլանյանն ունի իր մեկնաբանությունը.  «Մարդիկ քաղաքականություն են խաղում՝ մի կողմ թողած Վանաձոր քաղաքի ապագան: Դրսում նորմալ հարաբերություններ ունենք, բայց քաղաքականության մեջ` տեսնում եք»:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» քաղաքական ուժերից կազմված դաշինքից 4 հոգի Վանաձորի ավագանիում քաղաքապետի ընտրության ժամանակ քվեարկել էր Մամիկոն Ասլանյանի օգտին, ինչի շնորհիվ էլ ընդամենը 15 մանդատի արժանացած քաղաքապետը կարողացել էր հաղթել 18 մանդատ ունեցող դաշինքին:

Քաղաքապետ ընտրվելուց հետո Մամիկոն Ասլանյանին այդպես էլ չի հաջողվում ավագանու նիստ գումարել, քանի որ ընդդիմադիր գործընկերները բոյկոտում են: