կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-02 13:05
Հասարակություն

«Ինձ համար գերակա է երեխաների դժգոհությունը». «Փոքր Մհեր»-ի տնօրենի հարցն այսօր կքննարկվի

«Ինձ համար գերակա է երեխաների դժգոհությունը». «Փոքր Մհեր»-ի տնօրենի հարցն այսօր կքննարկվի

Տեղեկացրել էինք, որ «Փոքր Մհեր» կրթահամալիրում կրքերը լարված են. 72 աշակերտ նորանշանակ տնօրենի` աշխատանքից ազատումն է պահանջում: Պատճառը, ըստ աշակերտների, տնօրենի կոպիտ խոսքերն են, որոնք վիրավորում են նրանց արժանապատվությունն ու ինքնասիրությունը:

Այսօր ԿԳՆ-ում կրթահամալիրի խորհրդի արտահերթ նիստ կանցկացվի, կքննարկեն երեխաների բողոքը:

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նիստին ներկա կլինի նաև ՄԻՊ ներկայացուցիչը: Ըստ նախարարի` այն, ինչ տեղի է ունենում «Փոքր Մհեր»-ում, շատ մտահոգիչ է, քանի որ 100 երեխա չի կարող անհիմն դժգոհել:

«Երբ 100 հոգի նույն բանի մասին են խոսում, ուրեմն խորհուրդը պետք է մտածի, պետք է լուծումներ առաջարկի: Ինձ համար գերակա է երեխաների դժգոհությունը, քանի որ ես գիտեմ` ինչ է նշանակում կազմակերպել, թայֆաներ կազմել. անցել ենք այդ ճանապարհը: Բայց հնարավոր չէ, որ բոլորը կազմակերպված մի բան ասեն: Խնդիրներ կան, որ պետք է բաց քննարկենք. 2010-ից մինչ այսօր 5-6 տնօրեն է փոխվել այդ կառույցում, ուրեմն ինչ-որ բան այդ հաստատության մեջ ճիշտ չէ»,- ասաց Մկրտչյանը:

Նախարարը նշեց նաև, որ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ այնտեղ հիմնականում սոցիալապես անապահով շերտերի երեխաներն են, և պետք է ավելի ուշադիր լինել, ավելի նուրբ վերաբերվել նրանց հետ: «Հատկապես, երբ ասում ենք, որ մեր ուժն ու ապագան մեր բանակի մեջ է, ուրեմն այս երեխաների նկատմամբ պետք է ավելի զգույշ լինենք: «Փոքր Մհերը» բավականին մեծ արժեք է մեր կրթական համակարգում»,- նշեց Մկրտչյանը: