Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քանի որ տեղյակ եմ այդ հարցին շատ տարիներ, ես ինձ նույնիսկ թույլ կտայի ենթադրել, որ հայագիտական առարկաները ոչ պարտադիր դարձնելու նախաձեռնությունը բուհերից է եկել. Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Ժողովրդական երաժշտության բաժնի ղեկավար, «Գեղարդ» երգեցիկ խմբի գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանը։
«Ես ինքս եղել եմ բուհի ղեկավար պաշտոններից մեկը զբաղեցնող մարդ և, տարօրինակ կերպով, ինքս պայքարել եմ դրա դեմ, որովհետև ներքևներից եկող տենդենցը՝ ժամ տնտեսելու, ժամի դիմաց գումար տնտեսելու և այլնի միտումները սովորական են մեզանում»,- ասաց նա։
Բոլոր բուհերի մասին, իհարկե, այս կարծիքին չէ Մհեր Նավոյանը, բայց ասաց, որ շատ բուհերում ժամի դիմաց գումար տնտեսում են հենց հայոց լեզու, հայոց պատմություն, հայ գրականություն առարկաների հաշվին. «Օգտապաշտական մոտեցումը մեր բուհերում, տնտեսական շահի գերակայությունը մեր բուհերում հիմնական առաջնորդող նպատակներից է»։
Այս մոտեցման անթույլատրելիության տարբեր փաստարկներին նույնիսկ չանդրադառնալով՝ որ բուհական համակարգում այդ առարկաներն ուրիշ կերպ են մատուցվում, դպրոցն ուրիշ դեր է կատարում, և եթե նույնիսկ դպրոցը պետք է դա աներ, դեռ չի արել, ուրեմն այնտեղ վերջացնենք, հետո նոր այստեղ հարցերը լուծենք, Մհեր Նավոյանը հարցը մեկ այլ տեսանկյունից հիմնավորեց. «Ամբողջ խնդիրն այն է, որ հայոց լեզուն, բացի ինքնութենական հարցից, գրագետ մարդու բնութագիր է։ Ես գոնե տարիներ շարունակ մեր գիտական խորհրդում այդ հարցն եմ դրել. դիցուք, դպրոցը չի լուծել իր առջև դրված խնդիրը, այդուհանդերձ, մարդուն բարձրագույն որակավորում մենք ենք տալիս՝ բուհն է տալիս, բուհն է ատեստավորում նրան, և, փաստորեն, բարձրագույն կրթության որակավորում տալիս ենք մի մարդու, որը, ցավոք (ոչ բոլոր դեպքերում, իհարկե), կարող է նույնիսկ տառասխալներով գրել։ Ուրեմն՝ այս հարցն ո՞վ պիտի լուծի»,- ասաց նա։
Մհեր Նավոյանի համոզմամբ՝ բուհերի աշխատողների առջև կարող են հանգիստ խնդիր հարուցել, քանի որ ատեստավորման վերջին օղակը բուհն է եղել. «Ինչպե՞ս ենք իրավունք վերապահել մեզ՝ անգրագետ մարդուն բարձրագույն որակավորում տալու։ Այսպիսի հարց կարող է առաջանալ՝ շատ կենցաղային»։
Ուրեմն, նրա խոսքով, քանի դեռ նշված հարցերը լուծված չեն, հայագիտական առարկաներին ձեռք տալ չի կարելի։
Աննա Բալյան
Առավել մանրամասն՝ տեսանյութում․